ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանի փեսային բերման են ենթարկել. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ ոստիկանության Արտաշատի մարզային վարչություն են բերման ենթարկել «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Արգամ Աբրահամյանի բարեկամին՝ Խաչիկ Հովհաննիսյանին, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանի փեսային: Հիշեցնենք, որ Կարինե Պողոսյանը, Հովիկ Աբրահամյանի քային հետևելով, ևս լքեց ՀՀԿ-ն և հիմա «Ծառուկյան» դաշինքի ցուցակում է:
«Մի քանի ոստիկանության մեքենաներով բերման են ենթարկել փեսային, իբր մի քանի օր առաջ կտրել է մարզային ոստիկանապետի մեքենայի առջև։ Ես համոզված եմ, որ այդ ամենը քաղաքական ենթատեքստ ունի, որի հետևում, պաշտոնապես հայտարարում եմ, որ կանգնած է մարզային ոստիկանության վարչության պետ Սևան Քոչարյանը: Ինչ է թե նա Արգամ Աբրահամյանի ընկերն է և կարող է ակտիվություն դրսևորել»,- մեզ ասաց Կարինե Պողոսյանը, ապա հավելեց նաև, որ բերման ենթարկողները «միամտաբար» ասել են նաև, որ հրահանգ են կատարում:
«Վերջին ժամանակներս «Ծառուկյան» դաշինքի թեկնածուների աջակիցների շրջանում նմանատիպ բազում դեպքեր են գրանցվում, այսօր արդեն համբերության բաժակը լցվել է։ Նախկինում էլ դաշինքի ակտիվիստներին են բերման ենթարկում, վախացնում, պետական համակարգում աշխատողներին են հեռացնում: Ես պիտի խնդրեմ մեր ոստիկանապետ Գասպարյան Վովային, որին շատ հարգում եմ, որ ուշադրություն դարձնի Արարատի մարզին, որտեղ տիրում է մի ուրիշ կարգի գործելաոճ։ Գասպարյանի մարզային խորհրդակցությունից հետո այստեղ համապատասխան հետևություններ չարեցին, եթե չասեմ, որ հակառակը փոխեցին իրենց գործելաոճը։ Մարզային ոստիկանապետը ցուցաբերում է հայ ոստիկանին ոչ հարիր պահվածք»։
Պողոսյանի փեսային մի քանի ժամ ոստիկանությունում պահելուց հետո ազատ են արձակել:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։