Բաժիններ՝

Սրտնեղած Գյուլբենկյանն ու արքայի սուրը

Հայ նշանավոր գրող Երվանդ Օտյանը 1898 թվականին գրված մի պատմվածք ունի: Կոչվում է «Լևոն թագավորի սուրը»: Պատմությունն այն մասին է, թե ինչպես մի քանի ընկերներ այցելում են Աթենքի Անկախության պատերազմի թանգարան՝ տեսնելու Կիլիկիո արքա Լևոն Զ Լուսինյանի սուրը: Իսկ հետո հեղինակը գրում է. «Այդ սուրը ուրիշ անգամ տեսած էի արդեն: Դաշույն մըն էր` ոսկեզօծ նրբակերտ պատյանով մը, որուն վրա Լևոն թագավոր Հայոց բառերը փորագրված էին, հետո թվական մը, Ի թվին Քր. ՌՄԻ: Այդ դաշույնը շինված էր, ինչպես պատմեցին ինծի, Պոլսո շուկայի վարպետ հայ արհեստագետ մը ու հաջողած էր իբրև հարազատ բան մը կլլեցնող հնության հավաքիչ անգլիացիի մը ու ծախել մեծկակ գումարի մը փոխարեն: Անգլիացին Աթենք գտնված միջոցին նվեր տված էր թանգարանին, խաբեբայությունը հասկնալե ետքը: Հիմա հոն դարանի մը անկյունը նետված կը մնար…»:

Ինչպես հայտնի է, պատմությունը կրկնվելու հատկություն ունի: Թագավորական կեղծված սրի մասին այս պատմվածքի հրատարակումից գրեթե 4 տասնամյակ անց կատարվեց մի դեպք, որն անկեղծորեն պիտի զարմացներ Օտյանին, եթե նա կենդանի լիներ: Իսկ դեպքը տեղի ունեցավ 1935 թվականին: Այդ տարի Խորհրդային Միությունում նշվում էր պարսիկ բանաստեղծ Ֆիրդուսու ծննդյան 1000-ամյակը: Ամենուր զանազան միջոցառումներ էին անցկացվում, և այդ առումով ետ չմնաց նաև Լենինգրադի «Էրմիտաժը»: Թանգարանում բացվել էր պարսկագիտական ցուցահանդես: Եվ ցուցահանդեսի պատվավոր հյուրերի թվում էր շատ անսպասելի մեկը՝ հայ մեծահարուստ, բարերար, արվեստների սիրահար Գալուստ Գյուլբենկյանը: Կապիտալիստ Գյուլբենկյանի ներկայությունը պրոլետարական երկրում, այն էլ՝ հրավիրյալի կարգավիճակով, իրոք որ բացառիկ էր: Սակայն դա իր պատճառներն ուներ: Ժամանակին, երբ սովետների երկիրը ծանր դրության մեջ էր ու ստիպված վաճառքի էր հանել արվեստի նշանավոր գործեր, Գյուլբենկյանը դարձել էր գնորդներից մեկը՝ բավականին պատկառելի գումար վճարելով տասնյակ կտավների դիմաց:

Սակայն 1935-ին նրա ներկայությունն «Էրմիտաժում» միայն այդ հանգամանքով պայմանավորված չէր: Բանն այն է, որ հայ մեծահարուստը նաև Սասանյան ժամանակաշրջանի պատմական իրերի հարուստ հավաքածու ուներ, և մի քանի նմուշներ բերել էր Լենինգրադ՝ ցուցադրության: Եվ հենց այստեղ էլ նա առիթ է ունենում հանդիպելու Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչների հետ: Տեսակցությունը շատ ջերմ էր: Խոսում են երկրի ներկա վիճակից, ապագա ծրագրերից: Եվ ոգևորված Գուլբենկյանը հայ գիտնականներին խոստանում է ոչ միայն՝ դրամական օժանդակություն ցույց տալ Հայաստանի Պատմության թանգարանի շենքի կառուցման համար, այլև՝ իր մասնավոր հավաքածուից թանգարանին նվիրաբերել հայկական ծագում ունեցող պատմական իրեր:

13219936_10206834534646136_1446269731_n

Կարդացեք նաև

Հանդիպումից մի քանի ամիս անց Երևանում իսկապես ստացան խոստացած ծանրոցը: Կից գրությամբ տեղեկացվում էր, որ դա Լևոն թագավորի սուրն է: Նվիրատուն հայտնում էր նաև, որ սուրը ձեռք է բերել Վենետիկի Մխիթարյան միաբանության թանգարանից: Հայաստանի Պատմության թանգարանի աշխատակիցները սկսեցին զննել բացառիկ նվերը: Դա կովկասյան դաշույնի ձև ունեցող, երկու խոր քիվերով մի զենք էր, որի փղոսկրե դաստապանի վրա Լևոն թագավորի հայտնի փորագրաքանդակն էր, իսկ պատյանը ծածկված էր կաշվով: Բայց մասնագետների եզրակացությունը լսելուց հետո ընդհանուր ուրախությունն անմիջապես փոխվեց հիասթափության: Սուրը կեղծ էր: Փորձառու Գյուլբենկյանին նույնպես կարողացել էին մոլորեցնել:

Պետք էր նրան ասել այդ մասին: Թանգարանի կողմից նամակ ուղարկվեց Լոնդոն: Նամակում շնորհակալություն էին հայտնում՝ ցուցաբերած ուշադրության համար, բայց միաժամանակ տեղեկացնում էին, որ առաքված նվերը ոչ մի կերպ չէր կարող Կիլիկիո արքայինը լինել: Իսկ հետո հաջորդեց երկարատև լռությունը: Պատասխան այդպես էլ չստացվեց: Թե ինչպես էր նվիրատուն ընկալել ցավալի լուրը՝ հայտնի չէ: Ասենք միայն, որ այդ դեպքից հետո թանգարանը ոչ խոստացած դրամական օժանդակությունը ստացավ, ոչ էլ այլ ցուցանմուշներով հարստացավ: Գալուստ Գյուլբենկյանը կարծես թե խորապես վիրավորվել էր: Սակայն ումի՞ց: Գուցե այդպես էլ չէր կարողացել ներել ինքն իրե՞ն, որ լինելով պատմության և արվեստների հմուտ գիտակ՝ միամտաբար կուլ էր տվել զեղծարարների նետած խայծը:

13231193_10206834534486132_1320291112_n

Բայց վերադառնանք Կիլիկիո թագավորի զենքի ճակատագրին, որովհետև պատմությունը դեռ շարունակություն ունի: Թե հատկապես ինչո՞վ էր Լևոն արքայի սուրն արժանացել կեղծվելու այդ բացառիկ հետևողականությանը, դժվար է կռահել: Միայն պիտի ասենք, որ թագավորական նորանոր սրերի պակաս հետագայում էլ չնկատվեց: Նմանատիպ դեպքեր դարձյալ արձանագրվեցին: Այսպես, Վարդան Հայր վարդապետ Հացունին դեռևս 1923 թվականին իր «Պատմություն հին հայ տարազին» աշխատության մեջ նկարագրում էր Լևոն արքայի սուրը և այն համարում էր սովորական կեղծիք: Մեկ այլ սուր ժամանակին հայտնվեց Էջմիածնի Ազգագրական թանգարանում: Նրա մասին պատմում էին, որ դամասկոսյան պողպատից շինված երկսայրի այդ սուրը շատ խոշոր էր, իսկ վրան դրոշմված էր մի գաղտնագիր, որն իբրև թե պիտի վկայեր պատկանելությունը Լևոն Զ թագավորին: Բայց, ինչպես դժվար չէ կռահել, դա նույնպես կեղծ էր: Հաջորդ կեղծված սուրը գտնվել էր Փարիզի հայկական եկեղեցու թանգարանում: Դրա նույնիսկ արտաքին տեսքն էր մատնում, որ որևէ առնչություն չուներ հայկական զինատեսակների հետ: Իսկ այսօր հայտնի և ցուցադրվող միայն մեկ սուր կա, որը գտնվում է Սուրբ Ղազար կղզու թանգարանում:

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս