Հայաստանը՝ երկու քննությունների շեմին
Հայաստանը Եվրամիության հետ մայիս ամսին ծրագրում է ստորագրել Նոր շրջանակային համաձայնագիրը։ Մինչ այդ Հայաստանը կանգնած է մեկ այլ կարեւոր իրադարձության՝ խորհրդարանական ընտրությունների շեմին։ «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ սրանք երկու քննություններ են, որոնք Հայաստանը կհանձնի, կամ քննություններից կկտրվի եկող երկու ամիսների ընթացքում։
Եվրոպական Միությունը սպասում է, որ Հայաստանում ապրիլյան ընտրությունները կլինեն ազատ ու արդար։ Եվ հավանաբար այդ պատճառով է նաեւ, որ Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագիրը ստորագրելու համար ընտրվել է մայիսը։
Քարնեգիի հաստատության ավագ վերլուծաբան Փոլ Ստրոնսկիի կարծիքով,՝՝Ամսաթիվն ընտրվել է գուցե մտածված կերպով, նախ գնահատելու համար ժողովրդավարության ճանապարհին Հայաստանի կողմից իրականացվելիք քայլերը՛՛։
Նա ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի քաղաքական բեմահարթակում փոփոխություններ չկան եւ արդեն 10-15 տարի «նույն ձայներն են լսվում»։ Նա նշում է նաեւ, որ եվրոպացիները, մեծ տեղ տալով ազատ ընտրություններին, հիշում են կառավարության կողմից իրենց ձայնը լսելու պահանջով երեւանյան բողոքի ցույցերը։
Սակայն Եվրամիության հետ նոր շրջանակային համաձայնագիրը, եթե այն ստորագրվի մայիսին, տարբերվելու է 2013 թվականին առաջարկված Ասոցացման համաձայնագրից։
«Լավ է, որ Եվրամիությունը հույսը չի կտրել Հայաստանից»,- ասում է Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ավագ վերլուծաբան Ուեյն Մերրին։
«Սակայն այս համաձայնագիրը շատ ավելի թույլ է լինելու, քան Ասոցացման համաձայնագիրը։ Հայաստանը կատարել է ռազմավարական վճռական ընտրություն։ Այն որոշել է հրաժարվել Ռուսաստանի հետ միայն անվտանգության, Եվրամիության հետ՝ արմատական տնտեսական կապեր ունենալու նախկին դիրքից ու որոշել է հավատարիմ մնալ Ռուսաստանի հետ տնտեսական կապերին»,- ասում է նա։
Այս առումով, ավելացնում է նա, Հայաստանի տնտեսության արմատական ուղղվածությունը տեսանելի ապագայում ավելի հակված է լինելու դեպի Եվրասիական տնտեսական համագործակցությունն ու Ռուսաստանը, քան՝ դեպի Եվրոպան։
Սակայն Հայաստանի նկատմամբ Եվրոպայում առկա է բարի կամքը, գրում է Եվրոպական Միությանը պատկանող Commonspace.eu ինտերնետային կայքը ու նշում, որ հիմա էլ եվրոպական երկրների հետ Հայաստանի հարաբերությունները գերազանց են։
Հայաստանը ցույց է տալիս, որ ունի բազմակի գործընկերների կարիք՝ չնայած Ռուսաստանի հետ սերտ կապերը պահպանելու հանգամանքին։
«Իսկ դա գովելի է, քանի որ Եվրոպական Միությունը Հայաստանի առեւտրային թիվ մեկ գործընկերն է։ Բայց Եվրոպայի հետ այդ կապերը պիտի զարգանան այնքան զգույշ, որ Ռուսաստանին չափից շատ չվիրավորեն»,- ասում է Փոլ Ստրոնսկին։
Ռուսաստանում որոշ շրջանակներ, այդ թվում Պետդումայում նախկին խորհրդային հանրապետությունների հետ հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն ասում են, թե Ռուսաստանը դեմ չէ Եվրամիության ու Հայաստանի միջեւ նոր համաձայնագրի ստորագրմանը, եթե այն չի վնասում Եվրասիական տնտեսական միության նկատմամբ Հայաստանի պարտավորությունները։
Սակայն, ասում է նա, պետք է տեսնել Մոլդովայի օրինակը, որը նրա խոսքերով, Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հետո կորցրել է իր Համախառն ներքին արտադրանքի մեկ երրորդը։
Քարնեգիի հաստատության ավագ վերլուծաբան Ստրոնսկիի խոսքերով, նույնը տեղի է ունենում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո առաջին ժամանակաշրջանում։ «Իսկ Կալաշնիկովը,- ասում է նա,- լինելով քաղաքական լուրջ դեմք, ամենակարեւոր դեմքը չէ Ռուսաստանում: Խոսքը միայն այս կամ միայն մյուս կազմակերպության հետ համագործակցելու մասին չէ։ Դա էր երեք տարի առաջ թույլ տրված ամենամեծ սխալը»։
Նման սխալի արդյունքում էր, ասում է նա, որ Ուկրաինայում սկսվեցին հայտնի դեպքերը։
Այսօր Եվրամիությունն ու Հայաստանն ավելի զգույշ են, Եվրասիական տնտեսական համագործակցությանն ու Ռուսաստանին ինչ-որ կերպ չվնասելու համար։