ՀՀ փոքր հանքերում ոսկու պարունակությունը շատ բարձր է
Հայաստանում այս պահին ոսկու հիմնական արտադրողն արևելքում գտնվող Սոթքի հանքն է: Ընդ որում, ոսկին մեծ կարևորություն ունի նաև հարավում գտնվող Շահումյանի հանքում: Այս մասին նշվում է Համաշխարհային բանկի՝ «Հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում. Հայաստան» զեկույցում։
Հաշվետու տվյալների համաձայն՝ ավելի փոքր այլ հանքերում ոսկու պարունակությունը հաճախ բարձրից մինչև չափազանց բարձր է, ինչի շնորհիվ այս փոքր պաշարներից մի քանիսի արդյունահանումն ակնհայտորեն դառնում է տնտեսապես նպատակահարմար (Մղարտ, Մեղրաձոր և Մեղրաձոր-Լուսաջուր): Ինչևէ, այս հանքերում պաշարների ծավալներն այնքան փոքր են, որ ակնկալվում է՝ դրանց շահագործման տևողությունը շատ կարճ կլինի:
Բայց քանի որ այս հանքերում պաշարների ծավալները` արտահայտված տոննայով, փոքր են, սովորաբար դրանց շահագործման համապատասխան տևողությունը կարճ է:
Ի տարբերություն ոսկու բարձր պարունակությամբ, բայց փոքր ծավալներով պաշարներ ունեցող բազմաթիվ հանքերի՝ հանրապետության հարավկենտրոնական մասում գտնվող «Լիդիան Ինթերնեշընլի» » («Գեոթիմ») ՓԲԸ Ամուլսարի հանքն ունի ոսկու ցածր պարունակությամբ մեծածավալ պաշարներ:
Ծրագիրը կատարել է տեխնիկատնտեսական հիմնավորում և ապահովել հանքի կառուցման համար պահանջվող ֆինանսավորման մեծ մասը:
Ընկերության կայքէջի համաձայն (մուտքը տվյալ կայքէջ կատարվել է 2016 թ. հունվարի 7-ին)՝ հաստատված պաշարները (ոսկու 0.20 գրամ/տոննա նվազագույն պարունակությամբ) կազմում են մոտ 67 միլիոն տոննա՝ ոսկու 0.79 գ/տ և արծաթի 3,68 գ/տ պարունակությամբ:
«Լիդիանը» նախատեսում է շահագործել հանքը 10 տարի՝ ապահովելով ոսկու տարեկան 200,000 ունցիա (5,700 կգ/տարի) արտադրություն:
Գործունեության 10 տարվա ժամանակահատվածում տարեկան արտադրության արժեքը՝ հիմնված մետաղների ընթացիկ գների վրա, կհավասարվի Քաջարանի արտադրության արժեքին, այսինքն՝ կկազմի 200 մլն ԱՄՆ դոլար: