Բաժիններ՝

«Մոռացեք, որ որևէ մեկը  տարածքների հանձնումից հետո ամրագրելու է Արցախի անկախությունը՝ սկսած Հայաստանի Հանրապետությունից». Գագիկ Գինոսյան

 Այսօր  «Ելակետ» մամուլի ակումբում   լրագրողների հետ հանդիպեցին  Արցախի ազատամարտի մասնակից, «Կարին» երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն ու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Հանդիպման թեման  պատերազմական շրջանում ազգային նկարագրի պահպանման  ու դրա կարևորության խնդիրն էր, ինչպես նաև ազգային ոգու ամրապնդման նախադրյալները:

Տեր Եսայի քահանա Արթենյանը նշում է, որ եկեղեցին, այսպես թե այնպես, ընկած է մեր երկրում կատարվող իրադարձությունների ակունքում՝ հատկապես պատերազմական իրավիճակներում. «Եկեղեցին անում է այն, ինչ յուրաքանչյուր հայ մարդ կարող է անել այս իրավիճակում. ոչ միայն  իր ամենօրյա հոգևոր գործունեությամբ, այլև եթե կա անհրաժեշտությունը՝ զենք վերցնելու և կանգնելու սահմանին՝ զինվորի կողքին: Մանավանդ այս օրերին  ինձ շատ է զարմացնում այն, որ մարդիկ զարմացած հարցնում են, թե ի՞նչ է անում հոգևորականը զենքով՝ առաջին գծում: Եկեղեցու առաքելությունը որքան էլ  հոգևոր, կրթական, մարդուն իր հավատքի մեջ զորացնող ուժի մեջ է, այլ նաև արձագանքը ամենօրյա իրադարձություններին, որ կատարվում են մեր երկրում՝ հատկապես պատերազմական օրերին»:

«Կարին» երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն այն կարծիքին է, որ ազգային նկարագրի պահպանման  ու դրա կարևորության խնդիրների մասին պետք է մտածել մինչև պատերազմի վրա հասնելը. «Ազգային նկարագիրը  պետք է կերտել ու սրբագրել ամեն օր: Ես ավելի շատ կուզենայի, որ մեր մտավորականությունն իր խոսքը հնչեցներ, որովհետև մեր երկրում մտավորականներուն ու հատկապես լուրջ պաշտոնյաները  պետք է  ժողովրդին ուղղաած կոչով հանդես գային, որը կոգեշնչեր մարդկանց, հատկապես, երբ այսպիսի իրավիճակներում մարդիկ ունեն դրա կարիքը»:

Անդրադառնալով  սահմանային լարված իրավիճակին` Գագիկ Գինոսյանը վիրավորական է համարում մտավորականների շուրթերից լսվող  և շրջանառաության մեջ դրվող տարածքային փոխզիջումների տարբերակը, իբր այդ կերպ ամրագրելու համար Արցախի անկախությունը.  «Մոռացեք, որ որևէ մեկը  տարածքների հանձնումից հետո  ամրագրելու է  Արցախի անկախությունը՝ սկսած Հայաստանի Հանրապետությունից: Սրանք իմ բառերր չեն, այլ Սոս Սարգսյանինը՝ ուղղված ադրբեջանցիներին։ Բայց տեղին եմ համարում մեկ անգամ նորից վերհիշել՝ եթե Ադրբեջանի համար Արցախը տարածք է, ապա մեզ համար՝Հայրենիք: Տարածք հասկացություն չկա, կա հայրենիք, և ինչ–որ բան հետ վերադարձնելու հարց չի կարող բարձրանալ հայ մարդու, առավել ևս՝ հայ մտավորականի մոտ»:

Գագիկ Գինոսյանին զայրացնում են պաշտոնական բնույթի այն հայտարարությունները, որտեղ նշվում է, իբր  թշնամու ձեռքում են մնացել կարևոր նշանակություն չունեցող մի քանի դիրքեր. «Եվ այսպիսի հայտարարություններ անելուց հետո որևէ մեկը խոսում է  հաղթանակի մասի՞ն: Կարևոր նշանակություն չունեցող դիրքեր չեն լինում:  Պատերազմի դաշտում աննշան դիրքեր կամ տարածքներ չեն լինում, և ամենաաննշան դիրքերը նրա համար են, որ կա´մ ազատագրվեն, կա´մ պաշտպանվեն: Առհասարակ հայրենիքում  աննշան ոչինչ չի կարող լինել՝ այստեղից սկսում է ազգային նկարագիրը»:

Տարածների վերադարձման քննարկվող տարբերակի վերաբերյալ Տեր Եսայի քահանա Արթենյանը ևս այն կարծիքին է, որ մենք թշնամուն հետ վերադարձնելու տարածքներ չունենք, և նման քննարկումները  ոչ միայն ավելորդ են,  այլև  խիստ անտեղի. «Ի վերջո ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրից և´ հայ զինվորը, և´ համախումբ հայ ժողովուրդն ապացուցեց, որ իրենք ոչ միայն պատրաստ են մինչև վերջ կանգնելու սեփական հայրենքի ապահովության համար, այլև չեն պատրաստվում քննարկման դնել թշնամուն տարածքներ հետ վերադարձնելու տարբերակները»:

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում  Գագիկ Գինոսյանը հայտնեց, որ բլից պատերազմի վերսկսման առաջին իսկ օրերից «Կարին» պարի խումբը անմիջապես վերածվել է «Կարին» ջոկատի և Վովա Վարդանովի հետ մասնակցում է ռազմական վերապատրաստման աշխատանքներին:  Բանախոսը խմբի անդամների հետ պարբերաբար այցելում  է  հիվանդանոցներում բուժում ստացող վիրավոր զինվորներին, մասնակցում  սահմանի ուղարկովող սնդդի և այլ պարագաների   հավաքագրման աշխատանքներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս