Վրաստանում բռնագրավել են նախկին ֆինանսիստի ակտիվները. նա փորձել էր լքել երկիրը Հայաստանի տարածքով

Վրաստանի դատախազությունը հայտնել է ֆինանսիստ Գեորգի Բաչիաշվիլիի ակտիվների վրա կալանք դնելու մասին, որը փորձել է Հայաստանի տարածքով փախչել երկրից, հաղորդում է Նովոստի-Գրուզիան։

Նրա ծնողների հաշիվները նույնպես սառեցվել են։

«Դատավորի որոշման հիման վրա քննությունը կալանք է դրել դատապարտված Գեորգի Բաչիաշվիլիի ծնողների բանկային հաշիվների և Գեորգի Բաչիաշվիլիի կողմից հանցագործության կատարման ժամանակ և դրանից հետո ձեռք բերված ակտիվների վրա», – ասվում է գերատեսչության կողմից այսօր տարածած հայտարարության մեջ։

Այս որոշումը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ մարտ ամսին դատարանը Բաչիաշվիլիին մեղավոր է ճանաչել առանձնապես խոշոր չափերի կրիպտոարժույթի անօրինական յուրացման և փողերի լվացման մեջ։ Նա դատապարտվել է 11 տարվա ազատազրկման։

Գործով տուժող է համարվում «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին։ Բաչիաշվիլին ղեկավարում էր նրա հիմնադրամը՝ տարբեր նախագծերում բազմամիլիոնանոց ներդրումներ իրականացնելով։

Քննությունը պնդում է, որ Բաչիաշվիլին Իվանիշվիլիի ներդրումներից ստացված շահույթից յուրացրել է 8986,86 բիթքոյն (ներկայիս փոխարժեքով՝ ավելի քան 1 միլիարդ դոլար)։ Ըստ դատախազության՝ «տարբեր ֆինանսական գործարքներ և գործողություններ» իրականացնելով՝ նա կարողացել է թաքցնել այդ ակտիվների անօրինական ծագումը և ազատորեն տնօրինել դրանք։ Նրանց տվյալներով՝ եկամուտների օրինականացման մեջ ներգրավված են եղել նաև մեղադրյալի հետ կապված ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Փողերի լվացման դրվագը առանձնացվել է առանձին վարույթով։

Բաչիաշվիլին հերքում է իր մեղքը և հայտարարում, որ քաղաքական հետապնդումների զոհ է դարձել՝ Ռուսաստանի հետ ավելի ու ավելի մերձեցող «Վրացական երազանք»-ի քննադատության համար։

Հնարավոր է, որ հաջորդ քայլը կլինի ակտիվների բռնագրավումը։

Այս ամիս «Վրացական երազանքի» կողմից վերահսկվող խորհրդարանը օրինագիծ է ընդունել, որը թույլ է տալիս դրամական փոխհատուցում պահանջել գույքային հանցագործության համար դատապարտված անձից կամ նրա մերձավոր ազգականների և նույնիսկ «նրա հետ կապված անձանց» միջոցով։

Տեսանյութեր

Լրահոս