Ինչպես է պակասել փողը
ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է 2016 թվականին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած դրամական փոխանցումների կամ, այլ կերպ ասած, տրանսֆերտների վիճակագրությունը։
Ասել, որ այդ տվյալներն անսպասելի էին, սխալ կլինի։ Տարվա ընթացքում հրապարակվող ամսական տվյալներից արդեն իսկ երևում էր, որ Հայաստան ուղարկված փողի ծավալը նվազում է։
Տարվա ամփոփ տվյալներն այսպիսին են. 2016 թվականին բանկային համակարգի միջոցով Հայաստան է փոխանցվել 1 մլրդ 533.9 մլն դոլար։ Նախորդ տարվա` 2015 թվականի համեմատ, դրամական փոխանցումների ներհոսքը նվազել է 98.8 մլն դոլարով կամ 6.1%-ով։
Ինչպես երևում է գծապատկեր 1-ից, 2016-ին տրանսֆերտների ծավալն ավելի փոքր է եղել, քան ճգնաժամային 2009 թվականին։
Ռուսաստանից կատարված դրամական փոխանցումների ծավալը 2016-ին` 2015 թվականի համեմատ, նվազել է 111.7 մլն դոլարով կամ 11.1%-ով։ Ռուսաստանը շարունակում է մնալ տրանսֆերտների թիվ մեկ աղբյուրը, բայց դրա տեսակարար կշիռը գնալով նվազում է։ 2016 թվականի արդյունքներով` Ռուսաստանից կատարվող դրամական փոխանցումների կշիռն ընդհանուր ներհոսքի մեջ 58.5% է։ Համեմատության համար նշենք, որ 2011-2014թթ. այդ ցուցանիշը 70%-ից բարձր էր։
Ինչպես նշեցինք` տրանսֆերտների ներհոսքի նվազումն անսպասելի չէր։ Սակայն այս վիճակագրության մեջ կա մի զարմանալի կետ, եթե ներհոսքը դիտարկում ենք` ըստ ամիսների։
Դրամական փոխանցումների ներհոսքն ունի տարիներով հաստատված օրինաչափություն. դրանց ծավալն ամսեամիս աճում է` մինչև հուլիս-օգոստոս, որից հետո ներհոսքը նվազում է։ Իսկ դեկտեմբերին գրանցվում է պիկային ցուցանիշ. ամանորյա տոներին ընդառաջ` դրսում աշխատող մեր հայրենակիցներն ավելի շատ գումար են ուղարկում Հայաստան։
2016 ընթացքում գրեթե բոլոր ամիսներին ներհոսքն ավելի քիչ է եղել, քան 2015-ին (տես Գծապատկեր 2)։ Միայն փետրվար ամիսն էր, որ 2016-ին ավելի շատ ներհոսք է եղել (102.8 մլն դոլար), քան 2015-ին (87.5 մլն դոլար)։
Սակայն 2016-ի դեկտեմբերի ցուցանիշն այս առումով տարօրինակ է։
Այսպես, 2016-ի դեկտեմբերին 211.6 մլն դոլար` 2015 թվականի դեկտեմբերի 168 մլն դոլարի դիմաց։ Այսինքն` դեկտեմբերը դեկտեմբերի համեմատ` տրանսֆերտների ներհոսքն աճել է 44.6 մլն դոլարով 25.9%-ով։
Դեկտեմբերը նոյեմբերի համեմատ աճը, ինչպես նշվեց, օրինաչափ է։ Սակայն դեկտեմբերը դեկտեմբերի համեմատ այս աճը` ոչ։
Ուշագրավն այն է, որ Ռուսաստանից եկող դրամական փոխանցումները դեկտեմբերին աճել են ընդամենը 5.8 մլն դոլարով, իսկ ԱՄՆ-ից փոխանցումների ծավալը գրեթե չի փոխվել։
Այսինքն, դեկտեմբերյան աճից 38 մլն դոլարը բաժին է ընկնում այլ երկրներին։ Թե կոնկրետ որ երկրներից է այդ ներհոսքը` առայժմ պարզ չէ. ԿԲ-ն այս պահին հրապարակել է միայն ընդհանուր ներհոսքի, և այդ թվում` ԱՄՆ-ից ու Ռուսաստանից եկած գումարների վիճակագրությունը։ Առաջիկայում կհրապարակվի ԿԲ 2016 թվականի դեկտեմբեր ամսվա տեղեկագիրը, որտեղ երկրներից բացվածքն ավելի լայն է, և հնարավորություն կտա հասկանալ` որ երկրից (կամ երկրներից) է գրանցվել այս աճը, առանց որի` տրանսֆերտների ներհոսքը չէր գերազանցի 1.5 մլրդ դոլարը։
Վերջում ավելացնենք, որ 2016 թվականին արտահոսքը (ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով ՀՀ-ից արտերկիր փոխանցումների ծավալը) կազմել է շուրջ 817 մլն դոլար` 2015 թվականի 761 մլն դոլարի դիմաց։ Այսինքն` ի տարբերություն ներհոսքի` արտահոսքն աճել է 56 մլն դոլարով կամ 6.8%-ով։ Արտահոսքի աճը գրանցվել է հիմնականում ՌԴ ուղարկվող գումարների աճի հաշվին։
Դրամական փոխանցումների զուտ ներհոսքը (ներհոսքի և արտահոսքի տարբերությունը) 2016 թվականին կազմել է 715.9 մլն դոլար։ Դա վերջին 10 տարվա կտրվածքով ամենացածր ցուցանիշն է։ Զուտ ներհոսքի ծավալը վերջին անգամ դրանից ավելի քիչ եղել է 2016 թվականին` 563.1 մլն դոլար։