
Не виноватЫЙ я, он сам… Արթուր Աթաբեկյանի անփառունակ «կռուտիտը» Ազգային ժողովում և նրա անցյալի մղձավանջները՝ ԲԴԽ-ում

Օրերս Ազգային ժողովում (ԱԺ) Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Արթուր Աթաբեկյանը ներկայացրեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածուներին:
Պատգամավորների հետ հարցուպատասխանից պարզ դարձավ, որ ԲԴԽ-ում Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածուների ընտրության չափանիշը կապված է եղել դատավորների քանակի հետ. քանի որ դիմել էին երեք հոգի, ապա երեքին էլ ընտրել են, իսկ որ ԲԴԽ անդամի ընտրությունների ժամանակ թեկնածու Արմեն Դանիելյանը հայտարարել էր առաջխաղացման հավակնությունների բացակայության մասին և փաստացի խաբել է դատական համայնքին, ԲԴԽ-ին չի հետաքրքրել: Սա՝ իմիջիայլոց:
Պարզվեց նաև, որ գործերի բաշխման էլեկտրոնային համակարգի խափանումներն իր պաշտոնավարման ժամանակ այդքան հաճախակի չեն և արագ վերացվում են, բայց անհասկանալի մնաց, թե ինչու է խափանվում տրամաբանորեն բարձր հուսալիություն ենթադրող համակարգը, և պարզ չէ նաև, թե ինչպես է բացահայտվելու մակագրման համակարգին ապօրինի միջամտության հանգամանքը:
Պարզ չէր նաև, թե ինչ է արվում համակարգը «պատահաբար» անջատվելուց պաշտպանելու համար, և ինչպես են որոշում, որ համակարգը երկար է չաշխատելու, ու անցնում են ձեռքով մակագրությունների:
Իսկ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցադրումներից պարզ դարձավ, որ Արթուր Աթաբեկյանն դեռևս չի ձերբազատվել իր իրավանախորդի` դատական համակարգը քանդուքարափ արած, դատական համակարգի էությունն ու բովանդակությունը խեղած Կարեն Անդրեասյանի ազդեցությունից, և կաշկանդված է վերջինիս հրամանատարությամբ արված սխրագործություններով, որը և պայմանավորում է Կարեն Անդրեասյանի վարքագծի մոդելի նմանակումով` հատկապես ԲԴԽ որոշումների վերանայման մասով (տե՛ս Դավիթ Հարությունյանի գործով ԲԴԽ-ի` զառանցանք հիշեցնող հիմնավորումները և Սահմանադրական դատարանի արձագանքը դրան։- Գ.Ս.):
Ի դեպ, ԲԴԽ անդամ, հիմա արդեն նախագահ Արթուր Աթաբեկյանն էլ է գործերից մեկով գտել, որ Կարեն Անդրեասյանի դեմ ներկայացված բացարկը` Գրիգոր Մինասյանի հետ համատեղ տնտեսական շահ ունենալու հետ կապված, հիմնավոր չէ, և վերջինս կարող է մասնակցել միջնորդության քննարկմանը:
Այն Արթուր Աթաբեկյանը, ով ներկա էր Դավիթ Հարությունյանի վարույթի ժամանակ գործի դրված ողջ այլանդակությանն ու կողմ քվեարկեց նրա լիազորությունները դադարեցնելուն, թեպետ մինչ այդ այստեղ-այնտեղ, մեղմ ասած, վստահեցրել էր, որ դատավորի լիազորությունները դադարեցնելուն կողմ չի քվեարկելու: Եվ այս մարդն ԱԺ-ում գլուխ էր գովում, թե առնվազն 4-5 դեպքով հակառակվել է Կարեն Անդրեասյանի կարծիքին… Ո՞ր գործերով… Անշա՞ռ…
Ազգային ժողովում պարզ դարձավ նաև, որ ԲԴԽ նախագահը չի ծանոթացել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճռին, կամ էլ փորձեց մանիպուլացնել Ազգային ժողովին, որովհետև ԲԴԽ-ն տրիբունալ ճանաչելու-չճանաչելու՝ դիմող կողմի փաստարկները և ՄԻԵԴ իրավական դիրքորոշումները վերաբերել են ԲԴԽ տվյալ կազմի գիտնական անդամների ընտրության գործընթացներին, և ուրախանալու կամ տխրելու առանձնապես առիթներ չկան, եթե հաշվի առնենք, թե իշխող քաղաքական ուժն ինչ թեկնածություններ է առաջադրել ԲԴԽ ոչ դատավոր անդամի ընտրության համար:
ԲԴԽ նախագահը երևի չի հիշում, որ Կարեն Անդրեասյանի դեմ ներկայացված բացարկի միջնորդությունը Կարեն Անդրեասյանը չի մերժել, այլ միջնորդության քննությանը մասնակցող ԲԴԽ անդամները և ՄԻԵԴ-ի վճիռը Կարեն Անդրեասյանի մասին չէ, այլ անձի արդար դատաքննության իրավունքի խախտման, հատկապես, որ ՄԻԵԴ-ի վճռում նշված է, թե ինչպես պետք է այդ խախտումները վերացվեն:
Ի դեպ, ԲԴԽ անդամներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նախագահի պատասխաններից պարզ դարձավ, որ դեռևս անպատժելիության երաշխիքներն ուժի մեջ են, և ՄԻԵԴ-ի տվյալ վճռով մարդու իրավունքների խախտում թույլ տված ԲԴԽ անդամները կարող են խուսափել պատասխանատվությունից, սակայն Արմեն Դանիելյանի՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատում ընտրվելը պետք է զգուշացնի շատերին, որովհետև բոլոր ժամանակներում էլ լիքը կարենանդրեասյաններ լինում են:
Հ.Գ. Հատուկ Արթուր Աթաբեկյանի համար՝ տարածում ենք Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճռի հայերեն պաշտոնական թարգմանության հղումը:
Ամոթ է, թող ծանոթանա: Բայց համենայն դեպս ստորև կմեջբերենք վերաբերելի հատվածները: Մարդ ես, կարող է ՄԻԵԴ վճռի մեջ չգտնի:
50. 157-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը սահմանում է, որ նոր հանգամանքները հիմք են ԲԴԽ-ի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած դատական ակտով հիմնավորվել է դատավորի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը։ 157-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ, ի թիվս այլնի, նոր հանգամանքներով վարույթի վերանայման միջնորդություն կարող է բերվել սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված հիմքերի ի հայտ գալու պահից 3 ամսվա ընթացքում, եթե ԲԴԽ-ի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո չի անցել 20 տարի:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Դատարանը վերահաստատում է, որ 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում արձանագրելու դեպքում հատուցման ամենահարմար ձև կլիներ երաշխավորել, որ հնարավորինս վերականգնվեր այն դիրքը, որում դիմումատուն կգտնվեր, եթե սույն դրույթի պահանջները չանտեսվեին: Դատարանը գտնում է, որ այս սկզբունքը կիրառելի է նաև սույն գործով: Հետևաբար՝ Դատարանը գտնում է, որ հատուցման առավել նպատակահարմար ձևը կլինի վարույթի վերսկսումը՝ համաձայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջի, եթե դիմումատուն այդպես պահանջի՝ Դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն (տե՛ս վերևում՝ 50-րդ պարբերությունը):