Կոռուպցիոն ռիսկ. գինը՝ «նվերի» դիմաց նախապես պայմանավորվա՞ծ է եղել․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր Հայաստանի կառավարությունը առանց որևէ բացատրության թույլ տվեց «ՄՏՍ Արմենիա»-ի պետական 20% բաժնեմասի վաճառքի գործընթացը։

Այդ բաժնեմասերը պետությունն ընդամենը 1.5 տարի առաջ նվեր էր ստացել նոր սեփականատիրոջից՝ FEDILCO GROUP LIMITED-ից։

Այժմ նույն այդ ընկերությունը խնդրում է «նվերը» հետ գնել։

Կառավարությունը համաձայնում է։ Գինը՝ 50 միլիոն դոլար, առանց թափանցիկ գնահատման, առանց մրցույթի, առանց պարզաբանումների։

Իսկ ընդամենը մի քանի շաբաթ առաջ նույն կառավարությունը սկսեց ՀԷՑ-ի ազգայնացման գործընթացը՝ ներկայացնելով դա որպես ազգային անվտանգության հարց։

Մի դեպքում պետականացում, մյուս դեպքում՝ օտարում։ Ո՞րն է տրամաբանությունը։

Եթե չկա տնտեսական հիմնավորում, ավելին՝ կառավարության քաղաքականության կոնտրաստն ակնհայտ է, հետևություններ ստիպված ենք անել քաղաքական հարթության վրա:

Եթե ՀԷՑ-ի դեպքում պետությունը պնդում է, որ ռազմավարական ենթակառուցվածքները պետք է պետական լինեն, ինչո՞ւ է հիմա հենց նույն պետությունը պատրաստվում վաճառել կապի համակարգում իր ունեցած մասնաբաժինը։

Արդյո՞ք ՀԷՑ-ի դեմ գործողություններն այլ նպատակ ունեն՝ հարվածել կոնկրետ սեփականատիրոջը՝ ոչ թե հանրային շահից ելնելով, այլ՝ քաղաքական հաշվեհարդարի տրամաբանությամբ։

Եվ վերջապես՝ 50 միլիոն դոլարով այս գործարքը կոռուպցիոն ռիսկ ունի. երբ գնորդը հենց նախկին նվիրատուն է, գինը՝ «նվերի» դիմաց նախապես պայմանավորված։

Կառավարությունն ինքն է փլուզում հանրային վստահությունը սեփական քաղաքականության նկատմամբ՝ առաջացնելով հիմնավոր կասկածներ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031