Թուրքիան փորձում է գնալ մեծ ռիսկի

Անկարան ու Վաշինգտոնը քննարկում են Սիրիայի Ռաքքա քաղաքը «Դաեշ» ծայրահեղական խմբավորումից գրավելու նպատակով ռազմական համատեղ գործողություններ սկսելու հարցը։ Թուրքիայի նախագահն ասել է, թե իր երկրի ռազմական ուժերը պատրաստ են մասնակցել այդ գործողությանը։ Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Չինաստանում անցկացված Մեծ քսանյակի գագաթաժողովից վերադառնալու ճանապարհին թղթակիցների հետ անցկացրած հանդիպման ժամանակ ասել է, թե ինքն ընդունել է Ռաքքայից «Դաեշ» ծայրահեղական խմբավորմանը դուրս մղելու գործում համագործակցելու մասին ԱՄՆ-ի իր պաշտոնակից Բարաք Օբամայի առաջարկը։

Նա ասել է. «Թող մեր զինվորականները միասնաբար գործեն ու ինչ անհրաժեշտ է, մենք կանենք մեր կողմից»։ Նա ավելացրել է, սակայն, որ ռազմական որեւէ գործողություն սկսելուց առաջ հարկավոր է անցկացնել բանակցություններ։

Սակայն ինչպես «Ալ Մոնիթոր» ինտերնետային կայքի քաղաքական մեկնաբան, Թուրքիայի քաղաքացի Սեմիհ Իդիզն է ասում, Ռաքքան գրավելու գործողություններում Թուրքիան կսահմանափակի իր մասնակցությունը։

«Այն չի լինի զանգվածային գործողություն, երբ Սիրիա կներխուժեր 3Օ-4Օ հազարանոց բանակ։ Չեմ կարծում, որ Թուրքիայի հասարակությունը պատրաստ է նման մասնակցության։ Խոսքը կարծում եմ մի քանի հարյուր զինվորականների մասնակցության մասին է՝ ծանր հրետանու եւ օդուժի ուղեկցությամբ։ Թվակազմի հիմնական մասը կզբաղեցնեն Սիրիայի, այլ ոչ թե Թուրքիայի կառավարական ուժերը»։

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերը՝ հրասայլերի եւ «Ազատ Սիրիայի բանակի» ուղեկցությամբ անցյալ ամիս մուտք գործեցին Սիրիայի տարածք։ Սակայն «Եփրատի վահան» անվանումը ստացած գործողությունը նաեւ թիրախ ընտրեց Սիրիայի քրդական զինված խմբավորումներին։ Խոսքը Ժողովրդի պաշտպանության միավորումների մասին է, որին Անկարան համարում է Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության աջակից։

Սակայն քրդերի Ժողովրդի պաշտպանության միավորումներ անվանումը կրող բանակը ռազմական մեծ աջակցություն է ստանում ԱՄՆ-ից եւ համարվում «Դաեշ»-ի դեմ ամենաարդյունավետ կերպով պայքարող ուժը։ Այն նաեւ Ռաքքան ազատագրելու ամերիկյան ծրագրի գլխավոր ուժն է համարվում։ Սակայն Անկարան, ըստ Իդիզի, կփորձի մի կողմի վրա պահել Սիրիայի քրդերին։

«Կարելի է ենթադրել, որ քրդական ուժերի վրա դրված ամերիկացիների հույսը կարող է մարել։ Թուրքիան բանակցությունների սեղանի շուրջ էլ կունենա ավելի մեծ ասելիք։ Այդ պատճառով կարծում եմ, որ Էրդողանի առաջարկում կա քաղաքական մեծ ուղղվածություն»։

Սակայն Անկարան «Դաեշ»-ին Ռաքքայից դուրս մղելու գործողություններում կարող է նաեւ շատ բարձր գին վճարել։ Փորձագտները նախազգուշացնում են, որ խիտ բնակեցված այս քաղաքում հազարավոր ջիհադիստների ներկայության պայմաններում սկսվելիք ճակատամարտը կարող է շատ արյունալի լինել, եւ կարող է գալ մի պահ, երբ Թուրքիան ստիպված կլինի ի վերջո ավելի մեծաթիվ ուժեր մտցնել Սիրիա։

Վերլուծաբաններից շատերն են ասում, որ դեպի հարավարեւելյան Ռաքքա շարժվելու ճանապարհին թուրքական ուժերը ստիպված պետք է անցնեն մի միջացնքով, որի արեւլքում քրդերն են, արեւմուտքում՝ Սիրիայի կառավարական ուժերը, «Դաեշ»-ը՝ ամբողջ ճանապարհին ու վերջին։ Ու երբ Թուրքիան դուրս գա ճանապարհ, դրանից դուրս գալու ելք չի ունենալու։ Իսկ հնարավոր պարտիզանական պատերազմը կարող է Թուրքիայի բանակի համար չափազանց ծանր նստել։

Սակայն Անկարան այսօր կարծես թե պատրաստ է գնալ նման ռիսկի՝ կամ հասնել իր ռազմավարական նպատակներին, կամ՝ կրել ահռելի մեծ կորուստներ։

Տեսանյութեր

Լրահոս