«Հակառակվել գետի հոսանքին». Աբբաս Քիարոսթամի
76 տարեկանում մահացել է իրանցի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի դափնեկիր Աբբաս Քիարոսթամին: Ըստ BBC-ի՝ Աբբաս Քիարոսթամիի (Abbas Kiarostami) մոտ մարտին ախտորոշվել էր ստամոքսաղիքային տրակտի քաղցկեղ: Նա բուժում էր ստանում Ֆրանսիայում, որտեղ էլ մահացել է: Ռեժիսորը Կաննում գլխավոր մրցանակի էր արժանացել 1997թ.՝ իր «Բալի համը» (Taste of Cherry ) ֆիլմի համար: Այն մինիմալիստական ֆիլմ է մի տղամարդու մասին, ով որոշել է ինքնասպան լինել: Նա կինոաշխարհ էր մուտք գործել գեղանկարչությունից և գրաֆիկական դիզայնից: Չնայած հեղափոխությունից հետո Իրանում ստեղծված քաղաքական մթնոլորտին՝ նա այդպես էլ չլքեց Իրանը: Իրանցի վարպետ Աբբաս Քիարոսթամիի ֆիլմերն օրիգինալ են, պարզագույն սյուժե ունեն, մշտապես նկարահանվել են սակավ բյուջեով, սակայն գլուխգործոցներ են, քանի որ նա չի նմանակել ուրիշներին և իր կինոն է կերտել՝ միայն իրեն հատուկ կինոլեզվով ու կինոշարով:
2005թ. կինոռեժիսորը «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրն էր: Իրանցի հայտնի ռեժիսոր Աբբաս Քիարոսթամին, ով վերջին 35 տարիների ընթացքում ոչ մի հարցազրույց չէր տվել, այդ օրերին «168 Ժամի» (168.am) թղթակից Նունե Հախվերդյանի հետ զրույցում դիվանագիտորեն ասել էր. «Փառատոնը ոչ թույլ է, ոչ փոքր և ուշադրության կարիք ունի: Իրանում մենք բոլորս էլ մեկ կամ երկու հայ ընկեր ունենք: Հիմա, իհարկե, հեղափոխությունից հետո, հայերի թիվը պակասել է, բայց ես ազդված եմ հայ մշակույթից: Իմ հայ ընկերոջ տանն առաջին անգամ տեսա, որ դանակով ու պատառաքաղով են ուտում»:
Ա. Քիարոսթամին մեծ պատասխանատվությամբ ու նրբանկատությամբ է մոտենում մարդ էակի ներաշխարհին, նրա ֆիլմերի դիտումն աշխատանք է պահանջում: Ինտելեկտուալ կինոյի նուրբ վարպետը գտնում է, որ ամերիկյան կինոն իր բացասական ազդեցությունն է թողնում բոլորի վրա: «Եթե Իրանում որոշես Հոլիվուդի չափանիշներով ֆիլմ նկարահանել, հովանավորներ կգտնես: Դժվար է հակառակվել գետի հոսանքին: Իմ լսարանն այն մարդիկ են, ովքեր իմ ֆիլմերը կարողանում են մինչև վերջ նայել, նույնիսկ, եթե չեն սիրում ինձ»,- հայաստանյան այցի ընթացքում ասել է կինոռեժիսորը: Իրանցի ռեժիսորները կինոցենզուրան իրենց ներսում են տեղադրում և ֆիլմի սկզբից սահմանափակումներ անում: «Ցենզուրան այն պատն է, որից պետք է լինում այն կողմ թռչել»,- ասել է նա: «Ոսկե Ծիրանի» շրջանակներում ցուցադրվեց Ա. Քիարոսթամիի «Տասը» ֆիլմը և բացվեց նրա ֆոտոինստալացիաների ցուցադրությունը:
Ստորև ներկայացնում ենք «168 Ժամի» (168.am) թղթակից Նունե Հախվերդյանի զրույցը Աբբաս Քիարոսթամիի հետ, որն արվել է 2005թ. հուլիսին:
Տարածություն եմ թողնում մտածելու համար
Իրանցի հայտնի ռեժիսոր Աբբաս Քիարոսթամին «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրն էր: Վերջին տարիներին պարսկական կինոն մեծ թափ է հավաքել, ճանաչվել ողջ աշխարհում և կանգնել ամուր հիմքերի վրա: Քիարոսթամիի ֆիլմերի շնորհիվ աշխարհը տեսավ թարմ կինոհայացք: Նրա ֆիլմերի սյուժեները կարելի է հեշտ և արագ վերապատմել: Նրա դանդաղ ու գեղեցիկ ֆիլմերը երկխոսության են հրավիրում։
«Որտե՞ղ է ընկերոջ տունը» ֆիլմի հերոսը գյուղացի դպրոցական տղա է, ով ուզում է վերադարձնել դասընկերոջ տետրը, բայց չի հիշում նրա տան տեղը: Որոնում, մոլորվում է գիշերային ճանապարհներում: Նրա պատմությունն ազնվության ու պատասխանատվության մասին է: «Բալի համը» ֆիլմը պատմում է մահվան պատրաստվող երիտասարդի մասին, ով իր դիակը հողին հանձնել ցանկացող է փնտրում: Երիտասարդը մտածում է մահվան մասին, իսկ ռեժիսորը՝ կյանքի:
«Տասը» ֆիլմը նկարահանված է փաստագրական կինոյի սկզբունքով, խցիկն անշարժ է և ներկայացնում է ավտոմեքենայի ղեկին նստած կնոջ զրույցները որդու, քրոջ, պատահական ուղևորուհիների հետ: Այդ սակավաբյուջե և մինիմալ տեսաշար ունեցող ֆիլմը գլուխգործոց է: Ուշադրություն է գրավում ոչ թե սյուժեով, այլ էմոցիոնալ խտությամբ: Քիարոսթամիին հետաքրքիր են մարդկային անորսալի հույզերը, որոնք դուրս են տրամաբանական հսկողությունից: Ամենօրյա կյանքը շարունակվում է և անավարտ պատմություն դառնում: Ֆիլմն ավարտվում է, մարդիկ շարունակում են ապրել: Ու զարմացնել իրենց ամբողջականությամբ ու կատարելության ձգտումով:
– Հերոսի գաղափարը կինոյից վերանում է: Որոշ հանդիսականներ իմ ֆիլմերը դիտելով կարող են հերոս հայտնաբերել: Տարբեր մարդիկ տարբեր հերոսներ են գտնում: Իմ ֆիլմերի պերսոնաժները սովորական մարդիկ են, ովքեր յուրահատուկ իրավիճակներում են հայտնվում: Իրավիճակն է նրանց հերոս դարձնում:
– Համարում եք, որ բոլորս էլ հերոսնե՞ր ենք:
– Իհարկե, այդպես է, այլապես ֆիլմեր չէի նկարի: Սովորական մարդիկ իմ ֆիլմերում իրենց կյանքն են տեսնում՝ կադրի շրջանակի մեջ: Ամեն մարդ ինքն է իր կյանքի հերոսը: Յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր ճանապարհը: Իսկական հերոսները ոչ հերոսական կյանքով ապրող մարդիկ են: Մենք մեր ֆանտազիայի ու կարճամտության պատճառով ենք հերոսներ որոնում ու էկրան հանում: Տարիների ընթացքում դադարել ենք տեսնել ու հասկանալ մեզ շրջապատող մարդկանց: Կինոն հեղեղված է բառերով ու պատկերներով: Ես հակառակն եմ անում՝ տարածություն եմ թողնում մտածելու համար։
– «Տասը» ֆիլմի ձեր հերոսուհին զգում է փոփոխությունների կարիք, բայց կարծես չի համարձակվում որևէ բան փոխել իր կյանքում:
– Նա որևէ բան չի փոխում իր կյանքում, քանի որ պատմվում է նրա կյանքի ընդամենը մեկ ու կես ժամվա պատմությունը: Բայց դա չի նշանակում, որ նա չի փոխվի ֆիլմի ավարտից հետո: Այդ հատվածից հետո նա կարող է կտրուկ քայլերի դիմել: Բայց կարող է և չդիմել: Ամեն մի հանդիսական տեսնում է այն, ինչ ուզում է: Միայն այդ կինը չէ կարևոր, այլ այն ընդհանուր ճանապարհը, որը կբացվի դիտողի համար: Եթե հանդիսատեսը չի տեսնում ուրիշ ճանապարհ, ֆիլմի պերսոնաժները վերածվում են կեղծ կերպարների: Ամեն մարդ ինքն իր մեջ պետք է տեսնի փոփոխության հնարավորությունը:
– Մարդն ազա՞տ է իր ընտրության մեջ, ի զորո՞ւ է փոխել սեփական կյանքը:
– Իրականում մարդն անճար է և որևէ բան փոխել չի կարող: Բայց եթե նույնիսկ չի կարող, լավ կլինի հավատա, որ կարող է: Ուզում եմ մեջբերել իմ սիրած էքզիստենցիալիստների խոսքերը, որոնք գուցե չափազանցված են ու նույնիսկ անմարդկային. «Եթե մարդն ի ծնե անդամալույծ է ու չի կարող հարյուր մետր վազքի մեջ առաջինը լինել, դա միայն իր մեղքով է»: Այդ բառերի մեջ չափազանցություն կա, բայց այդ միտքը մեր օգտին է աշխատում, պետք է հավատալ, որ դա ճիշտ է: Ավելի լավ է այդպես կարծել: Քո իրավիճակի հետ հաշտվելու ամենահեշտ միջոցն անընդհատ ուրիշին մեղադրելն է: Իհարկե, կյանքում տրվում են շանսեր, անկասկած գոյություն ունի բախտի գաղափարը, շրջապատի ազդեցությունը, բայց լավ կլինի հավատալ, որ մենք ենք մեր ճակատագրի տերը: «Մեղավորն ուրիշներն են» ասելով՝ մենք մեծ վնասներ ենք հասցնում մարդկությանը:
– Իսլամական ու քրիստոնեական մշակույթների միջև կամուրջներ կարո՞ղ են ստեղծվել:
– Կարծում եմ, եթե մենք չփչացնենք այն մարդկային հարաբերությունների կամուրջները, որոնք վաղուց գոյություն ունեն, նոր կամուրջներ կառուցելու կարիք չի լինի: Կապն արդեն կա: Իմ ողջ կյանքի ընթացքում ես տարիներ շարունակ շփվել եմ հայ ընկերների հետ, առանց մտածելու, որ պետք է որևէ հատուկ կամուրջ ստեղծեմ: Շփվելու համար հատուկ քայլեր անել պետք չէ: Կոտրված կամուրջի գաղափարը քաղաքական դեմքերն են առաջ բերում ու շահարկում: Նրանց ձեռնտու է կարծել, որ քրիստոնյաներն ու մահմեդականները հակառակ բանակներում են: Մարդիկ հաշտությունից ու միացումից են օգուտ քաղում, իսկ քաղաքականությամբ զբաղվող մարդիկ, ընդհակառակը, ուզում են խզել այդ կապը:
– Ավանդույթները չե՞ն խանգարում:
– Ոչ, մարդիկ առանց մեծ ջանքերի են հաղթահարում այդ դժվարությունները: Եթե մարդիկ ընդունեն, որ որոշում կայացնելիս պետք չէ իրենցից ավելի տարեց ու ավանդապաշտ խնամակալներից խորհուրդ հարցնել, շփումը կստացվի: Պետք է, պետք չէ՝ ամեն մարդ ինքն է որոշում: Խնամակալների իշխանությունը եթե չլինի, մարդիկ չեն վախենա ու ավելի հեշտ կանեն իրենց ընտրությունը: Բակում կամ աստիճանների վրա խաղացող տարբեր հարևանների երեխաները ոչ ազգային, ոչ կրոնական տարբերություն չեն տեսնում: Ծնողներն են հետո բացատրում նրանց այդ հասկացողությունների իմաստն ու տարբերությունները:
– 1997թ. ձեր «Բալի համը» ֆիլմը հաղթեց Կաննի փառատոնում ու հայտնի դարձրեց պարսկական կինոն: Որևէ հայկական ֆիլմ՝ մրցանակ ստանալով, կարո՞ղ է զարգացնել հայկական կինոարտադրությունը:
– Փարաջանովը, օրինակ, երբեք չի ցանկացել համաշխարհային կինոդեմք դառնալ: Նա պարզապես ֆիլմեր է նկարել՝ հավատարիմ լինելով ինքն իրեն: Եվ համաշխարհային փառքի է հասել՝ առանց որևէ մրցանակ շահելու: Մրցանակը կարող է օգնել, բայց դա որոշիչ նշանակություն չի կարող ունենալ: Ամեն մարդ պետք է ձգտի ուժեղ լինել: Եթե ուժեղ լինի, լավ ֆիլմեր կնկարահանի: Եվ մարդիկ, բնականաբար, կհետաքրքրվեն լավ ֆիլմերով: Կարևորը յուրահատուկ լինելն է, եթե ընդօրինակես ուրիշներին, հաջողություն չես ունենա ու օրիգինալ չես համարվի: Եթե քաղաքական դեմքերը չմիջամտեն ու խորհուրդներ չտան, կարող է ստեղծվել դրսի համար հետաքրքիր հայկական ֆիլմ:
– Դուք քաղաքական ճնշում զգացե՞լ եք:
– Իմ ֆիլմերն այնպիսին են, որ քաղաքական ճնշումների չեն ենթարկվում: Իրանում, իհարկե, խիստ գրախոսություն կա, բայց ես քաղաքական ֆիլմ սարքող ռեժիսոր չեմ: Շատերն ինձ սխալ հասկանալու պատճառով են մեղադրել, բայց ես քաղաքական նպատակներ չեմ հետապնդում իմ ֆիլմերում: Դեմ եմ գաղափարախոսությանը, քանի որ համարում եմ, որ ոչ ոք մարդկությանը փրկելու դեղատոմս չի ստեղծել: Դեղատոմսերը գրում են մարգարեներն ու քաղաքական դեմքերը: Եվ միայն իրենք գիտեն՝ ինչպե՞ս փրկել աշխարհը: Արվեստագետները փրկիչներ չեն, նրանք միայն բարձրաձայն ասում են իրենց մտքերը:
– Իսկ այդ մտքերն օգնո՞ւմ են մեզ փրկվել մեկուսացումից:
– Եթե փորձեմ իրատես լինել, պիտի ասեմ՝ այո, բայց բավական թանկ գնով:
Հ. Գ. Քիարոսթամին Երևանում ներկայացրեց իր լուսանկարների հավաքածուն, որն էլ փառատոնի ավարտից հետո նվիրեց Փարաջանովի թանգարանին: Դա մեծ ու շատ գեղեցիկ նվեր է մեր քաղաքին: «Լուսանկարը պարզ ու անշարժ ռեժիսուրա է: Երբ նայում եմ բնությանը, տեսնում եմ շրջանակի մեջ տեղադրված բնապատկերներ: Կադրի որոնումն անդադար աշխատանք է»,- ասում է նա: Ինչպես ասաց Քիարոսթամին՝ ինքը բավական ժլատ է և հազվադեպ է նվերներ անում, սակայն որոշեց այդ նվերն անել՝ ի շնորհակալություն Երևանին: Իսկ քաղաքն էլ, իր հերթին, նրան պարգևատրեց հուշամեդալով: