
«Լուսանկարի իրական վտանգը ոչ թե հանդիպման փաստն է, այլ դրա ներկայացման ձևը». Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ, քաղաքագետ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ լրատվականներում տարածված այս լուսանկարում, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն է, ով մտերմիկ, տվյալ դեպքում՝ եղբայրական զրույցի մեջ է Ադրբեջանի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ․ նկարից ակնհայտ է դառնում, որ առկա մթնոլորտը ոչ միայն դիվանագիտական միջավայրին բնորոշ շփում է, այլև հստակ քաղաքական ուղերձ։
Նախ՝ նշեմ, որ դիվանագիտության մեջ կողմերի հանդիպումն ու շփումը բնական գործընթաց է, սակայն կարևոր է տարբերակել պարտադիր շփումները և դրանց հանրային ներկայացման ձևը։ Ըստ էության՝ այս լուսանկարը չի փոխանցում զուտ պաշտոնական հարաբերություն, այլ ցուցադրում է անկաշկանդ, գրեթե բարեկամական մթնոլորտ։
Նման կադրերը միջազգային հարթակներում կարող են ընկալվել որպես Հայաստանի կողմից Ադրբեջանի օրակարգին հերթական անգամ հարմարվելու դրսևորում։ Թերևս գաղտնիք չէ, որ Հաջիևը երկար տարիներ եղել է Ալիևի արտաքին քարոզչության առանցքային դեմքերից, և նրա հետ ջերմ շփման հրապարակայնացումը թույլ է տալիս Բաքվին ցույց տալ, որ հարաբերությունների «բեկումը» տեղի է ունենում Հայաստանի համաձայնությամբ։
Այստեղ Հայաստանը արտաքին գործընկերների աչքում ներկայանում է ոչ թե որպես կոշտ ու պահանջատեր կողմ, այլ որպես համակերպված և նույնիսկ բարեկամական տրամադրությամբ ներկայացվող դերակատար, դա նվազեցնում է մեր մանևրելու հնարավորությունները բանակցային սեղանի շուրջ։
Ադրբեջանը տարիներ շարունակ Հայաստանի դեմ վարել է բացահայտ թշնամական քարոզչություն, որի հիմնական խոսափողն ու գլխավոր քարոզիչը եղել է նույն Հաջիևը։ Այսօր նրա հետ այս «բարեկամական կադրերը» տարածվում են միջազգային դաշտում՝ որպես ապացույց, որ Հայաստանը ոչ միայն զիջումների է պատրաստ, այլ արդեն ներքուստ հաշտված է պարտվածի կարգավիճակի հետ։
Այստեղ առկա է հասարակական ընկալումների և արտաքին ուղերձների հակասություն. այն, ինչ իշխանությունը ներկայացնում է որպես «խաղաղության օրակարգի» քայլ, հանրային դաշտում ընկալվում է այլ կերպ։ Արդյունքում ստեղծվում է հակասություն՝ արտաքինում Հայաստանի հարմարվողականության պատկերի և ներսում հասարակական դժգոհության միջև։
Լուսանկարի իրական վտանգը ոչ թե հանդիպման փաստն է, այլ դրա ներկայացման ձևը։ Այն, ինչ կարող էր մնալ դիվանագիտական աշխատանքի տեխնիկական դաշտում, վերածվել է քաղաքական ուղերձի։ Իսկ այդ ուղերձը միջազգային լսարանին ցույց է տալիս Հայաստանը որպես թուլացած կողմ, իսկ ներքին լսարանին՝ որպես սեփական շահերի պաշտպանության ունակ չեղող պետություն»: