«Մենք արդեն պատրաստ ենք որոշակի պաշտոններում տեսնել կանանց». հոգեբան

Կին և տղամարդ պատգամավորության թեկնածուների իրավահավասարության խնդրի, ինչպես նաև` կին պատգամավորների նկատմամբ հասարակության վերաբերմունքի մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարկանշային ցուցակով Մալաթիա, Շենգավիթ համայնքներում պատգամավորի թեկնածու առաջադրված Անահիտ Բախշյանը, «Հայկական Վերածնունդ» կուսակցությունից վարկանշային ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Մարիաննա Ֆրունջյանը և հոգեբան Լաուրա Պետրոսյանը:

«Ես տղամարդկանց ինձ ընդհանրապես մրցակից չեմ համարում, որովհետև մենք այնքան տարբեր ընտրազանգվածի հետ ենք աշխատում, որ իրենք չեն կարող իմ ընտրազանգվածի վրա ազդել: Ես չեմ զգում այդ մրցակցությունը, ես ինձ համար հանգիստ աշխատում եմ, ոչ ոք ինձ չի խոչընդոտում ու չի էլ կարող խոչընդոտել»,- ասաց Անահիտ Բախշյանը:

Մարիաննա Ֆրունջյանը տղամարդ պատգամավորներին ևս իրեն մրցակից չի համարում.

«Ես ունեմ իմ թիրախային լսարանը, հետևաբար՝ իմ հակառակորդներին ես համարում եմ ոչ թե մրցակիցներ, այլ համագործակիցներ, որովհետև միգուցե մեր թիրախային լսարանը կարող է ինչ-որ մի հատվածում համընկնի, բայց ես իմ տեղն ունեմ, իմ տեսակետն ունեմ ներկայացնելու, և մարդիկ հետևում են այն քայլերին, որոնք այս տարիների ընթացքում իրականացրել եմ: Առհասարակ հաջողված են այն կոլեկտիվները, որոնցում կանանց թիվն ավելի շատ է լինում: Շատ կարևոր է , որ այս ընտրական գործընթացում իրոք արդեն հավասարը հավասարի հետ կարողանում ենք պայքարել»:

Լաուրա Պետրոսյանն այս խնդրին անդրադարձավ հոգեբանական տեսանկյունից.

«Եթե քաղաքականությունը դիտարկենք՝ որպես մասնագիտական գործունեություն, ապա այս դեպքում տարբերություն չի կարելի դնել` կի՞ն, թե՞ տղամարդ, սա մասնագիտական գործունեություն է, որտեղ խնդիրը գնում է ոչ թե ֆիզիկական ուժի, տվյալների, այլ՝ թե ուղեղի ինչպիսի ճկունություն ունի մարդը: Այս առումով` այնքան էլ տարբերություն չկա, որովհետև նույն ճկունությունը կարող է ունենալ և՛ կինը, և՛ տամարդը: Բացի դա էլ այսօր շատ քիչ մասնագիտություններ կան, որտեղ տարբերություն կա, մենք նկատում ենք մի բան. ժամանակի ընթացքում կանայք շատ ավելի սկսում են մտնել կառավարման գործընթացի մեջ, և քաղաքականությունը կառավարման գործընթացներից մեկը եթե համարենք, ապա կինը հաջողությամբ կարող է կառավարել, խնդիրը համապատասխանության մեջ է»:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպե՞ս է մեր հասարակությունն ընկալում քաղաքական գործունեություն ծավալող կնոջը,  Լաուրա Պետրոսյանը պարզաբանեց.

«Մենք արդեն պատրաստ ենք որոշակի պաշտոններում տեսնել կանանց, և դա վկայում է մեր վերջին շրջանը: Իհարկե, հասարակությունը կանանց վստահում է, և իրենք էլ ցույց են տալիս արդյունավետությունն իրենց գործունեությամբ: Հասարակությունն ավելի շատ դիտարկում է արդյունավետության տեսանկյունից` դա կլինի կի՞ն, թե՞ տղամարդ: «Այո»-ն կորցնում է իր իմաստը, եթե չկա «ոչ»-ը: Եթե համակարգում կինն իր դերում է, տղամարդը` իր, ապա համակարգը փայլուն աշխատում է»:

«Մեր սոցիումում չեմ զգում տարբերություն՝ կին, թե տղամարդ, պետք չէ ընդգծել, մենք հավասար իրավունքներ ունենք, որովհետև, եթե տեղի ենք տալիս, դրա նրանից է, որ շատ զբաղված ենք՝ ընտանիքի հոգսեր, երեխա մեծացնել, այսինքն` ուրիշ առաքելություն ունենք մեր վրա, և, եթե այս առաքելությունը կարողանում ենք զուգակցել, սա միայն ողջունելի է»,- հավելեց Անահիտ Բախշյանը:

Անի Թորոսյան

Տեսանյութեր

Լրահոս