Հայաստանում Շիրակացու անվան ճեմարանը միակ դպրոցն է, որը հավատարմագրված է միջազգային բակալավրիատի երեք ծրագրերով
Փետրվարի 13-16-ը Միջազգային բակալավրիատի ԱՊՀ երկրների 11-րդ տարեկան համաժողովի անցկացման շրջանակում Անանիա Շիրակացու անվան Ճեմարանը հյուրընկալել է Միջազգային բակալավրիատի ԱՊՀ երկրների ասոցիացիայի գործադիր տնօրեն Նատալյա Բարինովային։
Մեզ հետ զրույցում Նատալյա Բարինովան ասաց, որ իրենց մոտ արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի համաժողովն անցկացնել այն տարածաշրջանում, որտեղ կա միջազգային բակալավրիատի հավատարմագիր ունեցող դպրոց.
«Այսպիսի համաժողովներ անցկացվել են Ղազախստանում, Ռուսաստանի շատ քաղաքներում, հիմա Հայաստանի հերթն է, մասնավորապես` Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի։ Համաժողովի թեման կապված է միջազգային բակալավրիատի հետ։ Մենք ԵՏՄ-ի ավանդույթներին ենք հետևում, որտեղ ընդգրկված է երեք պետություն` Ռուսաստանը, Հայաստանն ու Ղազախստանը, և հասկանալով, որ այդ երեք պետություններն իրենց համագործակցության շրջանակներում առաջ են տանում կրթությունն իրենց երկրներում, մենք որոշեցինք, որ հրաշալի կլինի խոսել կրթության ինտեգրման մասին»։ Մեր զրուցակիցը նշեց, որ համաժողովն իրենց համար մեծ տոն է, որովհետև մասնակիցներն իրար մեկ տարի չեն հանդիպում, ու այդ ընթացքում յուրաքանչյուրն իր նորություններն է բերում և կիսվում գործընկերների հետ.
«Մենք միմյանցից նոր բաներ ենք սովորում ու նոր բացահայտումներ անում։ Մենք նաև հուսով ենք, որ համաժողովը խթան կհանդիսանա Հայաստանում միջազգային բակալավրիատի զարգացման համար։ Անանիա Շիրակացու անվան ճեմարանն ունի երեք ծրագիր, և Հայաստանում այն միակ դպրոցն է, որը հավատարմագրված է երեք ծրագրերով. մենք հուսով ենք, որ դա կլինի այդ ծրագրի, այսպես ասած` գովազդը»։ ԱՊՀ երկրների ասոցիացիայի գործադիր տնօրենին խնդրեցինք ներկայացնել միջազգային բակալավրիատ ծրագիրն ու դրա առանձնահատկությունները։
«Միջազգային բակալավրիատի (International Baccalaureate, IB) պատմությունը հին է. 1968թ. Ժնևի միջազգային դպրոցը ստեղծել է այս ծրագիր, որը նման է սովետական կրթությանը, բայց նաև շատ հեռու է դրանից ու հիմա էլ տարբեր փոփոխությունների է ենթարկվում։ Առաջարկում է չորս կրթական ծրագրեր 3-19 տարեկան երեխաների համար։ Այսօր արդեն այն իր մեջ ընդգրկում է 146 երկրի 3668 դպրոց և իրավացիորեն միջազգային ճանաչում ունեցող հանրակրթական ամենահայտնի համակարգն է, որի ավարտական վկայականը հնարավորություն է տալիս առանց լրացուցիչ քննությունների ընդունվել աշխարհի մի շարք առաջատար համալսարաններ»,- պարզաբանեց նա` հավելելով, որ ԱՊՀ երկրներում այդ դիպլոմը դեռևս ընդունված չէ, և իրենց ասոցիացիայի ստեղծումը նպատակ ունի ծրագիրը շրջանառել ու դիպլոմն ընդունելի դարձնել։
«Այդ գործընթացը հեշտ չէ, և կապված նրա հետ, որ այդ երկրներում իշխանություններն ու օրենքներն են փոխվում, մինչ մենք պատրաստվում ենք մի իրավիճակի, այն փոխվում է, և հարկ է լինում նոր իրավիճակի պատրաստվել։ Կան ոչ մեծ տեղաշարժեր Ղազախստանում, այնտեղ այս գործընթացն ավելի հեշտ է ընթանում, նրանք ունեն միջազգային դպրոցի կարգավիճակ։ Այսինքն` եթե Անանիա Շիրակացու անվան ճեմարանն ունենար միջազգային կարգավիճակ, գտնվելով Ղազախստանում, երեխաները կարող էին պետական թեստավորում չանցնել, այլ միայն Դիպլոմային ծրագրի քննություն հանձնել, և դա կհամարվեր` որպես պետական դպրոցի ավարտական քննություն։ Բայց ցավոք, դա հիմա միայն Ղազախստանում է։
Նրանց մոտ նաև ընդունվում է հիմնական դպրոցի դիպլոմը, այսինքն` 9-րդ դասարանինը, որը պետականորեն ճանաչված է, բայց հիմնականում թղթի վրա է մնում։ Ամեն դեպքում, գոնե թղթի վրա դա կա։ Ռուսաստանում և Հայաստանում անգամ թղթի վրա դա չկա։ Դա ամենակարևոր առաջադրանքն է, որի համար էլ մենք հավաքվում ենք»,- ասաց նա։
Խոսելով Դիպլոմային ծրագրի քննության ընթացակարգի մասին, նա ասաց, որ նախ` արտասահմանից գալիս է դրոշմված ծրար, որը պահվում է չհրկիզվող պահարանում, այն բացվում է միայն քննության ժամանակ.
«Կարող են փորձագետներ գալ IB-ից, որոնք նախապես չեն զգուշացնում, որ ներկա են լինելու քննությանը։ Նույնիսկ դպրոցի տնօրենին է արգելվում ներկա լինել, միայն կոորդինատորներն են լինում ներսում։ Քննության ժամանակահատվածը խստորեն վերահսկվում է, ավարտից հետո բոլոր պատասխանները հավաքվում են, դրոշմվում և ուղարկվում ստուգողներին, որոնք կարող են լինել տարբեր երկրներում։ Այսինքն` ոչ մի անձնական կոնտակտ տեղացի դասավանդողների հետ չի լինում։ Իսկ պատասխանները ստուգում են մի քանի անգամ և տարբեր մարդիկ։ Դա նշանակում է, որ նրանք մաքսիմալ օբյեկտիվորեն են փորձում գնահատել աշխատանքները, որովհետև դրանց հիման վրա երեխան հայտնվելու է համալսարանում, կամ չի հայտնվելու»։
Վերադառնալով համաժողովին` նա ասաց, որ Մոսկվայի տնտեսական դպրոցը, որտեղ ինքն է աշխատում, համաժողովի ժամանակ ներկայացնելու է իրենց դպրոցում ներդրված STEM (Science, technology, engineering and mathematics) ծրագիրը. «STEM-ի տեխնոլոգիան նոր տենդենց է կրթության ոլորտում։ Մեր դպրոցը դրա վրա սկսել է աշխատել։ Սա հայտնի տեխնոլոգիա է, բայց պոպուլյար չէ։ Մենք փորձելու ենք այն պոպուլյար դարձնել»։
Անանիա Շիրակացու անվան ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանից հետաքրքրվեցինք` STEM համակարգը ներդրվելո՞ւ է իրենց դպրոցում։ «Ես դրա մասին առաջին անգամ եմ լսում, ու ինձ շատ հետաքրքրեց։ Համաժողովից հետո անպայման կմտածենք այն մեր ճեմարանում ներդնելու մասին»,- ի պատասխան` ասաց Աշոտ Ալիխանյանը։ Ինչ վերաբերում է համաժողովին, ապա ճեմարանի տնօրենի կարծիքով` դա շատ կարևոր խթան է հայաստանյան կրթական համակարգի համար.
«Վաղուց Հայաստանը դրա կարիքն ունի, որ մի լուրջ խթան ստանա, որովհետև այն ավանտյուրաները, որոնք վերջին տարիներին մտել են մեր կրթական համակարգ, ուղղակի արկածախնդրություններ են, ոչ մի օգուտ չեն կարող տալ և հիմնված են ստի վրա։ Իսկ սա շատ լուրջ կազմակերպություն է։ Միջազգային բակալավրիատը Եվրախորհրդի անդամ է, և եթե այն ամբողջ աշխարհում ունի մոտ 4 հազար դպրոց` 146 երկրներում, պատկերացնո՞ւմ եք` ինչ հզոր բան է։ Այն ամբողջ աշխարհում հաղթանակած կազմակերպություն է, և եթե այսօր այդ կազմակերպությունը Հայաստանում նման համաժողով է անցկացնում, ապա դա չի կարող Հայաստանի վրա դրական ազդեցություն չթողնել։
Նախ` շատ-շատերը վերջապես կիմանան ճշմարտությունը, թե ինչ է նշանակում Միջազգային բակալավրիատ, որովհետև շատերը խեղաթյուրված են ու իրական պատկերը չգիտեն։ Պատկերացրեք, եթե մի դպրոց չի կարողանում ներդնել միջազգային բակալավրիատը, բնականաբար, սկսում է հակաքարոզ անել` տարբեր պատճառաբանություններ բերելով. սա ազգային չէ, այս չէ, այն չէ։ Դա կիսագրագետ կոսմոպոլիտի արտահայտություն է, որովհետև բավական է խորանաս Միջազգային բակալավրիատի մեջ և կտեսնես, որ դա բոլոր ազգային ծրագրերից ամենաազգայինն է»։
Աշոտ Ալիխանյանի խոսքով` Միջազգային բակալավրիատն այն կրթական ծրագիրը չէ, ինչ մենք սովոր ենք տեսնել, այլ առաջին հերթին` հրաշք մեթոդաբանություն է. «Բայց սա բոլորովին չի նշանակում, որ, եթե դու Միջազգային բակալավրիատի դպրոց ես, ուրեմն` բոլորից ուժեղ ես։ Հանկարծ մեկին չթվա, որ Հայաստանի կրթական ծրագիրը թույլ է։ Այն ուժեղ ծրագիր է, դրա համար էլ Միջազգային բակալավրիատը հանգիստ վերցրել և ինտեգրել ենք»։
Հարցին` ի՞նչ տարբերություն կա Միջազգային բակալավրիատի և Արարատյան բակալավրիատի միջև, Ա. Ալիխանյանը պատասխանեց. «Անկեղծ ասած` ես ոչ մի կերպ չեմ կարողանում ծանոթանալ Արարատյան բակալավրիատ կոչված ծրագրի հետ, ես չգիտեմ` որտե՞ղ է դա դրված, որտե՞ղ կարելի է կարդալ։ Եթե մի օր դուք ինձ կարողանաք ծանոթացնել այդ ծրագրի հետ, գուցե տարբերությունների մասին կարողանամ խոսել։ Բայց մի բան լսել եմ, որ այդ ծրագիրը պատվիրվել է արտասահմանում, ինչը համարում եմ մեծ ամոթ մեզ համար։ Հայաստանի այս ինտելեկտուալ ռեսուրսը, որ մենք կարող ենք ցանկացած ծրագիր կազմել, եթե մեր հայաստանյան ծրագիրն այդքան վատն է, դիմում ենք ուրիշին։
Համաշխարհային բանկն այնքա՜ն գումար է տվել, որ մեր ուսուցիչները կատարելագործվեն, մեր կրթական համակարգը համապատասխանի միջազգային չափանիշերին, ու մեկ էլ ինչ-որ մեկը վեր է կենում և ասում` լավ ծրագիր չէ։ Ես, իհարկե, որոշ ենթադրություններ ունեմ, և հենց այնպես ենթադրություններ չեն, որ մարդը չի կարողացել Միջազգային բակալավրիատի ծրագրին միանալ, որովհետև դա շատ բարդ բան է, և ստեղծում են այդ ծրագիրը»։
Պրն Ալիխանյանը նշեց, որ Արարատյան բակալավրիատի համար կառավարությունից միլիարդներ են վերցրել, իսկ տարբեր քննարկումների ժամանակ ծրագիրը որևէ տեղ հավանության չի արժանացել. «Ամեն տեղ մի կոնցեպցիա ես կարդում. կոնցեպցիայով ով ինչ ուզի` կգրի, ծրագիրը լրիվ այլ բան է։ Մեր ճեմարանի ծրագիրն ամեն տեղ տեղադրված է, ով ուզում է` թող ծանոթանա։ Միջազգային բակալավրիատի ծրագիրն էլ է բաց դրված, եթե մեկը կարողանում է օգտագործել, թող օգտագործի, բայց դիպլոմ չի ստանա` ինչքան էլ օգտագործի, մինչև հավատարմագրված դպրոց չլինի նրանց կողմից»։