Կանգնած են հերթական համակարգային ձախողման փաստի առաջ

Իշխանությունները կանգնած են հերթական համակարգային ձախողումն արձանագրելու փաստի առաջ։ Չնայած նրան, որ տարբեր պատրվակներով ստիպում, հորդորում են քաղաքացիներին եկամուտների հայտարարագրեր ներկայացնել, դրանից հայտարարագրման տեմպերը գրեթե չեն ավելանում։ Համակարգը կանգնած է տապալման վտանգի առաջ։

Հայտարարագիր ներկայացրած քաղաքացիների թիվը մինչև հիմա չի հասել անգամ 100 հազարի։ Այն դեպքում, երբ նախորդ տարվա արդյունքներով, պոտենցիալ հայտարարատու հանդիսացող անձանց քանակն անցնում է 800 հազարից։ Նրանց 87-88 տոկոսը դեռևս հայտարարագիր չի ներկայացրել։ Շատերը չեն էլ պատրաստվում ներկայացնել։

Ներկայացրածներն էլ հիմնականում պետական համակարգի աշխատողներն են, որոնք պարտադրաբար են դա անում, այլապես սպառնում են ազատել աշխատանքից։ Մնացածը, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձում է գայթակղել սոցիալական կրեդիտներով, հակված չեն հայտարարագիր ներկայացնել։ Մարդիկ մտավախություն ունեն, որ այս ամենի տակ մեծ ծուղակ է թաքնված, որի մեջ փորձում են իրենց ներքաշել։

Այդպես մտածելու համար, նրանք, անշուշտ, պատճառներ ունեն։ Մինչև վերջերս իշխանությունները կաշվից դուրս էին գալիս համոզելու համար, թե եկամուտների հայտարարագրումը հարկման կամ ֆիսկալ նպատակ չի հետապնդում, սոցիալական արդարության համար է արվում՝ ի շահ քաղաքացիների։ Բայց խաբում էին։ Խաբեություն էր, երբ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից՝ որպես դրա հիմնավորում, բերում է այն փաստարկը, որ բյուջեում որևէ տող չկա՝ եկամուտների հայտարարագրումից ակնկալվող եկամուտների վերաբերյալ։

Կարդացեք նաև

Բյուջեում իսկապես նման տող չկա, բայց դա չի նշանակում, թե կառավարությունը եկամուտների հայտարարագրումից ֆինանսական ակնկալիքներ չունի։ Ունի, այն էլ՝ բավական մեծ։ Այդ ակնկալիքները բավարարվելու են քաղաքացիների գրպանի հաշվին։

Վերջերս մի առիթով Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ եկամուտների հայտարարագրումից արդեն 1 մլրդ դրամ հարկ են հավաքել քաղաքացիներից։ Այն էլ ընդամենը հայտարարագիր ներկայացրած 37-38 հազար քաղաքացուց։

Եկամուտների հայտարարագրումը որևէ իմաստ չէր ունենա, ու իշխանություններն էլ այդքան ջանասիրությամբ չէին գնա դրան, եթե այն իսկապես ֆիսկալ կամ եկամուտները հարկելու նպատակ չունենար։ Պարզապես մի պահ փափուկ բարձ էին դնում քաղաքացիների գլխի տակ։

Կարծում եք՝ քաղաքացիներին լավություն անելու համա՞ր էր, որ որոշեցին 300 հազար դրամը չգերազանցող միանվագ փոխանցումները չներառել հայտարարագրերում։ Արեցին, որովհետև վախեցան հասարակության դժգոհություններից։ Պատահական չէ, որ մինչ այդ նախատեսում էին քաղաքացիների վերջին կոպեկը ենթարկել հայտարարագրման։ Երբ տեսան, որ հասարակության շրջանում դժգոհությունների լուրջ ալիք է հասունանում, որոշեցին մի փոքր հետքայլ անել։ Բայց այնքան, որ դրանով եկամուտների հայտարարագրման իրական նպատակը չտուժի։ Իսկ իրական նպատակը քաղաքացիների եկամուտների հարկումն է։ Դրանով շատերն են հայտնվելու հարկային ծուղակում։ Այս փուլում այդ մասին շատ չեն խոսում, որպեսզի չխրտնեցնեն, չվախեցնեն մարդկանց, բայց նպատակը դա է։

Հատիկ-հատիկ գալու են բոլորի եկամուտների հետևից։ Բացելու են հայտարարագրերը, տող առ տող ուսումնասիրելու են ու պարտադրելու են վճարել չվճարած հարկերը։ Բոլորովին պարտադիր չէ, որ դա հենց այս տարի լինի, կարող է լինել 1 տարի, 2 տարի, 5 տարի հետո։ Միևնույն է՝ ժամանակը գալու է։ Ցանկացած պահի հանելու են հայտարարագրերը ու հաշվետվություն են պահանջելու հայտարարագրված-չհայտարարագրված գումարների վերաբերյալ։

Այս ամենն արվում է նաև գյուղացիների եկամուտները հարկելու համար։

Գյուղացիները, ինչպես հայտնի է, իրենց սեփական հողամասից ստացվող եկամուտներից հարկ չեն վճարում։ Եկամուտների հայտարարագրումից հետո ստիպված կլինեն այդ եկամուտների դիմաց եկամտային հարկ վճարել։ Ենթադրենք՝ 1 մլն դրամի ծիրան կամ կարտոֆիլ կամ տանձ ու խնձոր են ծախել՝ 200 հազար դրամը որպես եկամտային հարկ կվճարեն։

Հայտարարագրումից հետո բոլորի վրա մշտապես կախված է լինելու հարկայինի մահակը։ Իրենց հավատարիմ օլիգարխներին, խոշոր գործարարներին չեն ուզում նեղացնել՝ եկամուտների հայտարարագրմամբ քաղաքացիների հաշվին մտադիր են լուծել բյուջեի խնդիրները, որոնք առաջիկա տարիներին ավելի են սրվելու։ Անցած տարի արդեն այդ խնդիրները զգացնել տվեցին, մեծ ճեղք գոյացավ բյուջեում։

Ծախսերը հետաձգելու հաշվին մի կերպ խուսափեցին բյուջեի պարտքային ճգնաժամից։ Բայց խնդիրներն առաջիկա տարիներին ավելի են սրվելու՝ կապված մի կողմից՝ իշխանության պոպուլիզմի արդյունքում ստանձնած չհիմնավորված ֆինանսական բեռի, մյուս կողմից՝ պարտքային այն հսկայական պարտավորությունների սպասարկման հետ, որոնք կուտակվել են վերջին մի քանի տարիներին։ Հանաք բան չէ 7 տարում պարտքի ավելի քան կրկնապատկումը։

Այն ճանապարհները, որոնք ասֆալտապատում էին, այն մանկապարտեզներն ու դպրոցները, որոնք կառուցում էին, այն ջրագծերը, որոնք անցկացնում էին ու մտցնում էին ժողովրդի աչքը, այս պարտքերով էին անում։ Հիմա եկել է ժողովրդին համատարած հարկելու ու պարտքերը վերադարձնելու ժամանակը։

Միայն այս տարի 1 մլրդ դոլարի տոկոս պիտի վճարեն պարտքի դիմաց։ Եվս 2 միլիարդ էլ կազմելու են մայր գումարների մարումները։ Այս փուլում դեռ հաջողացնում են նոր վարկեր վերցնել՝ նախկիները վերադարձնելու համար։ Բայց դրա արդյունքում պարտքն ավելի է մեծանում ու ամեն հաջորդ տարի շատ ավելի մեծ միջոցներ են անհրաժեշտ լինելու՝ պարտքերը սպասարկելու համար։ Հույսը դրել են քաղաքացիների եկամուտների վրա։

Այն, ինչ անում են եկամուտների հայտարարագրման անվան տակ, անում են քաղաքացիների եկամուտները հարկելու համար։ Պարզապես միանգամից չեն անում, որպեսզի կարողանան կառավարել հասարակության դժգոհությունների ալիքը։ Անցած տարի, երբ փորձեցին հարկել «խոպանչիների» եկամուտներն ու բախվեցին լուրջ դիմադրության, հասկացան, որ հեշտ չի լինելու։ Որոշ գումարի շրջանակներում՝ հարկումը հանեցին, բայց շուտով կրկին վերադառնալու են դրան։

Հայտարարագրման առանցքային նպատակներից մեկը հենց «խոպանչիների» եկամուտների ու դրսից ուղարկվող այլ գումարների հարկումն է։

Ի վերջո, խոսքը բավական լուրջ գումարների մասին է, որից իշխանությունները չեն պատրաստվում հրաժարվել։ Եկամուտների հայտարարագրումը աստիճանաբար կտեղափոխեն հարկման դաշտ ու բոլորին կդնեն հարկային մամլիչի տակ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս