Բաժիններ՝

Ի՞նչ է անվանակոչությունը, ե՞րբ և ինչպե՞ս նշել

Հայ Առաքելական Եկեղեցու օրացույցը հարուստ է զանազան տոներով ու հիշատակության օրերով: Գրեթե բոլոր օրերին՝ բացառությամբ պահոց օրերի և Տերունի տոների, որևէ սրբի հիշատակության օր է: Այդ օրերը հնում այնքան սիրված են եղել մարդկանց շրջանում, որ ծննդյան տոներից առավել մարդիկ նշել են իրենց անունով սրբի տոնը՝ որպես իրենց անվանակոչության տոն: Հաճախ նաև երեխաներին անվանակոչել են հենց այն սրբի անունով, ում տոնն այդ օրն է եղել: Ըստ ժողովրդական ավանդույթի՝ եթե որևէ մեկը ծնվում էր սրբի տոնի օրը, ապա մեր նախնիներն ասում էին. «անունն էլ հետը ծնվեց»։

Մեզանում անվանակոչության տոները ետին պլան են մղված: Հիմա ծննդյան տոները մեծ շուքով են տոնում, սակայն անվանակոչության տոներն էլ ունեն իրենց խորհդաբանական ու գեղեցիկ կողմը, որն արժե վերականգնել:

Թե ինչ է նշանակում անվանակոչություն, ինչպես է առաջացել ու ինչ ծիսակարգով է նշվում այս տոնը, կմանրամասնի Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տ. Եսայի քահանա Արթենյանը:

– Անունն այն միջոցն է, որով ճանաչում ենք մարդուն և որով Աստված է ճանաչում մեզ։ Հնում շատ ժողովուրդներ նորածինների անուններն ընտրելիս հաշվի էին առնում, թե ինչպիսին են ուզում տեսնել երեխային՝ քաջ, ազնիվ, սրատես, լուսավորյալ և այլն: Եվ հենց այդ նշանակություններն էլ ունենում էին անունները: Օրինակ, Մարիամ՝ նշանակում է Լուսավորյալ, Նոյ՝ նշանակում է նոր, նաև՝ մխիթարություն ու քաղցրություն: Այսինքն՝ եթե երեխային կոչում էին Նոյ, ապա մաղթում էին, որ նրա ծնունդն ընտանիքին մխիթարություն ու քաղցրություն հաղորդի: Հետևաբար անվանակոչությունը բովանդակում է մարդու «էությունը»։ Երբ տալիս ենք ինչ-որ մեկի անունը, ապա պատկերացնում ենք այդ մարդուն իր ողջ էությամբ։

Մեզանում գեղեցիկ ավանդույթ է նշել անվանակոչության տոնը, երբ որևէ անձ, ով կրում է այս կամ այն սրբի անունը, տվյալ սրբի հիշատակության տոնին նշում է իր անվանակոչությունը։ Այս տոնի առթիվ ունենք գեղեցիկ բարեմաղթանքներ՝ «անվանդ արժանի լինես», «անունովդ ապրես»։

Այս ավանդույթի հիմքում Քրիստոսի անվանակոչության տոնն է. հրեական օրենքիհամաձայն նորածին երեխաներին ծննդյան ութերորդ օրը թլպատում էին և անուն տալիս։ Քրիստոսին ծննդյան ութերորդ օրն անվանակոչեցին Հիսուս (Փրկիչ), ինչպես ավետել էր հրեշտակը։ Իսկ այս դեպքում Տիրոջ անունը բնորոշում էր այն առաքելությունն, ինչի համար Նա մարդացել էր։

Քրիստոսի անվանակոչության տոնը Հայ եկեղեցում նշվում է Ս. Պատարագով։ Իսկ մարդկանց պարագայում անվանակոչության տոնին ընդունված է այցելել եկեղեցի և օրհնություն ստանալ, խնդրել անվանակից սրբի բարեխոսությունը։ Մեզանում այս սովորությունն այդքան էլ ընդունված չէ, սակայն սփյուռքում այն ավելի մեծ հանդիսավորությամբ են նշում, քան բուն ծննդյան տոնը։

Ավելի նախընտրելի է հանդիսավորությամբ անվանակոչության տոնը նշել, քան ծննդյանը, քանի որ անվանակոչությունն ավելի բովանդակային է։ Եթե որևէ մեկը կրում է այս կամ այն սրբի անունն, ապա դա առիթ է անդրադառնալ այդ սրբի օրինակին, նրանից սովորել և սրբի անվամբ զորանալ։

Մեր Եկեղեցու տոնացույցի համաձայն հիշատակվում են Եկեղեցու կողմից սրբադասված ու սրբացած անձինք: Այդ անուններից շատերն այսօր գրեթե չեն հանդիպում: Եվ կան մարդիկ, ում անունը սրբի անուն չէ։ Այս դեպքում նրանք անվանակոչության տոնը նշում են Վարդանանց տոնին՝ ընդունելով, որ Վարդանանց 1036 նահատակների մեջ կան իրենց անունները կրող սրբեր։ Անվանակից սուրբ չունեցող մարդիկ իրենց անվանակոչության տոնը նշում են նաև աշնանը՝ հին և նոր, հայտնի և անհայտ սրբերի տոնին՝ կրկին հուսալով, որ անհայտ սրբերի շարքում իրենց անունով սուրբ կարող է լինել:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը յուրաքանչյուր օր ներկայացնում է օրվա սրբի վարքը: Բոլորը կարող են հետևել այդ գրառումներին: Արդեն մի քանի ամիս է, որ սրբից բացի ներկայացնում ենք այդ անունը կրող հայտնի ու արժանավոր մարդկանց ու նրանց կենսագրությունները: Սա մի փոքր քայլ է՝ վերականգնել մեր հին սովորությունները, մարդկանց ուշադրությունը սևեռել սրբերի վարքին:

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս