Որքանով է իրատեսական ռուս խաղաղապահների տեղակայումը Լեռնային Ղարաբաղում
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնկված քառօրյա պատերազմից հետո բուռն ու միաժամանակ հակասական խմորումները չկարգավորված հակամարտության շուրջ դեռ շարունակվում են։ Հայաստանյան փորձագետների համար այս ամենում որևէ նորություն չկա, այս շրջափուլում, ինչպեսև 2008թ., շրջանառության մեջ են դրվել Ղարաբաղյան կարգավորման ռուսական սցենարները, որոնք 2008թ. ստացել էին՝ «Մեդվեդևի ծրագիր», իսկ այսօր՝ «Լավրովի ծրագիր» կամ «Լավրովի փաստաթուղթ» անվանումը։ Ուշագրավն այն է, որ ինքը՝ Լավրովը, բազմիցս հերքել է նման փաստաթղթի առկայության փաստը, դա շաբաթներ առաջ Երևանում արեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը՝ նշելով, որ ռուսական ծրագրեր բանակցային սեղանին գոյություն չունեն, ավելին, նա ասել էր.
«Գոյություն ունեն համանախագահների առաջարկությունները, որոնք այս կամ այն տեսքով քննարկվել են վերջին մի քանի տարիների ընթացքում։ Գոյություն ունի մի քանի տարբերակ, բայց դրանք հիմնված են հակամարտության կարգավորման երեք սկզբունքների ու վեց տարրերի վրա, որոնց մասին ոչ մեկ անգամ են հայտարարել համանախագահող երկրների նախագահները։ Հիշեցնեմ, որ սկզբունքները հետևյալն են. ինքնորոշման իրավունք, ուժի կիրառման բացառում, տարածքային ամբողջականություն, իսկ վեց հիմնական տարրերից ամենակարևորը երկուսն են՝ տարածքների վերադարձը, ԼՂ կարգավիճակի կարգավորման հարցը։
Կրկնեմ ևս մեկ անգամ՝ Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը և տարածքների վերադարձը։ Սրանք ամբողջական են, մեկը մյուսին ստորադաս չեն։ Հենց այս մասին է խոսք գնացել, այսպես կոչված, «Լավրովի փաստաթղթում»։
Բացի այս երկու սկզբունքներից, բացի այս երկու տարրերից, կա նաև փախստականների վերադարձի հարց, Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի լայնության ու կարգավիճակի հարց, որտեղ էլ, բնականաբար, պետք է լինի խաղաղապահ գործունեություն։
Նախատեսված է, որ խաղաղապահների տեղակայում լինի կարգավորման եզրափակիչ փուլում, երբ խաղաղ կարգավորման մասին համաձայնագիրը կստորագրվի»։ Սակայն Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը, 2016թ. ապրիլի 7-ին, Բաքվում Ադրբեջանի և Իրանի իր պաշտոնակիցների հետ հանդիպումից առաջ, ծավալուն հարցազրույց էր տվել ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանն ու ընդգծել.
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերից բացի՝ Ռուսաստանը հանդես է գալիս նաև սեփական նախաձեռնություններով։ Չեմ ներկայացնի մանրամասներ, բայց մի քանի տարբերակներ կան, որ մնում են բանակցային սեղանին. Ալիևի հետ մենք քննարկել ենք նաև այդ թեման։ Կշարունակենք մեր ջանքերը»։ Ու այս ֆոնին՝ մեկը մյուսի ետևից ռուսական մամուլի կրեմլյան շրջանակները, ինչպես անցյալ տարի ԼՂ-ում բռնկված մեկ այլ լարվածության ֆոնին՝ «Կոմերսանտը», և մի շարք այլ թերթեր՝ «Իզվեստիան» ու որոշ ադրբեջանամետ ռուս փորձագետներ, շրջանառության մեջ են դնում ռուսական առաջարկների մասին նոր հոդվածներ։
Մասնավորապես, օրերս ռուսական «Իզվեստիան» գրեց, որ Պուտինի միջամտությամբ հայկական կողմը տարածքներ կվերադարձնի Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը կհամաձայնի ռուս խաղաղապահ ուժերի տեղակայմանը Ղարաբաղում։ Այս ամենն այդքան վտանգավոր չէր լինի, եթե չլինեին ռուս-ադրբեջանական ակտիվ գործընթացներն այս ուղղությամբ, որի վառ ապացույցն Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովի դիտարկումն էր այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ մոտ ժամանակներս ինտենսիվ բանակցություններ կսկսվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։
Ավելին՝ ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավիրած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Ալիևը նույնիսկ նշել էր, որ կան ռուսական առաջարկներ, և Ադրբեջանը դեմ չէ այդ առաջարկներին, ապա Բաքվում Լավրով-Ալիև հանդիպման ժամանակ ևս շոշափվեցին այդ առաջարկները և նշվեց, որ կողմերը մոտ են այս հարցում համաձայնության ձեռքբերմանը՝ առանց բացելու փակագծերը։ Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ պատասխանելով նույն հարցին, ինչ Ալի Հասանովը, ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հերքել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո է հանդիպում կազմակերպվելու՝ առանց հիշատակելու Պուտինի նախաձեռնությամբ կազմակերպվելիք հանդիպման մասին, ինչն իր անդրադարձում շեշտել էր Հասանովը։
Ըստ ամենայնի, պաշտոնական Երևանը, հասկանալով այս ծրագրերի վտանգավորությունը, փորձում է գործընթացը տեղափոխել Մինսկի խմբի հովանու ներքո։ Ինչպես երևում է, արևմտյան միջնորդները ևս անհանգիստ են. ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն ու Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆթը հանդիպել ու քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության հարցերը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Ավելին՝ երեկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եղել են Բեռլինում և ներկայացրել ԼՂ հակամարտության վերաբերյալ զեկույցը։
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը նշել է, որ ճիշտ մոտեցում է Հայաստանի կողմից գործընթացը ՄԽ հովանու ներքո փոխադրելու միտքը։ Նրա համոզմամբ՝ Արևմուտքը՝ ճանաչելով Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ, համաձայն է Ռուսաստանի ակտիվ միջնորդությանը, բայց ոչ՝ խաղաղապահների տեղակայմանը։ Այնուամենայնիվ, հայաստանյան փորձագիտական հանրությունը համարյա թե վստահ է, որ ռուսական կողմն ադրբեջանամետ լուծումների կգնա, որը կարող է բեկանել Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղի ու Արևմուտքի աջակցությամբ։
Եվ ահա այս բոլոր զարգացումների ֆոնին՝ այսօր երեկոյան պաշտոնական այցով Երևան կժամանի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ում այցի գլխավոր թեման, ինչպես տեղեկացրել է նախարարի մամուլի քարտուղար Մարիա Զախարովան, լինելու է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը և բանակցությունները ՄԽ ձևաչափում ակտիվացնելը։ Սակայն ռուսական մամուլը, մասնավորապես, «Կոմերսանտն» ու «Նեզավիսիմայա գազետան», գրում են այն մասին, որ Լավրովը Երևան է բերում կարգավորման ռուսական պրոյեկտը։
«168 Ժամի» հետ զրույցում Մոսկվայի «Կարնեգի» հետազոտական կենտրոնի գիտական խորհրդի անդամ, նույն կենտրոնի «Կրոն, հասարակություն և անվտանգություն» ծրագրի համանախագահ Ալեքսեյ Մալաշենկոն՝ խոսելով ռուսական առաջարկների մասին, ասաց, որ «տարածքների դիմաց խաղաղապահ ուժերի համաձայնություն» ձևակերպումը կամ գործարքը տեսականորեն իրատեսական է թվում։ Այն իսկապես, ըստ նրա, թվում է՝ ձեռնտու կարող է լինել և՛ Ադրբեջանի, և՛ Ռուսաստանի համար։ Սակայն այս սցենարի իրականացման փորձերի դեպքում, նրա համոզմամբ, չեն բացառվում հակադրություններ Հայաստանի և Արևմուտքի կողմից։
«Ես էլի եմ ասել, որ չեմ պատկերացնում խաղաղապահների տեղակայման իրականացումը, երբ Ռուսաստանը խաղաղապահ առաքելություններ տարբեր տեսքով, ի դեպ, Արևմուտքի հետ առճակատման պայմաններում, իրականացնում է և՛ Սիրիայում, և՛ Ուկրաինայում, և՛ 2008թ. Վրաստանում, հիմա էլ՝ Ղարաբաղո՞ւմ։ Տարածքների դիմաց ներկայումս Ադրբեջանը գուցե համաձայնի տեղակայման, իսկ Թուրքիա՞ն։
Ռուս-թուրքական առճակատումն այսօր այն փուլում չէ, ինչ անցյալ տարվա աշնանը, սակայն լարվածությունը վերացած չէ, և դժվար է ասել՝ արդյո՞ք այս հարցում Թուրքիան կաջակցի Ադրբեջանին՝ հասկանալով, որ ռուսական կոնտինգենտ կա և՛ հայ-թուրքական սահմանին, և՛ Ղարաբաղում, թեև, որքան հասկանում եմ՝ Ադրբեջանի պաշտոնյաները վստահորեն կրկնում են, թե համաձայն են ռուսական առաջարկներին, բայց դա շատ հավակնոտ ու վտանգավոր է թվում»,- նման տեսակետ հայտնեց Մալաշենկոն՝ շարունակելով, որ Ռուսաստանը շատ լավ է հասկանում, որ Թուրքիան Ադրբեջանի ռազմական համարձակության հարցում դերակատարություն է ունեցել, ուստի պետք է այլ ուղիով փորձի առաջ գնալ և կողմերի հետ այլ պայմանավորվածություններ ձեռք բերել։
Մալաշենկոյի կարծիքով՝ Ռուսաստանի դրությունը հեշտ չէ, և Ռուսաստանը խնդիր ունի՝ վերականգնել իր միջնորդական հեղինակությունը, ՀԱՊԿ-ի հեղինակությունը, իսկ դա կարող է անել Արևմուտքի հետ համագործակցելով ու Ադրբեջանին և Հայաստանին փոխընդունելի լուծումներ առաջարկելով։ Այսինքն, նրա խոսքով, այս դեպքում Ռուսաստանին Արևմուտքից անկախ ու նման քայլերը չեն օգնի, այլ միայն էլ ավելի կբարդացնեն իրավիճակը։ Ուստի, Մալաշենկոյի կարծիքով, իրատեսական չէ խոսել խաղաղապահների տեղակայման մասին Լավրովի երևանյան այցի համատեքստում։ Նրա կարծիքով՝ ռուսական կողմը փորձում է ամրացնել ձեռք բերված հրադադարը՝ գործելով ՄԽ-ի հետ համատեղ։
«168 Ժամի» հետ զրույցում ռուսական ԱՊՀ ինստիտուտի ղեկավար, քաղաքական գործիչ Կոնստանտին Զատուլինը, ով ԼՂ հակամարտության կարգավորման հարցով բազմիցս հանդիպումներ է ունենում ՌԴ իշխանությունների հետ, անիրատեսական համարեց քննարկվող սցենարները։ Ապա նա նշեց կարգավորման իր պատկերացումը։ Զատուլինն ասաց, որ կողմերը հստակ հասկանում են, որ լիովին տրամաբանական ու իրավաչափ կլինի անկախությունը՝ տարածքների վերադարձի փոխարեն, բայց և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում չի բավականացնում քաղաքական կամքը, քանի որ անհանգստանում են, որ նման զիջում անելու ցանկացած փորձ բացասաբար կընկալվի հասարակության մի մասի կողմից, ինչպես՝ Հայաստանում, այնպես էլ՝ Ադրբեջանում։
«Ես հիանալի կերպով հասկանում եմ, Ադրբեջանի համար ընդհանրապես անընդունելի է այդ հարցը, Հայաստանում ևս կան քաղաքական գործիչներ, որոնք պնդում են, որ չպետք է տարածքներ վերադարձվեն։ Սրանք ծայրահեղ տեսակետներ են, որոնք դժվար է հաղթահարելը, բայց դրանք հաղթահարելը հեշտ կլիներ, երբ միջնորդները, առաջին հերթին՝ ԱՄՆ-ը ու ՌԴ-ն, ամուր պայմանավորվեն այս հարցի շուրջ և այնպիսի գիծ քաշեն, որ ստիպեն Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններին գնալ նման պայմանավորվածության։ Սա միակ արագ կարգավորման տարբերակն է, երբ յուրաքանչյուր կողմ Բաքվում և Երևանում կարող է ասել, որ այլ բան էին ցանկանում, բայց իրենց ստիպեցին, հիմա անելու բան չկա»,- ասաց Զատուլինը։