Բաժիններ՝

Վաշինգտոն նահանգում ռազմական ուղղաթիռ է կործանվել. ենթադրաբար զոհվել են 4 հատուկջոկատայիններ

Վաշինգտոն նահանգում Լյուիս-Մաքքորդ համատեղ բազայի մոտակայքում վթարի ենթարկված ԱՄՆ բանակի MH-60 Black Hawk ուղղաթիռի չորս հատուկ նշանակության աշխատակիցները ենթադրաբար զոհվել են, ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ բանակի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարությունը։

Associated Press-ը հաղորդում է, որ ուղղաթիռը բազայից արևմուտք պլանային ուսումնական առաքելության էր մասնակցում, երբ այն վթարի է ենթարկվել չորեքշաբթի օրը՝ տեղական ժամանակով ժամը 21:00-ի սահմաններում։

Պաշտոնյաների խոսքով՝ զինվորները եղել են 160-րդ հատուկ նշանակության օդադեսանտային ավիացիոն գնդի կազմում։ Բանակի ներկայացուցիչները հայտնել են, որ ներկայումս իրականացվում են վերականգնողական աշխատանքներ, իսկ կործանման պատճառները հետաքննվում են։

Ըստ բանակի՝ գնդի առաքելությունն է կազմակերպել, հագեցնել և օգտագործել բանակային ավիացիան ամբողջ աշխարհում հատուկ գործողություններ իրականացնելու համար։

Հաղորդվում է, որ աղետը փոքր անտառային հրդեհ է առաջացրել, որն ուրբաթ առավոտյան հասել է 0,5 հեկտարի, հայտնել են Վաշինգտոնի բնական պաշարների դեպարտամենտից։ Գործակալությունը նշել է, որ հրդեհային ակտիվությունը «բավականին ցածր» է եղել, ուստի դեպքի վայրում մեկ հրշեջ մեքենա է աշխատել։

Բազան տեղակայված է Տակոմայից մոտավորապես 16 կիլոմետր հարավ և գտնվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի համատեղ բազայի շտաբի իրավասության ներքո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս