Երկնագույն վառելիքի իրա(նա)կան խճանկարը Հարավային Կովկասում
Նախորդ տարվա ընթացքում մեր տարածաշրջանում իրադաձությունները հաջորդեցին միմյանց սրընթաց արագությամբ, և դրանցից մի քանիսը հատկանշվում էին Հարավային Կովկասում ներկա աշխարհաքաղաքական շահերի բախմամբ, ինչպես նաև՝ տարածաշրջանային հին դերակատարների աշխուժացմամբ։ Նոր դերակատար ասելով՝ նկատի ունենք Իրանի Իսլամական Հանրապետությունը, որի նկատմամբ պատժամիջոցների թուլացումը նոր հնարավորություններ հանդես բերելու հեռանկար ստեղծեց: Մի տերության, որը պատրաստ է, այսպես ասած, «բացվելու» աշխարհի առաջ, իհարկե, նաև դիվանագիտական խողովակներով մաս կազմելու տեղի ունեցող աշխարհաքաղաքական շահերի դարակազմիկ փոփոխություններին:
Երկար տարիներ լինելով մեկուսացման մեջ և ստանալով ընձեռված այսպիսի հնարավորություն` Իրանը փորձում է հնարավորինս մեծ օգուտ քաղել ստեղծված իրավիճակից և ջանքեր է գործադրում նոր որակի հարաբերություններ ստեղծել իր հարևան երկրների հետ:
2016 թվականի հենց սկզբից Իրանը սկսեց հանդես գալ իր օգտակար հանածոներից, թերևս, ամենամեծաքանակի` գազի արտահանման հարցերի լուծման հանձնառությամբ: Անխոս, ունենալով սեփական շահեր՝ Իրանը համագործակցության հայտ ներկայացրեց Հարավային Կովկասի երկրներին, որոնք, աներկբա, կշահեն որակապես նոր Իրանի հետ համագործակցելուց: Եթե վերլուծենք մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական դիրքը (այնտեղ իրենց քաղաքականության հետևանքով դիվիդենտներ որսացող Ռուսաստանի, Թուրքիայի, ԵՄ և ԱՄՆ-ի շահերը), ապա Իրանի ակտիվացումը տարածաշրջանում ոչ այլ ինչ է, քան ներկա քաղաքական և տնտեսական ստատուս-քվոյի փոփոխում, Թուրքիայի հետ շահերի բախման մի նոր ճակատի բացում և անխուսափելի առճակատում, քանզի թուրքական Բարձր դռնից ոչնչով չտարբերվող Էրդողանի կլանը Հարավային Կովկասը դիտում է նեոօսմանական արեալ` թիկունքում ունենալով Ադրբեջանին:
Ինչևէ, տարածաշրջանային հիմնական արդի գլուխկոտրուկ է դարձել իրանական գազը, քանի որ Հարավային Կովկասում երկրների միջև փոխհարաբերություններն այդքան էլ հարթ չեն և առկա են մի շարք կնճռոտ տարաձայնություններ:
Իրանական գազի արտահանման համար իրանցիները մեծ կարևորություն են տալիս տարանցիկ ուղու ապահովությանը, չնայած ինքնին այդ հանգամանքը ծածկված է թանձր վարագույրի շղարշի տակ: Այդ վարագույրի բացվելուն մենք ականատես եղանք, երբ իրանական կողմը Հայաստանին գազային տարանցիկ երկրի գործառույթներ առաջարկեց: Անտարակույս, յուրաքանչյուր ոք կփաստի, որ իրանական գազը կարող է արտահանվել նաև Թուրքիայի և Ադրբեջանի տարածքով, սակայն իրանական կողմը դեմ չէ այն իրականացնել ՀՀ տարածքով։
Նախ՝ մեր երկրների միջև գոյություն ունի 2007թ․ շահագործման հանձնված Իրան-Հայաստան գազամուղը, որը, ըստ պաշտոնական տվյալների, 1400-ի փոխարեն կառուցվել է 700 միլիմետր տրամագծով: Այս ամենը, ըստ ոչ պաշտոնական լուրերի, կատարվել է ռուսական «Գազպրոմի» գործուն «աջակցությամբ»: Անցյալ տարվա նոյեմբերին ՀՀ պատվիրակությունը մեկնել էր Թեհրան, որտեղ ստորագրվել էր հուշագիր՝ գազի տարանցման, առք ու վաճառքի մասին:
Այս ամենն ինքնին փորձություն է Հայաստանի համար, քանի որ հայտնի է հայկական կողմի դիրքորոշումը Ռուսաստանի հետ հարաբերությունների մասով: Այս ամենի հարթության վրա եռանդուն բանակցություններ էին տարվում Իրան-Վրաստան և Վրաստան-Ռուսաստան միջկառավարական ձևաչափով Վրաստան գազ արտահանելու նպատակով: Իհարկե, Հայաստանի իշխանությունները չունենալով զգալի ռեսուրսներ՝ միջամտելու համար տարվող բանակցություններին, ստիպված էին դիտորդի կարգավիճակով սպասել իրադարձությունների զարգացմանը: Հայկական կողմը փորձում է քառակողմ ձևաչափով ստեղծել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան համագործակցություն, որի առկայությունը Հայաստանին կբերի տնտեսական նոր ներդրումների հոսք, կմեղմի թուրք-ադրբեջանական շրջափակումը, ինչպես նաև ավելի հավասարակշռված բնույթ կստեղծի հայ-վրացական հարաբերություններում:
Հայկական մամուլը, քաղաքագետները և վերլուծաբանները դիտարկում են առկա ստեղծված իրավիճակը և արձանագրում են նոր միտումների դրական ազդեցությունը տարածաշրջանում և, մասնավորապես, Հայաստանի տնտեսության աշխուժացման ու նոր ներդրումների հոսքի ներուժի բարձրացման հնարավորությունները:
Այժմյան համագործակցությունը` գազ-էլեկտրաէներգիա փոխանակումը (1խմ գազի համար մենք Իրանին մատակարարում ենք 3 կվտ էլեկտրաէներգիա) ունի հավելյալ ներուժ: Գազատարի ամբողջական շահագործման դեպքում կարող է արտահանվել մինչև 2 միլիարդ խմ գազ, որը կազմում է Հայաստանի մեկ տարվա սպառած գազի ծավալը: Վրացական մամուլում առկա է այն տրամադրությունը, որ միանշանակ վրացական շուկա կթափանցի մի նոր դերակատար, որը կարող է մեղմել ադրբեջանական SOCAR ընկերության ազդեցությունը, քանի որ վրացական գազի 90%-ը ներմուծվում է Ադրբեջանից:
Վերջինս հստակ ազդակներ է ուղարկում և հասկացնում` «հարգելի բարեկամներ, մեր գազային կազմակերպությունն առաջին խոշոր հարկ վճարողներից է, և չէինք ցանկանա այլ տրամադրություններ առկա տնտեսական և առևտրային հարաբերություններում»:
Վրաց քաղաքագետներից Սանդրո Թվալճրլիձեն «Ռեզոնանս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշելով Հայաստանի դերն այս գործարքում և անդրադառնալով թուրք-հայկական հարաբերություններին՝ եզրակացնում է. «Հայաստանն ունի լարված հարաբերություններ Թուրքիայի հետ, բայց լավ են ռուս-հայկական հարաբերությունները, և հիանալի կլիներ տարածաշրջանային ամբողջական հարաբերություններ կառուցել»:
Վերջերս հայկական մամուլում տարածվեց տեղեկություն, ըստ որի՝ Հայաստանի տարածքով Վրաստան արտահանվել է 6 միլիոն ԱՄՆ դոլարի գազ: Այս արտահանումը, հուսանք, հեռու գնացող ծրագրերից մեկը կլինի, քանզի այդ համագործակցությունը միանշանակ լուծում է մի շարք հարցեր։ Նախ՝ նպաստում է իրանական գազի արտահանմանը տարածաշրջան, ինչո՞ւ ոչ, նաև հետագայում՝ Եվրոպա: Ապա՝ Հայաստանը ճեղքում է թուրք-ադրբեջանական շրջափակումը, դառնում է կարևոր տարանցիկ երկիր: Վրաստանի մասով նշեմ, որ այն կմեղմի օրըստօրե մեծացող թուրք-ադրբեջանական ներդրումներից առաջացած վակուումը, և Վրաստանը, բանակցելով թե՛ ռուսական, թե՛ իրանական կողմի հետ, կավելացնի երկրի տարանցման ուղիների ապահովությունը։ Իրանը գնում է Հարավային Կովկասում իր դերի բարձրացման քայլերն ամրապնդելու ուղով:
Բաբկեն Ղազարյան
Հ.Գ. Վերջերս մամուլում տարածվեց նաև Թուրքմենստանից դեպի Հայաստան գազ արտահանելու մասին լուրը, հետևաբար՝ կառաջանա ևս մեկ եռակողմ համագործակցություն՝ Թուրքմենստան-Իրան-Հայաստան ձևաչափով: Այս ձևաչափով համագործակցության մասին լուրերն արդեն իսկ հիստերիա են առաջացրել Բաքվում:
Անդրադառնալով ռուս-վրացական բանակցություններին՝ նշեմ, որ վրացական կողմին «Գազպրոմ» ՓԲԸ-ն Հայաստան արտահանվող գազի 10%-ի փոխարեն՝ արդեն վճարում է կանխիկ գումարով, որն ամենևին դուր չի եկել վրաց քաղաքական գործիչների մի ստվար զանգվածի: Հայաստանի համար մասնակցությունը տարածաշրջանային խոշոր նախագծերին՝ կենսական անհրաժեշտություն է։
Մինչև արցախյան հիմնախնդրի լուծումը՝ հնարավոր է՝ այսպիսի հնարավորություն այլևս չընձեռվի, և յուրաքանչյուր կառավարություն, անկախ իր քաղաքական դիրքորոշումից, պետք է գիտակցի, որ նմանատիպ նախագծերը, բարձրացնելով մեր անվտանգությունը, նաև նպաստելու են՝ որպես անկախ պետության, մեր երկրի վարկանիշի աճին: