Հիանում եմ Տեր Արամի գործունեությամբ. Նիկոլ Փաշինյան

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի ժամանակ Նիկոլ Փաշինյանը երկար ելույթ ունեցավ, հետո որոշեց, որ դրանից հետո պետք է լրագրողներին ճեպազրույց տա։

Ճեպազրույցի ընթացքում նա կրկին խոսեց Առաքելական եկեղեցուց, Կաթողիկոսին հեռացնելու իր պլաններից։ Նա ասաց, որ առանց բռնության են բոլոր գործողություններն անելու։

«Մենք որ Սերժ Սարգսյանին հեռացրեցինք, բռնություն եղե՞լ է։ Այդ ո՞նց կլինի, որ ընդդիմություն լինելով՝ երկրի գործող ղեկավարին հեռացնենք առանց բռնության, հիմա երկրի կառավարման մանդատն ունենալով՝ Կտրիճ Ներսիսյանին չե՞նք կարող հեռացնել  առանց բռնության։ Այլ բան, որ ասում են, թե դա նուրբ հարց է, ու մենք նրբությամբ ենք այդ հարցին վերաբերվում, ավելի նրբորեն, քան 2018 թվականի թավշյա հեղափոխությունը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Այս համատեքստում, ինչպես միշտ, Նիկոլ Փաշինյանը որևէ խոսք չասաց, թե ինչպես էին 2018 թվականին դագաղներ տանում ու դնում նախկին իշխանության ներկայացուցիչների շենքերի առջև, ինչպես էին համացանցում ու դրանից դուրս սպառնում նրանց։

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը  անդրադարձավ նաև Հովհանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի վերջին շրջանի՝ եկեղեցուն քննադատելու գործունեությանը. Նիկոլ Փաշինյանն ասաց՝ հիանում է  Տեր Արամի գործունեությամբ և ողջունում է դա։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ հենց նա է Նիկոլ Փաշինյանի սրտի կաթողիկոսի թեկնածուն, նա պատասխանեց՝ ամուսնացյալ քահանան չի կարող լինել կաթողիկոս։

Ըստ Նիկոլ Փաշինյանի, կաթողիկոսի հեռացումից հետո եկեղեցին ինքը՝ առանց քաղաքական միջամտության, պետք է իր հետագա անելիքները պարզի։

«Շատ պարզ հարց է դրված՝ իրենք դրանից հետո պետք է պարզեն իրենց դիրքորոշումը կուսակրոնության ինստիտուտի նկատմամբ, եթե իրենք որոշում են պահել, կարծես թե չեն կարող չպահել, ուրեմն՝ դա պետք է պահվի։ Կիսակուսակրոնություն չի կարող լինել՝ կներեք։ Մենք կա՛մ դրան լուրջ ենք վերաբերվելու, կա՛մ այդ հետևանքներին անընդհատ առերեսվելու ենք։ Իմ խնդիրը երբեք չի եղել ինտրիգը, իմ խնդիրն է հոգևոր նորոգումը։ Այստեղ խոսքը միայն Առաքելական եկեղեցու մասին չէ, այլ առհասարակ Հայաստանի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս