Ծանրորդ Աղասյանը գրավեց 6-րդ, Միրզոյանը` 13-րդ տեղը
Նորվեգիայի Ֆիորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 85 կգ քաշային կարգի «A» ենթախմբում Հայաստանը որևէ ներկայացուցիչ չուներ, սակայն մարզասերներն անհամբեր սպասում էին Աղասի Աղասյանի և Առաքել Միրզոյանի վերջնարդյունքին:
27-ամյա Աղասյանին հաջողվել է գրավել առաջին տեղը «B» ենթախմբում, իսկ Միրզոյանը 3-րդն էր «C» ենթախմբում:
Տղամարդկանց 85 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը երկամարտի ընդհանուր 372 կգ (168+204) արդյունքով նվաճեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ալեքսանդր Պիլիշենկոն: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին Ռումինիայի երկու ներկայացուցիչները. Գաբրիել Սինչռայանը 2-րդն էր երկամարտում 371 կգ (169+202) ընդհանուր արդյունքով, իսկ Գեորգի Չեռնին երրորդը՝ 358 կգ (165+193) արդյունքով:
Հայաստանի ներկայացուցիչ Աղասի Աղասյանը, ով երկամարտում 346 կգ (153+193) արդյունք ուներ, զբաղեցրեց 6-րդ տեղն ընդհանուր հաշվարկում: Առաքել Միրզոյանն էլ, ով ուներ 332 կգ (151+181) արդյունք, ընդհանուր հաշվարկում գրավեց 13-րդ տեղը:
Ապրիլի 15-ին մրցելույթ է ունենալու Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Պողոսյանը, ով կմրցի կանանց 75 կգ քաշային կարգի «A» ենթախմբում: