Բաժիններ՝

Երևանի ՋԷԿ-ի 30 մլն դոլար վարկը կազդի՞ էլեկտրաէներգիայի սակագնի վրա

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ապրիլի 19-ի նիստի օրակարգում ներառված է «Երևան ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲ ընկերության «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» ծրագրի շրջանակում իրականացվող ներդրումների մասին հարցը։

Ըստ այդմ՝ «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» ծրագրի իրականացմանն ուղղված ներդրումային ծրագրի շրջանակում ներգրավված միջոցների` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից 30 միլիոն 205 հազար 514 ԱՄՆ դոլար գումարի չափով տրամադրված վարկի և ՀՀ պետական բյուջեից «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲ ընկերությանը հնարավոր համաֆինանսավորվող գումարների վերադարձը կապահովվի էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության սակագնի հաշվարկում դրանց սպասարկման և մարման ծախսերը ներառելու միջոցով:

Արդյոք սա հետագայում կազդի՞ ՀՀ սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագնի վրա, հետաքրքրվեցինք «Հասարակական պաշտպանների միություն» ԻԱՄ նախագահ Արամ Գրիգորյանից։

«Դա ենթադրում է, որ Երևանի ՋԷԿ-ից ցանց եկող մարժայի մեջ է փոփոխություն լինելու։ Սպառողների վրա, չեմ կարծում, որ հիմա ազդեցություն կունենա։ Հետագայում, երբ սակագինը վերանայեն, գուցե, բայց մի խնդիր կա այստեղ»,- ասաց Ա.Գրիգորյանը։

Նա նշեց, որ պահանջել է պայմանագիրը, բայց ո՛չ Երևանի ՋԷԿ-ը, ո՛չ ՀԾԿՀ-ն չեն տրամադրել այն։

«Մեր տեղեկությունների համաձայն՝ Երևանի ՋԷԿ-ի արտադրած ողջ էլեկտրաէներգիան առաքվում է Իրան։ Այսինքն՝ ՀՀ սպառողներին չի վաճառվում։ Եվ սպառողների համար սակագինն ուսումնասիրելիս երևում է, որ Երևանի ՋԷԿ-ից դեպի ցանց առաքում կամ գնում նույնպես չկա։ Այնպես որ, այդ սակագինը սպառողների վրա ապագայում էլ, եթե ամեն ինչ այսպես մնա, պետք է որ ազդեցություն չթողնի։ Բայց մենք ունենք Հայաստան, ունենք ՀԾԿՀ։ Ի՞նչ իմանանք՝ ինչ կլինի»,- նշեց Ա.Գրիգորյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս