
ՈւԵՖԱ-ն չեղարկել է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի որակազրկումը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կկարողանա ղեկավարել թիմը Չեմպիոնների լիգայի նոր մրցաշրջանի լիգայի փուլի առաջին խաղում՝ կապված նրա որակազրկման չեղարկման հետ, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Ֆլիկը որակազրկվել էր օգոստոսի 8-ին՝ մեկ եվրագավաթային խաղով, անպարկեշտ վարքի համար, որը ցուցադրել էր մայիսի 6-ին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղից հետո՝ «Ինտերի» դեմ (3:4)։
Բացի այդ, գերմանացի մասնագետը տուգանվել էր 20,000 եվրոյով։ Նույն պատիժը ստացել էր նաև նրա օգնական Մարկուս Ցորգը։
ՈւԵՖԱ-ի բողոքարկման կոմիտեն մասամբ բավարարել է «Բարսելոնայի» բողոքը՝ Ֆլիկի և Ցորգի որակազրկումները փոխարինելով պայմանական պատժամիջոցներով։ Տուգանքները մնում են ուժի մեջ։
«Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլը կսկսի սեպտեմբերի 18-ին՝ արտագնա խաղում հանդիպելով «Նյուքասլին»։