
Թրամփը սեպտեմբերի 25-ին Սպիտակ տանը կընդունի Էրդողանին

ԱՄՆ առաջնորդը հաջորդ շաբաթ՝ սեպտեմբերի 25-ին Սպիտակ տանը կհյուրընկալի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, այցի նախաշեմին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է առևտրային և ռազմական համաձայնագրեր կնքել Անկարայի հետ։
«Մենք նախագահ Էրդողանի հետ աշխատում ենք բազմաթիվ առևտրային և ռազմական համաձայնագրերի վրա, այդ թվում՝ Boeing ինքնաթիռների լայնածավալ գնման, F-16-ի խոշոր գործարքի և F-35-ի բանակցությունների, որոնք, ակնկալում ենք, դրական կավարտվեն», – գրել է նա Truth Social-ում։
Էրդողանը վերջին անգամ Սպիտակ տուն է այցելել 2019-ին՝ Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում: Չնայած նրանք սերտ անձնական կապեր ունեին՝ երկու նախագահների հարաբերություններում եղել են նաև լարված միջադեպեր:
2019 -ին, երբ Անկարան S-400 հրթիռային պաշտպանության համակարգեր գնեց Ռուսաստանից, Թրամփը չեղարկեց Թուրքիային F-35 կործանիչների վաճառքը, ինչպես նաև դադարեցրեց ինքնաթիռների համատեղ արտադրության ծրագիրը։ Հետագայում կողմերը համաձայնության եկան F-16 կործանիչներ գնելու շուրջ։
«Նախագահ Էրդողանի հետ մենք միշտ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել։ Անհամբեր սպասում եմ նրան տեսնել սեպտեմբերի 25-ին», – գրել է Թրամփը իր սոցիալական էջում։