
Կունենանք բաց սահման Թուրքիայի և այդպիսով` նաև Եվրամիության հետ. Նիկոլ Փաշինյան
«Թուրքիայի հետ մեր ակտիվ երկխոսությունը վստահություն է տալիս, որ մենք առաջիկայում կունենանք ցամաքային տրանսպորտային հաղորդակցություն Թուրքիայի, այսպիսով նաև՝ ԵՄ-ի հետ: Սա նույնպես վճռական և կարևոր գործոն է, առավել ևս, եթե հաշվի առնենք, որ այս տարի ընդունեցինք և ՀՀ նախագահի կողմից վավերացնելուց հետո ուժի մեջ է ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը, և մենք արդեն ակտիվացրել և ակտիվացնելու ենք մեր ջանքերն այս ուղղությամբ»,- ՔՊ 7-րդ համաժողովին ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ օրենքը լրացուցիչ երաշխիք է, որ կառավարող մեծամասնությունն ավելի կակտիվացնի իր ջանքերը ժողովրդավարական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ:
«Կոռուպցիան ընդհանրապես իշխանության հատկանիշ է հիմնականում, և մենք հակակոռուպցիոն քաղաքականության մեջ պետք է սկզբունքային լինենք ոչ միայն ուրիշների, այլև ինքներս մեր նկատմամբ»,- ասաց նա՝ հավելելով, թե շատերն իրենց դեմ են փորձում օգտագործել իրենց այդ մղումը:
«Նախկին բարքերը Հայաստանից հեռացել են անդառնալիորեն, համակարգային կոռուպցիան հաղթահարվել է անդառնալիորեն, Հայաստանում կոռուպցիան երբեք ավելի ցածր մակարդակ չի ունեցել, քան մեր կառավարման տարիներին: Կոռուպցիայի մակարդակը պետք է հետևողականորեն և անխուսափելիորեն զրոյացվի, բոլոր դեպքերը պետք է հետևողականորեն քննվեն, և մեղավորները պետք է պատժվեն»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում