Բաժիններ՝

«Բարի լույսն» արդեն մեծ էկրաններին է

Մարտի 7-ից ռեժիսոր Աննա Արևշատյանի «Բարի լույս» ֆիլմը կարելի է դիտել Երևանի բոլոր կինոդահլիճներում: Ֆիլմն արդեն հասցրել է արժանանալ բազում մրցանակների: «Ոսկե Ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր ազգային մրցույթ» անվանակարգում արժանացել է «Ոսկե Ծիրանի», Թորոնթոյում կայացած «Pomegranate Film Festival»-ին արժանացել է «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» մրցանակի, Հայաստանի Կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակի է արժանացել՝ որպես «Լավագույն դեբյուտային ֆիլմ»: Այս ֆիլմին «168 ժամ»-ն անդրադարձել է դեռևս, երբ այն գտնվում էր նկարահանման փուլում, երբ նկարահանման հրապարակում գտնվող «բավականին» հղի ռեժիսորն արդեն իսկ կերպար էր մի առանձին ֆիլմի համար: Ինչևէ, ֆիլմը նկարահանված է, իսկ ռեժիսորն արդեն տևական ժամանակ է, ինչ հրաշք փոքրիկի մայր է:

Ֆիլմի լայն վարձույթ դուրս գալու կապակցությամբ ռեժիսորն ասուլիս էր հրավիրել, որին ներկա էին նաև ֆիլմի սցենարի հեղինակ՝ Սևադա Գրիգորյանն, ով հատուկ այդ նպատակով Երևան էր ժամանել ՌԴ-ից, ինչպես նաև գլխավոր դերակատար՝ դպրոցական Արայիկ Դարբինյանը: 

«Բարի լույս»-ի սցենարի հեղինակ Սևադա Գրիգորյանն ասում է. «Լիլենով ВГК-ի ուսանող՝ պետք է դիպլոմային աշխատանք գրեի, հերթական անգամ գրել էի կրիմինալ մի պատմություն: Երբ իմ վարպետը կարդաց այն, ասաց. «хватит писать про криминал, напиши лучше про свою Армению»: Այդ ժամանակ ես մի պատմվածք ունեի՝ կոչվում էր «Կտրոնով հացերն ու արևոտ աղջիկը»: Ես հիշեցի այդ պատմվածքի մասին, որը գրել էի դեռևս Երևանում: Վերցնելով այդ պատմվածքի կորիզը՝ դարձրեցի այն սցենար: Եվ երբ արդեն վերջացրեցի և ստացա դիպլոմայինս, եկա Երևան, հանդիպեցի Աննային, ով միշտ հարցնում էր, թե ի՞նչ ունեմ գրած: Կարդալով սցենարս՝ ցանկություն հայտնեց այն ֆիլմ դարձնելու: Ֆիլմի հիմնական կորիզը երեխայի պատմությունն է, որն իրականում իմ պատմությունն է: Նույն Արթուրի տեսարանը, ով զոհվում է պատերազմում, այդ տղան մեր բակից է եղել և նրա անունը ևս Արթուր էր: Ֆիլմում կա նաև իմ հոր կերպարը, ով այդ տարիներին որպես բժիշկ էր գնացել Ղարաբաղ և գերի ընկել»: 

Ֆիլմի ռեժիսոր Աննա Արևշատյանն իր հերթին նշեց. «Սևադայի գրած սցենարը մի փոքր այլ էր՝ ադապտացված էր ավելի շատ ռուս հանդիսատեսի համար: Հետո նրան խնդրեցի ոչ թե թարգմանել, այլ գրել հայկական տարբերակը՝ սկզբնականը: Ինչո՞ւ ենք անրադարձել 90-ականներին: Ինձ թվում է, քանի դեռ մենք մեզ չսիրենք, մենք մեզ չընդունենք, մենք չենք կարող առաջ գնալ: Մենք պետք է հիշենք, թե ինչ ունենք և ինչերի միջով ենք անցել այս ամենն ունենալու համար: Մենք պետք է հասկանանք, որ պետք է պահպանենք, լավացնենք մեր ունեցածը: Մենք չենք փորձել դարձնել այս պատմությունն ինչ-որ շատ տխուր դրամա, այլ մեկ այլ ռակուրսից ենք մոտեցել խնդրին: Փորձել ենք լինել հնարավորինս դրական, լավատես, հույս ներշնչող: Վերջ ի վերջո, մենք պետք է հասկանանք, թե ի՞նչ է տեղի ունեցել մեզ հետ և ինչո՞ւ, սակայն ոչ թե տեղում դոփելու, ինքներս մեզ խղճալու համար, այլ առաջ գնալու նպատակով միայն»: 

Ֆիլմի գլխավոր դերակատար փոքրիկ Արայիկ Դարբինյանն, ով մինչ ասուլիսը ռեժիսորին խոստովանել էր, որ պատրաստվում է դառնալ քիմիկոս, միգուցե ասուլիսից ոգևորված, իր մանկական անմիջականությամբ հայտնեց, որ ի վերջո դառնալու է դերասան-քիմիկոս: Եվ մեծ ոգևորությամբ նշեց, որ շուտով իր համադասարանցիների հետ դիտելու է ֆիլմը մեծ էկրանին: 

Ռեժիսորները մշտապես նշում են, որ կադրում ամենառեալը նկարահանվում են կենդանիներն ու երեխաները, քանի որ նրանք չեն խաղում, նրանց էմոցիաներն անկեղծ են: Միևնույն ժամանակ անչափ բարդ է երեխայի հետ իրականացվող նկարահանումները՝ հատկապես, երբ դա տեղի է ունենում ցուրտ եղանակին, ուշ ժամերին և անթիվ դուբլերով: Ասուլիսի ժամանակ Աննան պատմեց, թե ինչպես բազմաթիվ դուբլերից հետո, երբ երեխան կրկին պետք է կադր մտներ կարտոֆիլներով թասը ձեռքին, պարզվել էր, որ փոքրիկը հոգնածությունից պարզապես քնել էր դռան տակ: Ի դեպ, անձամբ դերակատարը մեծագույն ոգևորությամբ էր լսում այդ պատմություններն ու նշեց, որ առաջարկի դեպքում հաճույքով կրկին անգամ կնկարահանվի ֆիլմում:

Ֆիլմը պատմում է հեռուստաընկերության շողոքորթ և քծնող ղեկավարության հետ մասնագիտական բախման մեջ մտած մի լրագրողի մասին, ով, մնալով առանց աշխատանքի, զգում է որևէ բան փոխելու անզորություն ու մեղքի զգացողություն՝ ընտանիքի առջև: Երկրից արտագաղթելու կնոջ երկարատև հորդորները նրան ստիպում են վերջնական որոշում կայացնել: Մնացածի մասին կպատմենք ֆիլմը դիտելուց հետո: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս