
Բանկային զեղծարարություններից տուժած քաղաքացիների վարկային պայմանագրերը սառեցվել են, բայց մի շարք խնդիրներ շարունակում են անլուծելի մնալ

«Բանկային զեղծարարություններից տուժած գրեթե բոլոր քաղաքացիների վարկային պայմանագրերը սառեցվել են մինչև քրեական գործի ավարտը»,- 168․am-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Մհեր Կարագյոզյանը, ում ղեկավարած՝ «Հանրային վերահսկողություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը զբաղվում է բանկային զեղծարարություններից տուժած քաղաքացիների մի մասի խնդրով։
Սառեցման վերջնաժամկետ է նշվել հունիսը մեկը։ Իրավապաշտպանը սա պայմանավորում է պարզ տրամաբանությամբ՝ ում բանկը վարկը տրամադրել է, նրանից էլ պիտի պահանջի։
«Քրեական գործի ավարտը դատարանի՝ արդեն իսկ ուժի մեջ մտած վճիռն է․ այսինքն՝ եթե քաղաքացին հանցավոր մասնակցություն չի ունեցել զեղծարարությանը, չարամտություն չի ունեցել և զեղծարարության զոհ է, այդ վարկն այլևս նրանից չեն պահանջելու։ Նույն տրամաբանությամբ են առաջնորդվելու այն գումարների առնչությամբ, ինչը կորել է քաղաքացիների ավանդային կամ մյուս հաշիվներից․ այդ գումարները փոխառության պայմանագրով տրամադրվել են քաղաքացիներին՝ դարձյալ մինչև քրեական գործի ավարտը»,- մանրամասնեց Մհեր Կարագյոզյանը։
Ի դեպ, «Հանրային վերահսկողություն» հ/կ նախագահից տեղեկացանք՝ գրեթե բոլոր բանկերն են այս հարցում եկել ընդհանուր հայտարարի․ միայն մեկ բանկը ցայսօր քաղաքացիների հետ համանման պայմանագրեր չի կնքել։
«Այդ բանկին առնչվող զեղծարարությունների դեպքերը շատ քիչ էին, չէինք բարձրաձայնում։ Կենտրոնական բանկի կողմից կա մեզ հետ համագործակցություն, և ասում են, որ իրենք հարցը կքննարկեն բանկի հետ, և նրանք կարող են բերել կառուցողական դաշտ»,- հավելեց նա։
Մհեր Կարագյոզյանը, այդուհանդերձ, մատնանշեց չհանգուցալուծվող մի շարք խնդիրներ։
«Օրինակ, քաղաքացու անունով որ վարկը ձևակերպվել է, շատ հաճախ քաղաքացու աշխատավարձից կամ թոշակներից քաշել են այդ գումարները՝ որպես տոկոսների կամ մայր գումարների մարում, այդ գումարները դեռևս վերադարձված չեն․ բանկերն այս մասով չունեն պատրաստակամություն։ Բայց մենք պայքարելու ենք, աշխատելու ենք նաև, որ այդ գումարները, որ ապօրինաբար գանձվել են քաղաքացիներից, վերադարձվեն»,- ամփոփեց նա։
Հիշեցնենք՝ Բանկային համակարգի զեղծարարություններից տուժած քաղաքացիներն ամիսներ շարունակ բողոքի ցույցեր էին իրականացնում բանկերի և պետական պատկան կառույցների շենքերի մոտ՝ Կառավարություն, Գլխավոր դատախազություն, Կենտրոնական բանկ, Քննչական կոմիտե և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Մեծ մասամբ ահազանգերը վերաբերում էին ID բանկին, Ինեկոբանկին և Արդշինբանկին։
Կան բանկեր, որոնք ունեն ուժեղ անվտանգության համակարգեր, և կան բանկեր, որոնք չունեն․ ավելի վաղ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով ֆիշինգի աճող ցուցանիշներին և քաղաքացիներից ստացված բազմաթիվ բողոքներին։
Աննա Վարդապետյանի խոսքով՝ այս տարի արդեն միջնորդագիր է ուղարկվել ՀՀ Կենտրոնական բանկ՝ խնդրելով համապատասխան կառույցի, օրինակ՝ Բանկերի միության միջոցով քննարկում ունենալ կոնկրետ բանկերի հետ, որոնք անվտանգության համապատասխան համակարգ չունեն։
«Որոշ բանկերում մեզ համար շատ անհասկանալի ալգորիթմներ էին դրված բանկերի՝ օնլայն սպասարկման տիրույթում։ Անձը ֆիզիկապես գնում է բանկ, իրեն մերժում են վարկ տրամադրել, դիցուք, կես միլիոն դրամ, բայց օնլայն 3 միլիոն դրամ վարկ է ստանում։ Այստեղ մեզ համար կարմիր լույս վառվեց, որ ալգորիթմը, որը դրված է օնլայն բանկինգի հիմքում, շատ ցածր պաշտպանության շեմ ունի»,- նշել էր պաշտոնյան։