«Հենց ինքնաթիռը վայրէջք կատարեց Հայաստանում՝ միանգամից զգացի, որ ես տանն եմ». Ջամալայի բացառիկ հարցազրույցը 168.am-ին
«Եվրատեսիլ 2016» երգի մրցույթում այս տարի Ուկրաինան ներկայացնում է ջազային և օպերային երգչուհի Ջամալան (իսկական անունը` Սուսանա Ջամալադինովա)՝ «1944» երգով: Երգ, որը համացանցում լայն քննարկումների առարկա է դարձել, քանի որ պարունակում է հստակ մեսիջներ՝ ուղղված Ռուսաստանին: Մեծ բեմում Ջամալան առաջին անգամ ելույթ է ունեցել 15 տարեկանում: Այնուհետև մասնակցել է մի շարք երաժշտական մրցույթների ու փառատոների՝ զբաղեցնելով պատվավոր հորիզոնականներ: Ջամալային մեծ ճանաչում բերեց նրա ելույթը «Նոր ալիք 2009» միջազգային երիտասարդ կատարողների մրցույթում, որտեղ նա ստացավ Գրան-պրի՝ կիսելով առաջին հորիզոնականն Ինդոնեզիայի ներկայացուցչի հետ:
Երգչուհու մայրը հայ քրիստոնյա է, իսկ հայրը՝ մուսուլման թաթար: Հարցազրույցներից մեկում նա նշում է, որ իրենց ընտանիքում կրոնական անհանդուրժողականություն չկա, իսկ ինքը հարում է իսլամին: Երգչուհու մոր հայ լինելու փաստը, նրա՝ «1944» երգի խորությունն ու կատարման յուրօրինակությունը չէին կարող անտարբեր թողնել մեզ, ինչի համար որոշեցինք հարցազրույց անցկացնել երգչուհու հետ: Չնայած գերծանրաբեռնված գրաֆիկին՝ Ջամալան համաձայնեց հարցազրույց տալ 168.am-ին.
– Ջամալա, նախ հետաքրքիր է՝ Ձեր կարծիքով՝ ինչի՞ց է կախված կարիերայում հաջողությունների հասնելը:
– Կարծում եմ՝ հաջողությունների հասնելը մեծամասամբ կախված է հաստատակամությունից ու աշխատասիրությունից, բայց նաև՝ երազանքից ու հավատից, որ քեզ մոտ ամեն ինչ կստացվի: Ես համոզված եմ, որ մարդկանց կառավարում է մանկության երազանքը: Նույնիսկ, եթե այն թվում է անիրական, այն կմոտիվացնի քեզ, որ ինքնակատարելագործվես ու հասնես նոր բարձունքների:
– «Եվրատեսիլ» երգի մրցույթին ներկայանալու եք «1944» երգով, որի մասին այսպես եք արտահայտվել. «Ինձ համար սա շատ անձնական երգ է, և ես շատ կցանկանայի, որ նրանում առկա հաղորդագրությունը լսեն, և որքան հնարավոր է՝ շատ մարդիկ՝ և´ մեր երկրում, և´ մեր երկրից դուրս»: Ինչո՞ւ ընտրեցիք հենց այդ թեման:
– Երգի պատմությունը սկսվել է դեռ այն ժամանակ, երբ ես շատ փոքր էի: Իմ տատիկի մայրը՝ Նազիլխանը, ով վերապրել էր գաղթը, շատ է պատմել այդ իրադարձությունների մասին: Երբ սովետական բանակը մտել է Մալորեչենսկոյե (դա իմ տատիկի ու ամբողջ ընտանիքի հայրենի գյուղն է), նրանց դիմավորել են՝ ինչպես հերոս-ազատագրողների, ընդունել են տներում, հաց ու ջուր տվել, երգել նրանց համար: Այդպես շարունակվել է 5 օր: Իսկ մայիսի 18-ին՝ վաղ առավոտյան, բոլորին ասել են. «Հավաքվելու համար ունեք 15 րոպե…»: Հետո բոլորին ուղղակի կենդանիների նման լցրել են բեռնատար վագոնները, զմռսել ու տարել Միջին Ասիա: Այս թեման ողջ կյանքում ինձ հանգիստ չի տվել: Ինձ թվում էր, թե այդ ողբերգության մասին մոռացել են, ոչ ոք չի հիշում 10 հազար ղրիմյան թաթարների մասին, որոնք մահացել են այդ գնացքներում և հետո արդեն՝ Միջին Ասիայում: Նրանց հոգիները հանգիստ չեն գտել: Մոտ կես տարի առաջ ես որոշեցի դրա մասին երգ գրել: Սկզբում այն անվանեցի «Душі», (ուկր.՝ հոգիներ), տեքստն ուկրաիներեն էր, կրկներգը՝ ղրիմաթաթարերեն: Իսկ հետո որոշեցի անգլերեն տարբերակը ստեղծել ու այն անվանեցի՝ «1944»:
– Ո՞ւմ եք լուրջ մրցակից համարում «Եվրատեսիլում»:
– Այս տարի շատ են լավ համարները, երգերը, հետաքրքիր դեմքերը, տարբեր ձայները: Դժվար է որևէ մեկին առանձնացնել: Երբեք չգիտես՝ ի՞նչը որոշիչ դեր կունենա հաղթանակի համար՝ ձա՞յնը, բեմականացո՞ւմը, թե՞ երգը: Իմ երգը՝«1944»-ը, շատ է առանձնանում՝ իր իմաստով ու էմոցիոնալ լիցքերով, դժվար է ընտրել մրցակից այդ պլանում: Ինձ դուր են գալիս Բրիտանիայի, Շվեդիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները:
– Լսե՞լ եք Հայաստանի մասնակցի՝ Իվետա Մուկուչյանի երգը, հավանե՞լ եք այն:
– Այո, լսել եմ, փայլուն երգ է: Ինքը՝ Իվետան, արժանավոր կատարող է: Նա բոլոր շանսերն ունի՝ բարձր հորիզոնականներ զբաղեցնելու:
– Ես գիտեմ, որ Ձեր մայրը հայ է: Ի՞նչ գիտեք Հայաստանի մասին, եղե՞լ եք Հայաստանում:
– Մորս նախնիները Լեռնային Ղարաբաղից են, որտեղից պապիկիս ծնողները ստիպված են եղել հեռանալ Միջին Ասիա: Պապիկս այդ ժամանակ 5 տարեկան էր, նրա ընտանիքին կուլակաթափ են արել: Ղրղըզստանում նա զբաղվել է շերամապահությամբ: Մորեղբայրներիցս մեկը փորձել է կառուցել մեր տոհմածառը, որպեսզի հասկանա, թե ո՞վ է գտնվում նրա հիմքում: Պարզվել է, որ տատիկիս մայրը մոր կողմից հենց Արամ Խաչատրյանի՝ իմ սիրելի կոմպոզիտորի բարեկամն է: Պատանեկության տարիներիս կարևոր հանդիպումն ինձ համար ծանոթությունն էր Ղրիմում հարգանք վայելող հայազգի կոմպոզիտոր և գործիքավորող, արդեն հանգուցյալ, Գենադի Ասցատուրյանի հետ: Նա սովորեցրել է ինձ ջազի հիմունքները, ստիպել լսել բարդ երաժշտություն, ինձ համար գործիքավորումներ արել: Ես Ասցատուրյանների ընտանիքի անդամ էի դարձել, գնում էի հայկական երեկոների…
Բախտ եմ ունեցել ծանոթանալ Ջիվան Գասպարյանի հետ, ես նրա մեծ երկրպագուն եմ: Ինչպես նաև՝ մի քանի ամիս առաջ հանդես եմ եկել լեգենդար կոմպոզիտոր Միշել Լեգրանի հետ: Իսկ «1944»-ում նվագում է հրաշալի դուդուկահար, իմ լավ ընկեր Արմեն Կոստանդյանը: Երկու տարի առաջ ես ելույթ եմ ունեցել Երևանում: Ինքնաթիռը հենց վայրէջք կատարեց, միանգամից զգացի, որ ես տանն եմ: Երկու օրում այնքան գեղեցկություններ եմ տեսել. Էջմիածին, Գառնու հեթանոսական տաճար, Գեղարդ… Անցել եմ Կոտայքի մարզով՝ Ծաղկաձորով՝ դարպաս, որից բացվում է տեսարան դեպի Արարատյան դաշտ, Սևանա լիճ ու Սևանավանք… Շատ եմ ուզում նորից վերադառնալ Հայաստան: