Բաժիններ՝

ՎՊ-ի հաշվետվությունը՝ առանց նախկին էնտուզիազմի

Ազգային ժողովի նիստում երեկ, գրեթե դատարկ դահլիճում, առանց աղմկահարույց բացահայտումների, ավարտվեց Հայաստանի Վերահսկիչ պալատի 2015 թ. տարեկան հաշվետվության քննարկումը։

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն արձանագրեց՝ ՎՊ հաշվետվություններն անհետաքրքիր են, ու տարեցտարի դրանց ծավալները նվազում են։
ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը նախազգուշացրեց՝ հաջորդ տարվա հաշվետվությունն է՛լ ավելի նվազ կլինի, բայց պատճառն «Ինտոսայի» սկզբունքներն են, որ չեն պարտադրում ընթացիկ հաշվետվությունները ներառել տարեկան հաշվետվության մեջ, այլապես բոլոր հաշվետվություններն իրար հետ 2000 էջ և ավելի կկազմեն։

«2012 թվականից ի վեր Վերահսկիչ պալատի հաշվետվությունների ներկայացումը միշտ եղել է իրադարձություն, սակայն այսօր ԱԺ դահլիճում ներկա է միայն 12 պատգամավոր։ Ամեն մի հաշվետվություն իրադարձություն էր, քանի որ ներկայացվում էր բարեխիղճ աշխատանք՝ լուրջ մսխումների, կոռուպցիայի վերաբերյալ»,- հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ միաժամանակ հավելելով, որ ինքն ունի դեժավյուի զգացում, քանի որ տարեցտարի ներկայացվում են չարաշահումների մասին փաստերը, բայց ոչ ոք չի պատժվում, աշխատանքից չի հեռացվում, ոչինչ չի փոխվում, Կառավարությունը ոչինչ չի անում, և տպավորություն է, որ սա ինչ-որ անպտուղ աշխատանքի արդյունք է։

Ըստ նրա՝ փոխվում է միայն հաշվետվությունների մատուցման ձևը, եթե 2011թ.-ին նշվել էր 500 մլն դոլարի չարաշահման մասին, 2012-ին՝ 700 մլրդ դրամ էր կոռուպցիոն ռիսկի գոտում, 2013-ին և դրանից հետո գումարի չափ չի ներկայացվել։
«ՎՊ-ին կռտելու ուղղությամբ միտում է նկատվում»,- ասաց Լ.Զուրաբյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ նոր Սահմանադրությամբ վերահսկման գաղափարը նսեմացվում է և հասցվում է ընդամենը հաշվեքննություն իրականացնող մարմնի, քանի որ ՎՊ հաշվետվությունները սպառնալիք են ընկալվում իշխանության համար, և փորձում են լռեցնել նրան։ Նա կոչ արեց շրջել այդ ընթացքը, քանի որ պատերազմական այս պայմաններում կոռուպցիայի վերացումը գոյատևման խնդիր է, և պետության գործերին այլևս այսպես չի կարելի վերաբերվել։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը գոհունակություն հայտնեց ՎՊ-ի հետ համագործակցությունից. «Վերջին 4-5 տարիներին սոցիալական ոլորտը եղել է Վերահսկիչ պալատի ծրագրերում, և այս ընթացքում բավականին արդյունավետ համագործակցություն ենք ունեցել»։

Նա նշեց, որ ժամանակին կենսաթոշակային ոլորտում միտումնավոր սխալները համակարգային էին, և տրվեց համակարգային լուծում՝ ստեղծվեց ինքնաշխատ էլեկտրոնային համակարգ, որը սխալները հասցրել է նվազագույնի։ Նախարարի խոսքով՝ ՎՊ անցած տարվա հաշվետվությունում տեղ գտած խախտումները նպաստների ոլորտում են. «Այս հարցում դեռևս չունենք կենտրոնացված տեղեկատվական համակարգ, որը կնվազեցնի մարդկային գործոնի ռիսկերը»։

ՎՊ ստուգումներից գոհ էր նաև առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ Ըստ նրա՝ որոշակի թերություններ արդեն շտկված են, որոշակի խնդիրներ լուծման ընթացքում են։ Նախարարի խոսքով՝ դեղմատակարարման ծախսերը նվազեցվեցին եվրոպական արտադրողներից ուղիղ գնումների կազմակերպման արդյունքում, նաև բարձրացվեց որակը։ Մուրադյանը տեղեկացեց, որ 2010-15 թթ. ամբողջ գործընթացի արդյունքում մեկ դեղի միավորի պայմանական գինը գրեթե 4 անգամ նվազել է։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ի պատասխան ընդդիմադիր գործընկերոջ մեղադրանքների՝ հիշեցրեց 2-3 տարի առաջ ընդդիմության բողոքն ընդդեմ Վերահսկիչ պալատի, որ, իբրև թե նրան գերլիազորություններ են տրվել, ստեղծվել է մի մարմին, որ մահակ է գերատեսչությունների գլխին, իսկ հիմա բողոքում են, թե ՎՊ-ի դերը նվազեցվում է։

«Ա՛յ մարդ, ձեզանից բան չեմ հասկանում, մեկ ասում եք՝ ամորձատի, մեկ ասում եք՝ մի ամորձատի»,- ասաց Վ.Բաղդասարյանը՝ կոչ անելով կողմնորոշվել, և գոհունակություն հայտնելով ՎՊ աշխատանքից։

«Էս ընդդիմությունից բան չեմ հասկանում, մեկ նալին ա խփում, մեկ մեխին ա խփում»,- ասաց Վ.Բաղդասարյանը։ Իր ամփոփիչ ելույթում Իշխան Զաքարյանը չանդրադարձավ հնչող քննադատություններին։ Նա միայն նշեց, որ ՎՊ-ի առջև ոչ բոլոր դռներն են բաց։ Ըստ Զաքարյանի՝ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում մոտեցումները շատ հստակ պետք է ամրագրվեն, որպեսզի որևէ կետի բովանդակություն այլևայլ մեկնաբանությունների տեղիք չտա։ Իշխան Զաքարյանը չպատասխանեց լրագրողների հարցերին։

ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս