Պետք չէր սպասել, որ «Մարաղա 2» լինի
«Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում Մարաղայի կոտորածի 24-րդ տարելիցին կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել է, թե միջազգային շատ կազմակերպություններ, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանության հարցով, պետք է սատարեն հայկական կողմին, քանի որ հայկական կողմը պայքարում է ոչ միայն իր համար:
«Այսօր Մարաղան պարզապես օրինակ է: Եվ մենք ցանկանում ենք ցույց տալ, թե ինչպիսի կոտորածներ, մարդասպանություններ կարող են կատարել մեր հարևանները: Ես ցանկանում եմ իմ հարևանին տեսնել ժողովրդավար, առողջ և հարուստ, ինչպես մեզնից յուրաքանչյուրը իրական կյանքում կցանկանա տեսնել իր հարևանին: Պետք է նկատել, որ Ադրբեջանի նոր սերունդը իր առջեւ որպես հերոսի օրինակ ունի Ռամիլ Սաֆարովին: Սա վտանգավոր է, եւ ոչ միայն մեզ համար»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
Լարիսա Ալավերդյանի խոսքով, իր ադրբեջանցի գործընկերներն այդ ամենը գիտակցում են, պարզապես հիմա չեն կարողանում խոսել այդ խնդիրների մասին: «Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ իրավիճակում են: Ես չեմ կարող ընդունել այն, որ Ադրբեջանում բոլորը համաձայն են իրենց իշխանությունների նման քաղաքականության հետ: Բայց իրականությունն այն է, որ նրանք չեն կարող խոսել այդ մասին: Եվ սա մարդու իրավունքների ոտնահարման մեկ այլ տեսակ է:
Համեմատություններ ներկայացնելով Ադրբեջանի եւ Իսլամական պետության միջև՝ասեմ, որ Ադրբեջանը «Իսլամական պետության» գործելաոճն է կրկնում՝ կատարելով սպանություններ դրանք նկարահանում է և տեսնյութը տեղադրում է համացանցում: Սա նշանակում է, որ կատարվածը միայն օրենքի ոտնահարում չէ: Նրանք դա իրականացրել են հակառակ քաղաքակիրթ նորմերի, ինչպես դա անում է «Իսլամական պետություն»-ը»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը:
Միջոցառմանը ներկայացվեց «Մարաղա» ֆիլմը, որը պատմում էր 1992 թվականին Ադրբեջանի Զինուժի կողմից Մարաղայում իրականացրած ջարդերի մասին:
«Որքան էլ տխուր լինի, բայց պատմությունը կրկնվեց շատ արագ, և այդ հարցը ոչ թե արդիականությունը կորցրել է այլ, ընդհակառակը, նոր հնչեղություն է ստացել: Երևի թե, պետք չէր սպասել, որ «Մարաղա 2» լինի, որովհետև 6500 բնակչություն ունեցող նոր Մարաղա գյուղից այսօր կանայք և երեխաները տարհանված են և գյուղում մնացել են գյուղի պաշտպանները տղամարդիկ»,- ասաց նա:
Լարիսա Ալավերդյանը տեղեկացրեց, որ «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպությունը 1995-1996 թթ. ճշգրիտ հավաքագրել, ամբողջականացրել է 1992 թվականի գործողությունները մի փաթեթում: Այդ փաթեթում վկայություններ են, նյութական վնասի մասին տեղեկություններ են: Լարիսա Ալավերդյանը նշեց, որ փաթեթը հանձնել է ԼՂՀ իշխանություններին, վերջիններս էլ դրանք փոխանցել են միջազգային 3 կազմակերպությունների:
«Չնայած դրան՝ ցավով պետք է հայտնել, որ գործը դրանից առաջ չի անցել և ամեն ինչ ավարտվել է այդ փուլում, թեև գտնում եմ, որ այսօր ոչ միայն հնարավոր է այլ նաև պարտադիր է այդ գործը շարունակելլ»,-հավելեց Լարիսա Ալավերդյանը: