
«Ներկայացրեք թե’ մատակարարողի, թե’ սպառողի համար առավել փոխշահավետ լուծման տարբերակներ». Վարչապետ

Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց չգազաֆիկացված տարածքների ջեռուցման վերաբերյալ: Ըստ նրա` բազմիցս նշվել է, որ Հայաստանում գազաֆիկացման մակարդակը 94-96% է, ինչն աննախադեպ բարձր է, քան կամայական այլ երկրում, որը չունի ներքին էներգառեսուրսներ:
Կ.Կարապետյանը նշեց, որ միաժամանակ չգազաֆիկացված բնակավայրերում առկա են ջեռուցման և այլ կենցաղային խնդիրներ: Նա մարզպետներին հանձնարարեց համապատասխան համայնքների ղեկավարների հետ միասին մեկամսյա ժամկետում կառավարություն ներկայացնել գազաֆիկացման խնդիրը լուծող բոլոր տարածքների հետ կապված ամփոփ տեղեկատվություն:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների ու տարածքների կառավարման և զարգացման նախարարներին Կ.Կարապետյանը հանձնարարեց հաշվարկել համապատասխան վայրերում գազաֆիկացման ծախսերը «Գազպրոմ Արմենիայի» հետ: Նրա խոսքով` պետք է քննարկել նաև արևային մարտկոցների և այլ ուղիներով ջեռուցման հնարավորությունները և ներկայացնել թե՛ մատակարարողի, թե՛ սպառողի համար առավել փոխշահավետ լուծման տարբերակներ:
Կ.Կարապետյանի խոսքով` չգազաֆիկացված տարածքները քիչ հավանական է, որ գազիֆիկացնելը տրամաբանական կլինի. «Եթե տրամաբանական լիներ, վաղուց արված կլիներ. «Յուրաքանչյուր համայնքի վերաբերյալ իրենց ջեռուցման ու կենցաղային պայմաններն ապահովելու համար պետք է հաշվարկել բոլոր հնարավոր տարբերակները, դրանցից ընտրել լավագույնները»: