
Ինչպես է Փաշինյանը բամբասում իր նախկին թիմակիցներից
Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, թե 2018 թվականից ի վեր չի եղել գեթ մեկ դեպք, որ կա՛մ ֆուտբոլի, կա՛մ սպորտի վերաբերյալ որևէ հարցի միջամտի։
«Հակառակը, եղել են դեպքեր, երբ կոնկրետ մարդիկ ուզեցել են ինձ ներքաշել այդ խոսակցությունների մեջ։ Մեր խմբակցությունում մեկ պատգամավոր կար, ուզում էր, որ իրեն մտցնեն հավաքականի կազմ, 6 ամիս հետևիցս ընկած էր, որ ինքը պետք է հավաքական մտնի, ինքն ու հայրը։ Արթուր Ալեքսանյանը չլինի, Ռոման Ամոյանը չլինի, ասում էր՝ բա մենք իշխանություն ենք, բա մենք պետք է… Եղբայր, գնա քո գործերին, հեն ա, գնացել է իր գործերին։ Ամիսներով ինքն ու հայրը՝ զանգ, նամակ, քննարկում, այս անենք, այն անենք։ Եղբայր, օլիմպիադան կուսակցական համաժողով չէ, որ ես որոշեմ՝ դու պատվիրակ լինես»,- ՔՊ-ի համագումարից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, որ գուցե մի հաղորդագրություն էլ Արմեն Մելիքբեկյանին ուղարկի ու հորդորի հեռանալ պաշտոնից։
Լրագրողները նրանից ճշտեցին՝ Արսեն Ջուլֆալակյանի՞ն նկատի ունի, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ բա ո՞ւմ հետ եմ։
«Հիմա որ հարցնես, Պետրոս Դուրյանի տողն է՝ «ազգի վիճակը ծանրացել է սրտին», դե ամոթ ա, գետինը մտեք արա, իսկականից։ Ներվերս կերան մի տարի, ասում էին՝ հավաքականի կազմ մտնենք, մենք կպնենք, ոչ մեկ չկպնի։ Սա է միակ դեպքը, որ ինձ փորձել են ներքաշել այդ խոսակցության մեջ ու չի հաջողվել։ Վերջում բանը հասել է նրան, որ մի անգամ հավաքականի տղաներին տեսել ու ասել եմ՝ ի՞նչ է կատարվում, ժողովուրդ ջան։ Ասացին՝ եթե իրենց անունը տաք, ամբողջ հավաքականի կազմով հրաժարական կտանք ու կհեռանանք սպորտից, ասացի՝ ես գործ չունեմ, ժողովուրդ ջան»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում