Բաժիններ՝

Մի հրապարակեք այս լուսանկարները սոցիալական ցանցերում, եթե չեք ցանկանում գրավել չարագործների ուշադրությունը

Այսօր արդեն գրեթե բոլորն օգտվում են սոցիալական ցանցերից։ Դրանց օգնութամբ մենք շփվում ենք ընկերների հետ, նորություններ իմանում և կիսվում մտքերով։ Սակայն տարվելով այս ամենով՝ երբեմն մոռանում ենք անվտանգության տարրական կանոնների մասին և կիսվում տեղեկատվությամբ, որը մեր դեմ կարող են օգտագործել չարագործները։ Adme.ru-ն ներկայացրել է այն լուսանկարների ցանկը, որոնք հարկավոր չէ հրապարակել սոցիալական ցանցերում։

1. Ինքնաթիռ նստելու կտրոն։ Մոտակա արձակուրդի մասին ընկերներին հայտնել շատերն են սիրում։ Բայց հարկավոր չէ հրապարակել ինքնաթիռ նստելու կտրոնը։ Իմանալով ամրագրման կամ շտրիխ կոդը՝ չարագործները կարող են մուտք գործել ավիաընկերության կայք, որտեղ երևում են տեղեկություններ թռիչքի, ներկայացված փաստաթղթերի և նույնիսկ բանկային քարտի մի քանի նիշ։ Դա բավարար է՝ հետադարձ տոմսի ամրագրումը չեղարկելու կամ բանկային քարտով մեքենայություն կատարելու համար։

2. Վիճակախաղի տոմսեր։ 2015թ. Ավստրալիայի բնակչուհին վիճակախաղով 825 դոլար էր շահել։ Գումարը ստանալուց առաջ նա սելֆի էր հրապարակել հաջողակ տոմսի հետ։ Դա գրավել էր աղջկա ընկերներից մեկի ուշադրությունը, ով, օգտագործելով շտրիխ կոդը, ստացել էր գումարը։ Պետք չէ շահումի մասին կիսվել մինչև այն ստանալը։

3. Բանկային քարտեր։ Բանկային քարտի մի քանի լուսանկարը բավարար է՝ ձեր հաշիվը զրոյացնելու համար։ Սոցիալական ցանցերում երբեք մի հրապարակեք լուսանկարներ, որոնցում երևում են բանկային քարտերը։ Պետք չէ բանկային քարտի լուսանկարը պահել հեռախոսի մեջ։ Գողանալու դեպքում չարագործները կարող են մուտք ունենալ հաշվին։

4. Միջոցառումների տոմսեր։ Համացանց մի ներբեռնեք լուսանկարներ, որոնցում պատկերված են համերգների, փառատոների, մարզական միջոցառումների տոմսեր։ Եթե լուսանկարում երևան շտրիխ կոդերը, չարագործները կարող են այցելել այդ միջոցառումներին՝ ձեր փոխարեն։

5. Էկրանի չստուգված նկարներ։ Մի հրապարակեք սքրիշոթ, եթե չեք ստուգել, թե ինչ տվյալներ են դրանում երևում։ Մասնավորապես հոգ տարեք, որ դրանցում չերևան սոցիալական ցանցերի գաղտնաբառերը։

6. Փաստաթղթեր։ Վտանգավոր է նաև փաստաթղթերի հրապարակումը, որոնք հաստատում են անձը։

7. Անկեղծ լուսանկարներ։ Փորձը ցույց է տալիս, որ չափազանց մեծ է շանտաժի զոհ դառնալու հավանականությունը։ Հատկապես վերջին շրջանում տարածված է երևույթը, երբ աղջիկներից անկեղծ լուսանկարներ են պահանջում, ապա դրանք հրապարակելու սպառնալիքով՝ մեծ գումարներ պահանջում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս