Բաժիններ՝

Ինչո՞ւ են քահանաները ծառայում բանակում. Մի՞թե Եկեղեցին պատերազմն օրհնում է

Բանակը, նախ քաղաքացիական հասարակությունից տարբերվող յուրահատուկ կառույց է` հիմնված խիստ, անվերապահ հնազանդության վրա: Տիրոջ մոտ եկած հարյուրապետն ասաց Նրան. «…քանի որ ես էլ իշխանության տակ եղող մարդ եմ, ինձ ենթակա զինվորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, և գնում է, և մի ուրիշին, թե՝ ե՛կ, և գալիս է. և իմ ծառային, թե՝ արա՛ այս, և անում է» (Մատթ. 8: 9)։

Զինվորի կյանքը խիստ սահմանափակված է կանոններով, որոնց համաձայն սահմանված են ամենապարզ գործողություններ` տեղաշարժվելը, սնվելը և այլն: Բանակում, ինչպես վանքում, գործում է սեփական կամքից հրաժարվելով՝ հրամանատարին անվերապահ հնազանդության օրենքը: Թեև զինվորը «շախմատի ֆիգուրի» պես է, «սվին» կամ «թնդանոթի միս», սակայն չի դադարում անձ լինելուց, որովհետև ստեղծվել է Աստծու պատկերով և նմանությամբ:

Զինվորի, ինչպես յուրաքանչյուր անձի, ներքին ազատությունը կայանում է ճշտի և ստի, բարու և չարի, հավատարմության և դավաճանության միջև ընտրություն կատարելու բարոյական ազատության մեջ: Զինվորական ծառայությունն անհնար է պատկերացնել առանց հայրենիքի նկատմամբ սիրո, առանց զինվորականների մեջ հայրենասիրական զգացումների դաստիարակության, որոնք չեն կարող չառնչվել մերձավորի նկատմամբ սիրո հետ: Բանակային պայմաններում մարդը հատկապես սուր է զգում ծնողների, ընկերների, սիրելիի նկատմամբ կապվածությունն ու սերը:

Զինվորական կոլեկտիվում սիրո լավագույն դրսևորումներից են փոխօգնությունը, ընկերական, եղբայրական զգացումները, ենթակաների նկատմամբ հրամանատարի հայրական վերաբերմունքը:

Սիրո բարձրագույն արտահայտությունը անձնազոհության պատրաստակամությունն է, հոգևոր բարձր իդեալների համար` հանուն հավատքի և հանուն Հայրենիքի զոհվելու պատրաստակամությունն է.

«Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ. 15: 13), «Եթե ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում. և եթե մեռնում ենք, Տիրոջ համար ենք մեռնում» (Հռոմ. 14: 8)։ Կրոնական և բարոյական իդեալներին հետամուտ լինելը ընդունակ է բարձրացել զինվորին հերոսության և նահատակի սրբության բարձր աստիճանին: Զինվորական և ցանկացած հարկադիր ծառայություն չար չէ, այլ չարի հետևանք՝ չարի պատճառով կազմակերպված:

Ն. Ա. Բերդյայևը պատերազմը համարում էր սիմվոլիկ բնույթ ունեցող բարոյապես չեզոք երևույթ: «Պատերազմը չարիքի աղբյուր չէ, այլ` չարիքի ախտանիշ, ներքին չարության և հիվանդության նշան… Պատերազմը տեղի է ունենում երկնքում` հոգու խորքում, իսկ նյութական հարթության վրա երևում են միայն արտաքին նշաններն այն բանի, ինչ տեղի է ունենում հոգում: Պատերազմի չարիքը մարդկության հիվանդության նշան է…»: Ընդունելով, որ պատերազմի ընթացքում սպանությունը անհամատեղելի է քրիստոնեական աշխարահայացքի հետ, որովհետև չկա «քրիստոնեական պատերազմ» հասկացություն, ինչպես և չկա «քրիստոնեական բռնություն և սպանություն»` Բերդյաևը պատերազմին դատաստանի, ողբերգական մաքրագործման, ներքնապես մաքրվելու հատուկ ճանապարհի նշանակություն է տալիս:

«Պատերազմի ընթացքում ընդհարվում են հակադիր ծայրահեղություններ, և դիվական խավարը միահյուսվում է աստվածային լույսի հետ: Պատերազմը հանցանք է, սակայն նաև հանցանքի քավություն է: Նրա ընթացքում անարդար, մեղավոր, չար կյանքը խաչն է ելնում… Քանի դեռ կայենական զգացմունքները չեն անհետացել մարդկանց սրտերից, զինվորն ու ոստիկանը չարիք չեն լինի, այլ` բարիք»:

Պատերազմի ողբերգական իրադարձությունները դրան մասնակից մարդկանց կյանքում անխուսափելիորեն ստեղծում են աններդաշնակություն, ներքին հոգեկան երկփեղկվածություն, հատկապես նրանց, ովքեր սպանել են զինվորականների կամ այլոց: Բանակում քահանայի խնդիրն է օգնել զինվորին հաղթել չարի հետ այդ ներքին հոգևոր պատերազմը: Քահանան պարտավոր է օգնել զինվորին հոգևոր-բարոյական տեսանկյունից ճիշտ գնահատել այն գործը, որն ինքն անում է, որպեսզի այն բարոյապես արդարացի և սուրբ գործ համարի:

Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս