Բրյուսովից հեռացված ուսանողուհու մայրը կդիմի դատարան
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողուհի Լիանա Արայի Դավթյանն անարդար է հեռացվել համալսարանից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Լիանա Դավթյանի մայրը՝ լրագրող Մարգարիտ Դավթյանը: Նրա խոսքով՝ այս պահին դուստրը գտնվում է Մարսել քաղաքում. կամավոր հիմունքներով գնացել է վերապատրաստման:
Մարգարիտ Դավթյանի խոսքով՝ համալսարանից դստերը տեղեկանք են տվել, սակայն այժմ նշում են, թե այն իրավաբանական ուժ չունի. «Ես նամակով դիմել եմ Կրթության և գիտության նախարարին, մինչ օրս չունեմ որևիցե պատասխան, և դիմել եմ նաև այլ պատկան մարմինների, և այս պահին որևէ մեկի կողմից պատասխան չունեմ: Տեղեկանքը տրվել է դեկանի կողմից: Մեկնաբանում են, թե նման տեղեկանքներ պետք է տրամադրի ռեկտորատը՝ ռեկտորի իմացությամբ, և իրենց ասելով՝ այս պահին երեխան խաբեությամբ իրենցից տեղեկանք է վերցրել: Ես ուղղակի ուզում եմ հասկանալ՝ ինչպես է մի ուսանող, լինելով 21 տարեկան, կարողացել խաբել ինստիտուտում հինգից ավելի մարդկանց, ովքեր երկար տարիներ արդեն աշխատում են տվյալ բուհում: Երեկ տեղեկանալով, որ երեխայիս հեռացրել են համալսարանից, ով այս պահին երրորդ կուրսի ուսանողուհի է, որևիցե ծանուցում ես չեմ ստացել: Ավելին, ինձ պետք է նախապես տեղեկացնեին, որ իրենք հեռացնում են ուսանողին՝ հիմք ընդունելով ա՛յս, ա՛յս խնդիրները»:
Մարգարիտ Դավթյանն ասաց, որ երեկ մամուլից տեղեկացել է, որ համալսարանը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ուսանողուհին համալսարանից հեռացվել է վարձը չվճարելու համար. «Անարդար ձևով բուհը հեռացրել է երեխայիս: Իրենք ասում են՝ մենք կպատժենք կամ արդեն պատժել ենք այն անձանց, ովքեր տվել են այս տեղեկանքը: Բայց միայն պատժելով՝ խաղալ երեխայի ճակատագրի հետ և նորից ինձ ստիպել, որ պետք է գա, նստի երրորդ կուրս, ես կարծում եմ՝ հիմնավորում չէ: Այսինքն՝ ես պետք է կորցնեմ ևս մեկ տարի, որ երեխաս հետ գա, նորից նստի՝ ինստիտուտում սովորելու: Ինչի՞ համար: Այդ դեպքում թող հեռացնեն և՛ ռեկտորին, և՛ դեկանին, և՛ այն մարդկանց, ովքեր խաղացել են այդ երեխայի ճակատագրի հետ»: Անդրադառալով դստերը տրված տեղեկանքին՝ Մարգարիտ Դավթյանն ասաց, որ դրանում ֆրանսերենով գրված է, որ Լիանա Դավթյանը հանդիսանում է Բրյուսովի անվան համալսարանի ուսանող, նրան թույլ են տալիս 6-ամսյա բացակայության ընթացքում լինել Մարսել քաղաքում, վերադառնալով՝ շարունակի ուսումը, քննություններ հանձնի սեպտեմբեր ամսվա երկու շաբաթների ընթացքում: Նա նշեց, որ խոսել է իրավաբանի հետ, ով նշել է, որ այն «իրավաբանական ուժ» ունի: «Ես մինչև վերջ գնալու եմ: Բոլոր ատյաններ դիմելու եմ, դիմելու եմ դատարան, որպեսզի վերականգնեն երեխայիս ուսումը: Ես գնել եմ Մարսել-Երևան հետադարձ տոմս, որպեսզի նա ներկա լինի իր՝ մայիս ամսվա ընթացիկ քննություններին, և իրենք ասում են, որ նա չի կարող մասնակցել քննություններին, քանի որ արդեն հեռացված է: Ես ուզում եմ վերականգնել երեխայիս բոլոր իրավունքները, որովհետև նա ոչ մի խախտում չի արել, նա իր հաճույքների համար չի գնացել ման գալու, նա գնացել է ավելի շատ հղկելու իր լեզուն, վերադառնալով հայրենիք՝ այստեղ իր ապագա գործունեությունը ծավալելու համար»,- ասաց նա` նշելով, թե ակնկալում է, որ տեղեկանքը հիմք կհանդիսանա և դրա հիման վրա կվերականգնեն դստեր ուսման անվտանգ ընթացքը:
Մարգարիտ Դավթյանը պնդում է, որ ինչպես կարգն է՝ Լիանա Արայի Դավթյանն իր մոտ ծագած հարցով դիմել է բուհի դեկանատ՝ բացատրելով, թե ինչ և ինչի համար է անհրաժեշտ: «Ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Ն. Մանուկյանը և դեկան Մադոյանի լիազորված անձ Բաբայանը, այնուհետև՝ դեկան Ի. Մադոյանը, ի սկզբանե տեղյակ են եղել, որ իրենց համալսարանը համագործակցության պայմանագիր չունի Մարսելի ԺԱՖ կազմակերպության հետ: Այսուհանդերձ, դա խնդիր չհանդիսացավ, և համալսարանը, ի դեմս նրանց, տվեց տեղեկանք՝ առ այն, որ Լիանա Դավթյանն իրենց ուսանողն է, ում երրորդ կուրսի` երկրորդ կիսամյակի քննությունները տեղափոխվում են սեպտեմբերի առաջին երկու շաբաթ: Սակայն ոչ մի զգուշացում՝ ռեկտոր Գայանե Գասպարյանի անունով դիմում գրելու և ռեկտորատի նիստում քննարկելու մասին»:
Ըստ ուսանողի մոր՝ աղջկա մեկնելուց հետո, որոշ ժամանակ անց, իրեն զանգահարել են, ներկայացել համալսարանի աշխատակից և կանչել իրենց մոտ: «Փաստացի, այնտեղ հանդիպելով պրոռեկտորին և դեկանին՝ տեղեկացել եմ, որ երեխայիս տրված տեղեկանքը լրացված է եղել ներքին կանոնակարգի խախտումներով, և իրենց, հավանաբար՝ ոչ եզակի, սխալը կոծկելու համար, ինձ առաջարկեցին աղջկաս անունից հեռացման դիմում գրել, հակառակ դեպքում նա կհեռացվի իրենց կողմից: Փաստացի, մեզ տրվել է իրավաբանական ուժ ունեցող տեղեկանք՝ կնիքով, ստորագրությամբ, խորհրդանիշով և այլն, որը ընդունել է և դեսպանատունը: Իսկ ես և աղջիկս ամենևին պարտավոր չէինք տեղյակ լինելու, թե տվյալ տեղեկանքը լրացման ինչ այլ կարգ կարող էր ունենալ, եթե այդ առումով մեզ համալսարանը չի ուղղորդել»,- նշում է լրագրողը:
Նրա խոսքով՝ երեկ՝ մայիսի 2-ին, իր նախաձեռնությամբ գնացել է համալսարան՝ տեղեկացնելու, որ ավելորդ հնարավոր կամ ենթադրյալ խնդիրներից խուսափելու համար, երեխան հետ կվերադառնա մայիսի 25-ին՝ իր ընթացիկ քննությունները հանձնելու նպատակով, և այնտեղ տեղում անակնկալ կերպով իմացել է, որ աղջիկն արդեն անցյալ շաբաթ հեռացվել է համալսարանից: «Քանի որ հեռացման թեմայով որևէ տեսակի ծանուցում, որում պետք է զետեղված լինեն նաև հիմնավորումներ, չենք ստացել ո՛չ ես, ո՛չ երեխաս, հայտարարում եմ հեռացումն անօրինական և դատական կարգով կպահանջեմ վերականգնել երեխայիս կրթության ընթացքի անխափանությունը: Առավել ևս վճռական տրամադրվեցի, երբ կայքերից տեղեկացա, թե հեռացման հիմնավորում է եղել երկրորդ կիսամյակի չվճարված վարձը: Ինչպես հասկանում եք, դա լուրջ հիմք կամ պատճառ լինել չի կարող: Սա ակնհայտ խաբեություն է և զրպարտանք մեր հասցեին»,- նշում է մայրը: