
Լեհաստանում ՆԱՏՕ-ի նախաձեռնած «Արևելյան պահապան» գործողությանը միացել է 10 երկիր

Արդեն 10 երկիր է միացել Լեհաստանում ՆԱՏՕ-ի կազմակերպած «Արևելյան պահապան» (Eastern Sentry) գործողությանը։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
«Անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո Լեհաստանին լրացուցիչ աջակցություն տրամադրելու մասին հայտարարել են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Գերմանիան, Նիդեռլանդները, Շվեդիան, Նորվեգիան, Չեխիան, Պորտուգալիան և Իտալիան»,- գրել է նա սոցիալական ցանցերում։
Արդեն իսկ Լեհաստանում են գտնվում միջուկային զենք օգտագործելու համար հագեցած ֆրանսիական հատուկ ստորաբաժանման երեք Rafale կործանիչները, Չեխիան ուղարկել է Մի-171Շ հարձակողական ուղղաթիռներ, իսկ Միացյալ Թագավորությունը հայտարարել է Typhoon կործանիչների ժամանման մասին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն սեպտեմբերի 19-ին հայտարարել էր դաշինքի արևելյան թևում «Արևելյան պահապան» գործողության մեկնարկի մասին։ Այն միտված է ԱԹՍ-երի օգտագործմամբ կոնկրետ սպառնալիքների վերացմանը։
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին ավելի վաղ ստորագրել էր երկրում ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությանը համաձայնություն տալու բանաձև։