«Մշակույթը կարող է լինել ազգային, բայց արվեստը՝ ոչ, ինչպես որ ճշմարտությունը չի կարող լինել ազգային». Գարիկ Կարապետյան

Աբստրակցիոնիստ Գարիկ Կարապետյանի հետ 168.am-ը զրուցել է առաջիկայում կայանալիք ցուցահանդեսի, հայաստանյան մշակութային իրականության և ժամանակակից արվեստի խնդիրների շուրջ:

Օտարերկրացի հանդիսատեսին հետաքրքի՞ր է մեր արվեստը: Ի՞նչ են ակնկալում նրանք տեսնել՝ հայ նկարիչների ցուցահանդեսներ հաճախելով:

– Արվեստի իսկական հանդիսատեսն անկախ ազգությունից՝ իրար նման և նույն կերպ մտածող մարդն է: Օտարերկրացի կլինի թե տեղացի՝ մարդը նույն ապրումներն է ունենում արվեստ տեսնելիս: Ցուցահանդես հաճախելիս նրանք ակնկալում են տեսնել իսկական արվեստ: Արվեստն օգնություն է՝ ուղղված մարդկային էակին:

Իրականում, չկա մի երկրի արվեստ կամ ազգային արվեստ, այլ կան կոնկրետ մարդիկ, որոնք ստեղծում են արվեստ: Կան երկրներ, որոնք կարևորում են իրենց երկրում բնակվող, հաճախ՝ նաև ուրիշ երկրներում բնակվող արվեստագետներին, ձեռք են բերում նրանց ստեղծագործությունները և ներկայացնում իրենց թանգարաններում՝ այն դարձնելով այդ երկրի հարստությունը և հպարտությունը:

Կարդացեք նաև

Արվեստն այն ֆունդամենտալ չափանիշներից մեկն է, որի շուրջ ձևավորվում և զարգանում են երկրների ազգային մշակույթները:

Garik Karapetyan (3)

Մշակույթը կարող է լինել ազգային, բայց արվեստը՝ ոչ, ինչպես որ ճշմարտությունը չի կարող լինել ազգային: Մեր երկիրը, ցավոք, չունի արդի արվեստի գործերը երկրում կոնսերվացնելու քաղաքականություն, ինչը հանգեցնում է նրան, որ երկրում նոր մշակույթ չի ձևավորվում: Մշակույթը մշտական զարգացման կարիք ունի, որը շատ հետևողական գործընթաց է: Դա է անկախ և գրավիչ երկիր ունենալու գրավականը …

«Հայկական մշակույթ» ասելով, թերևս, հիմնական հղումները հին ժամանակներից մինչև միջնադար է: Ցավոք, ժամանակակից Հայաստանի կապն այդ շատ խորքային և հզոր մշակույթի հետ աստիճանաբար ավելի ֆորմալ բնույթ է կրում:

Որպես արվեստագետ՝ ի՞նչ խնդիրներ եք տեսնում, ի՞նչն է Ձեզ ամենից շատ հուզում:

– Շատ մտահոգիչ է այսօր ամենուր տիրող այս խառնաշփոթը: Կային չափանիշներ, որոնք նշում էին ազատության սահմանը: Եթե կա սահման, ուրեմն կա նաև ազատություն: Մարդիկ ցանկացան ավելի ազատ լինել և համառորեն կործանեցին չափանիշները՝ չառաջարկելով ոչ մի համարժեք այլընտրանք: Եթե չկա մեծ նպատակ, ապա չկա նաև առաջընթաց:

Garik Karapetyan (6)

Մեզանում վերջին շրջանում ցուցահանդեսները կարծես արժանանում են միայն գովեստի խոսքերի: Տպավորություն է, թե պակասում է քննադատությունը:

– Կարծում եմ՝ դա շատ օրինաչափ է: Լավ ցուցահանդեսները նայում են լռությամբ և առանց գովեստի խոսքերի, իսկ վատ ցուցահանդեսները, որպես կանոն, մեծ ուրախությամբ են արժանանում գովեստի խոսքերի: Որքան վատ արդյունք՝ այնքան շատ են գովեստի խոսքերը, և մեծ է հրավառությունը:

– Առանց քննադատության արվեստի զարգացում հնարավո՞ր է, թե՞ այդ քննադատությունը կաշկանդում է ստեղծագործողին:

– Արվեստը բացարձակապես քննադատության կարիք չունի: Արվեստը սիրո և նվիրվածության կարիք ունի: Արվեստ ստեղծողը, արվեստ վերլուծող և արվեստ գնահատողը նույն մարդիկ են, նրանք իրար չպետք է քննադատեն, նրանք պետք է օգնեն միմյանց ստեղծագործել:

Garik Karapetyan (2)

– Հասարակությանը հուզող խնդիրներին արվեստագետն ինչպե՞ս պետք է պատասխանի. ըստ Ձեզ՝ ստեղծագործություններո՞վ, թե՞ հարկ եղած դեպքում փողոց պայքարի դուրս գալով:

– Ճշմարիտ խոսքով: Կարծում եմ՝ եթե ամեն մտածող մարդկային էակ չվախենա և ազնվորեն ասի ճշմարտությունն իրականության մասին, ապա մարդիկ փողոց դուրս կգան միայն իրար հանդիպելու և զբոսնելու համար: Արվեստի ստեղծագործությունն այն միջոցն է, որն օգնում է մեզ մարդ մնալ և խաղաղ ապրել:

Garik Karapetyan (1)

– Ստեղծագործողի համար կարևոր է, որ բացի իր ստեղծագործությամբ հիանալուց, նաև դրանք կարողանա վաճառել: Մենք արդյոք հեռո՞ւ ենք այն գիտակցումից, որ արվեստի ստեղծագործությունների վրա ներդրումները շատ ավելի արժեքավոր են ու եկամտաբեր, քան զուտ նյութական միջոցների գնումը:

– Երբ արվեստի գործերը վաճառվում են, դա սովորական վաճառք չէ, ինչպես ընդունված է բիզնեսում: Արվեստի գործերը ժամանակ առ ժամանակ ի պահ են տրվում մեկից մյուսին, որի համար էլ վճարում են: Արվեստ ձեռք բերելը ոչ թե եկամտաբեր է, այլ պատիվ է այն մարդու համար, որը կարողանում է ինչ-որ ժամանակով անձամբ իր տանն ունենալ այն: Իրականում արվեստը չի կարող լինել գնորդի սեփականությունը, որքան էլ թանկ վճարի դրա համար: Արվեստը բոլոր այն մարդկանց համար է, որոնք ունեն նրա կարիքը:

Զարմանալի են արվեստի գործերի ճակատագրերը: Հայտնվելով ամենատարբեր «սեփականատերերի» ձեռքերում՝ հաճախ նրանց իսկ հոժարակամ նվիրատվությամբ իրենց տեղն են գտնում թանգարաններում և հասանելի դառնում բոլորին:

– Դուք հաճախ եք հանդես գալիս ցուցահանդեսներով արտերկրում, որտեղ համագործակցում եք Մարսելի «Աննա Չոպ» գալերեայի հետ: Հենց վերջինս էլ ներկայացնում է Ձեր աշխատանքները, կազմակերպում է ցուցահանդեսները, իսկ հայրենիքում Ձեր արվեստի սիրահարները որտե՞ղ կարող են տեսնել Ձեր աշխատանքները:

Garik Karapetyan (5)

– Իմ համագործակցությունը ֆրանսիական գալերեայի հետ արդեն երկար ժամանակ շարունակվում է, քանի որ այդ համագործակցությունը պրոֆեսիոնալ մակարդակի վրա է: Հայաստանում մենք լուրջ խնդիր ունենք այդ առումով: Շատ տարօրինակ է, որ մեկ միլիոնանոց քաղաքում չկա ոչ մի լուրջ պրոֆեսիոնալ գալերեա, իսկ հայրենիքում այն ցուցահանդեսներին, որոնց կոնցեպտն ինձ հետաքրքիր է լինում՝ մասնակցում եմ:

– Ակտիվ լուսաբանված մշակութային իրադարձությանը հանրությունն անմիջապես արձագանքում է իր մասնակցությամբ: Արդյոք դա կարո՞ղ է նշանակել, որ տեղեկատվության պակաս կա:

– Մարդիկ տեղեկատվության պակաս շատ չունեն հատկապես մեր օրերում: Կարծում եմ՝ մարդիկ իրար տեսնելու, իրար հետ շփվելու և կիսվելու կարիք ունեն: Հատկապես մշակութային միջոցառումների ժամանակ այդ շփումներն ավելի հաճելի և հիշարժան են դառնում:

– Hassfest փառատոնին, որտեղ ներկայացվելու են հայ ժամանակակից նկարիչների 2016թ․ վերջին գործերը, մասնակցում եք նաև Դուք: Հայտնի է, որ ներկայացվելու է նաև Ձեր կտավներից ոգեշնչված կոմպոզիտոր Յիրան Ժաոյի ստեղծագործությունը։ Կմանրամասնե՞ք՝ ինչ ստեղծագործություն է:

Garik Karapetyan (4)

Garik Karapetyan (7)

– Նախագծի կազմակերպիչները 2 տարի առաջ հայ նկարիչների գործերը ներկայացրել էին տարբեր երկրներում բնակվող կոմպոզիտորների, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ոգեշնչվել արվեստի գործերից և ստեղծել երաժշտություն, և այն արվեստագետները, ում միջև ստացվեց այդ համագործակցությունը, մասնակցում են այս նախագծին: Իմ գործերից ոգեշնչված 2 կոմպոզիտորներ՝ Յիրան Ժաոն (Շվեյցարիա) և Բեն Լուն (Մեծ Բրիտանիա), գրել են երաժշտություն: Երաժիշտները կկատարեն այդ գործերը հուլիսի 7-ին Նորարար-փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ):

Տեսանյութեր

Լրահոս