Ընտրությունների տնտեսական էֆեկտը
Ինչպե՞ս են ազդում ընտրությունները տնտեսության վրա։ Սովորաբար ընդունված է համարել` ոչ դրական։ Ընտրությունը որոշակի առումով նշանակում է` անորոշություն։ Իսկ անորոշությունը ստեղծում է սպասողական տրամադրություններ։
Խոշոր գործարքները հետաձգվում են` մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, որպեսզի անորոշությունը վերանա, և խաղի կանոններն ավելի հստակ լինեն։ Իսկ ինչպե՞ս է այս ամենն «աշխատում» Հայաստանի դեպքում։ Ազդո՞ւմ են Ընտրությունները (ընտրական պրոցեսները) տնտեսության վրա, և եթե այո` ինչպե՞ս ու ինչ չափով։ Այս հարցը տարբեր քննարկումների ժամանակ հաճախ է հնչում։ Կարծիքներն էլ տարբեր են։
Մի մասը գտնում է, որ ընտրությունները բացասաբար են ազդում` հենց վերը նշված պատճառով։ Անգամ ընտրությունների հետ կապ չունեցող մեքենայի արհեստավոր Պողոսը տան համար հեռուստացույց գնելը հետաձգում է` ասելով` «մի հատ տեսնենք` էս ընտրություններն ինչ են լինում»։ Գործարարները նույնպես սպասում են։ Բոլորը սպասում են ու բոլորով նվազեցնում տնտեսության ակտիվությունը։ Սա մեդալի մի կողմն է։ Կան վերը նշված տեսակետը չկիսող մարդիկ։ Նրանք ասում են, որ սպասողական վիճակ ասվածը խիստ չափազանցված է` որքան էլ ցավալի լինի, մեզ մոտ ընտրությունների արդյունքները գրեթե միշտ ընկալվում են` որպես կանխորոշված, և քչերն են կարծում, որ ընտրությունների միջոցով իշխանություն կփոխվի։ Այսինքն` «սպասենք ընտրություններն անցնեն» արտահայտությունն ընդամենը հարմար պատրվակ է` չանելու այն, ինչը մարդն այնքան էլ չի ցանկանում անել։ Կա նաև երրորդ տեսակետը։
Դրա համաձայն` ընտրությունները ոչ միայն ՀՀ տնտեսության վրա բացասաբար չեն ազդում, այլ հակառակը` կարճաժամկետ հատվածում ակտիվացնում են տնտեսությունը։ Այսպես, ընտրական գործընթացում տարբեր քաղաքական ուժեր քարոզարշավ են իրականացնում` այդ ընթացքում ձեռք բերելով որոշակի քանակի ապրանքներ ու ծառայություններ։ Այսինքն` ընտրություններն աշխուժացնում են գովազդային շուկան, մեծացնում տպագրական ծառայությունների նկատմամբ պահանջարկը, ստեղծում թեկուզ` ժամանակավոր, բայց մեծ թվով աշխատատեղեր (շտաբներում), և այլն։ Սակայն ամենակարևոր գործոնն այստեղ, իհարկե, ընտրակաշառքն է։ Հիմնական թեզը հետևյալն է. ՀՀ-ում կան մի քանի տասնյակ տարբեր տրամաչափի օլիգարխներ, որոնք ներգրավված են ընտրական գործընթացներում։
Նրանք ունեն մեծ քանակությամբ դրամական միջոցներ` բանկային հաշիվների վրա կամ «ներքնակի տակ»։ Ընտրարշավի ժամանակ այս մարդիկ փողերը բանկերից դուրս են բերում, վերածում կանխիկ դրամի և բաժանում` որպես ընտրակաշառք։ Այդ գումարն ընտրակաշառքի միջոցով մտնում է շրջանառության մեջ, ուղղվում սպառմանը, ու հետևաբար` աշխուժացնում տնտեսությունը։ Որքանո՞վ` դա արդեն կախված է ընտրակաշառքի չափից և ընտրակաշառք վերցնողների քանակից։
Հայաստանում կա գրանցված մոտ 2.5 մլն ընտրող (ըստ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների)։ Համապետական ընտրությունների մասնակցում է ընտրողների 55-60%-ը (օրինակ, 2013 թվականի նախագահական ընտրություններին, ըստ ԿԸՀ-ի, մասնակցել է 1.5 մլն մարդ)։ Ըստ տարբեր գնահատականների` ընտրությունների ժամանակ ընտրակաշառք ակնկալում է ընտրողների մոտ 5-10%-ը։
Նույնքան էլ փող չի պահանջում, սակայն երբ առաջարկում են` չի մերժում։ Կարճ ասած, կարող ենք շատ մոտավոր ենթադրել, որ ընտրակաշառք վերցնում է ընտրությանը մասնակցած անձանց 15-20%-ը։ Այսինքն` 220-300 հազար մարդ։ Կաշառքի չափը շատ փոփոխական է։ 5000 դրամը մեզանում արդեն մի տեսակ խորհրդանշական է դարձել` ընտրակաշառքների մասին խոսելիս, սակայն եղել են տեղեկություններ 10, անգամ 20 հազար դրամի մասին (ի դեպ, հիմա խոսում են, որ որոշ թեկնածուներ մինչև 100 դոլար են խոստանում)։
Ինչևէ, 5000 դրամի դեպքում ստացվում է, որ համապետական ընտրությունների ժամանակ բաժանվում է մոտ 1-1.5 մլրդ դրամի ընտրակաշառք, 10 հազար դրամի դեպքում` 2-3 մլրդ դրամ։ Կարո՞ղ է արդյոք 3 մլրդ դրամը (թեկուզ շատ կարճ ժամանակահատվածում` 1 ամսվա մեջ) եղանակ փոխել տնտեսության մեջ, դժվար թե։
Սրանք, կրկնում ենք` փաստերով չհիմնավորված շատ կոպիտ հաշվարկներ են։ Գործնականում անհնար է պարզել` որքան գումար է ծախսվել ընտրակաշառքի վրա։ Իհարկե, տեսականորեն հնարավոր է ըստ ամիսների դիտարկել ՀՀ առևտրային բանկերում ՀՀ քաղաքացիների ցպահանջ հաշիվների ու ավանդների փոփոխությունը, կամ` բանկային համակարգից դուրս կանխիկ դրամի ծավալների փոփոխությունները, որպեսզի հասկանանք, թե ընտրական ամիսներին որքան փող է բանկային հաշիվներից դուրս եկել և ընտրակաշառքների տեսքով մտել շրջանառություն։
Կարելի է նաև համադրել ըստ ամիսների տնտեսական աճի կամ տնտեսական ակտիվության ցուցանիշները` հասկանալու համար, թե ընտրություններից հետո ինչպես է փոխվել դինամիկան։
Սակայն դա նույնպես մեծ հաշվով ոչինչ չի տա, որովհետև` նախ ցանկացած ազդեցություն դրսևորվում է որոշ ժամանակ անց, և բացի այդ` հետընտրական ամիսներին տնտեսական նկատելի աճ կամ անկում տեսնելու դեպքում էլ չի կարելի միանշանակ պնդել, թե այդ փոփոխությունը պայմանավորված է ընտրություններով։ Այս ամենը նշանակում է, որ ընտրական պրոցեսների իրական ազդեցությունը չափելու համար հարկավոր է անցկացնել լուրջ վերլուծություն` հաշվի առնելով տնտեսության վրա ազդող բոլոր գործոնների ազդեցությունները։ Իսկ դա չափազանց դժվար գործ է` նկատի ունենալով ստվերայնության բարձր մակարդակը։
Այսինքն, թե՛ այն պնդումները, որ ընտրությունները բացասաբար են ազդում տնտեսության վրա, թե՛ դրանց հակառակ կարծիքներն ընդամենն ինտուիտիվ մակարդակի վրա արված հայտարարություններ են։ Ու եթե դրանց տակ չկա գիտական վերլուծություն, ապա նման պնդումները հալած յուղի տեղ ընդունել չի կարելի։
Իսկ ինչո՞ւ այսքան երկար գրեցինք, եթե, միևնույն է` ազդեցության մասին հնարավոր չէ խոսել։ Իրականում ընտրություններն ազդում են տնտեսության վրա` սակայն ոչ անմիջապես, այլ երկարաժամկետ հեռանկարում։ Ազդում է ոչ թե ընտրական պրոցեսի ընթացքում ծախսված փողը կամ գործարար սպառողական մթնոլորտը, այլ ընտրությունների լեգիտիմությունը։
Կեղծված ընտրությունները թույլ չեն տալիս երկրում լրջագույն բարեփոխումներ իրականացնել, ունենալ անկախ ու արդյունավետ դատաիրավական համակարգ, հաշվետվողականություն, թափանցիկություն, մրցակցային միջավայր, և այլն։
Կեղծված ընտրությունները նպաստում են, որ «գաղջ» մթնոլորտն ավելի խորը արմատներ ձգի, վերացնում են վստահությունն ու հավատը սեփական պետության նկատմամբ, նպաստում արտագաղթին ու կապիտալի արտահոսքին։
Կեղծված ընտրությունները` իրենց հետևանքներով հանդերձ, ամենամեծ հակագովազդն են, որոնք արգելակում են օտարերկրյա ներդրումների մուտքը Հայաստան։ Օլիգարխ թեկնածուն, որը 5 միլիոն դոլարի ընտրակաշառք է բաժանում, իրականում շատ ավելի մեծ վնաս է տալիս, քան սովորաբար թվում է։ Նա ոչ թե հաջորդ 5 տարիներին գները թանկացնելով` բնակչությունից «քերում է» իր ծախսածի կրկնապատիկը, այլ երկիրը ետ է տանում 5 տարով։
Օրինակները բերեցինք կեղծված ու ոչ լեգիտիմ ընտրությունների մասով, որովհետև արդար ընտրություններ վերջին 20 տարում չենք ունեցել։ Այսինքն` անկախ նրանից, թե ընտրակաշառքը որքանով աշխուժացրեց շուկան, կամ` նախընտրական սպասումները որքանով պասիվացրեցին տնտեսությունը, ընտրությունների իրական լրջագույն արդյունքը երևալու է դրան հաջորդող տարիների ընթացքում։ Տնտեսական դժվարությունները, որոնց առջև մենք այժմ կանգնած ենք, մեծամասամբ նախկինում կեղծված ընտրությունների հետևանքն են։ Ու առաջիկա խորհրդարանական ընտրությունների տնտեսական էֆեկտն էլ` հետագա տարիների համար, կախված է լինելու դրանց լեգիտիմության աստիճանից։