Բաժիններ՝

Տղա թոռս ծնվիլ ի՞

Հայ հեռուստադիտողը հարկավ գիտի, որ վերնագիրը հեռուստագովազդից է։ Գովազդում այդ նախադասությունը հեռախոսով ասում է «տատիկը» ու հետո գոռում` «ջան, ջան»։ Բայց ամեն ինչ ավելի վաղ էր սկսվել։ Գովազդից վաղ։ 1990-ականների երկրորդ կեսին ինչ-որ հասարակական կազմակերպություններ ու միջազգային կառույցներ մեր երկրում սկսեցին զբաղվել ընտանիքի պլանավորման խնդիրներով։

Վիրավորական էր, կամ պարզապես մենք իզուր վիրավորվեցինք։ Հայ հասարակությունը` որպես ամբողջություն, նեղվել էր, որ ջահել-ջուհուլ եվրոպացիներ եկել ու մեր հինավուրց ու իմաստուն ազգին բազմանալու խորհուրդն են բացատրում։ Հասարակության մի մասը կարծում էր, որ եվրոպացիներին իրենց բնորոշ մեծամտությունն է դրդում զբաղվել այդ խնդրով։ Իսկ մյուս մասը կարծում էր, որ դա հայ ընտանիքի ու ազգային ինքնության վերացմանն ուղղված միջազգային դավադրություն էր։ Հետո այդ ծրագրի կազմակերպիչներն աննկատ հեռացան Հայաստանից։ Հավանաբար` կարծելով, որ հասան իրենց նպատակին։

Բայց այն, որ ինչ-որ բան այն չէ ժողովրդագրության ու հատկապես բնակչության վերարտադրության ոլորտում` շատերն էին հասկանում։ Ոլորտի մասնագետները սկզբում ամեն ինչ բարդեցին արտագաղթի վրա։ Բնակչության վերարտադրության ոլորտում իսկապես բարդ ու, մեղմ ասած, բացասական գործընթացներ էին սկսվել։ Ծնելիության նվազումը բացատրվեց նրանով, որ երկրից հիմնականում արտագաղթում է վերարտադրության տարիքի բնակչությունը։ Բայց մասնագիտական վերլուծություններն ավելի բարդ երևույթներ էին արձանագրում` խիստ անհամամասնական էր դարձել նորածինների սեռը։

Երեք տարի առաջ ՀՀ Առողջապահության նախարարությունը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ ուսումնասիրություն պատվիրեց։ 2013-ին հրապարակվեցին այդ հետազոտության արդյունքները։ Շոկի մեջ էին բոլորը` կառավարող շրջանակներից մինչև հասարակական կազմակերպություններ։ Հաշվետվությունը սկսվում էր այս նախադասությամբ. «Վերջին տարիներին արված հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում առկա է հղիության` սեռով պայմանավորված արհեստական ընդհատման երևույթը»։

Երևույթի մասին բոլորը գիտեին։ Գիտեին, բայց մասշտաբները չէին պատկերացնում։ Այս երևույթն Արևմուտքում վաղուց էին արձանագրել։ Նունիսկ «պակասող կանայք» տերմինն էր դրվել շրջանառության մեջ։ Պարզվեց, որ Հայաստանում 2012թ. 114 տղա է ծնվել` 100 աղջկա դիմաց։ «Հայաստանում նորածինների սեռերի հարաբերությունը համարվում է աշխարհում արական սեռի նորածինների գերակշռության ամենաբարձր մակարդակներից մեկը»,- արձանագրում էին հետազոտությունն անցկացրած, կարծեմ, ֆրանսիացի գիտնականները։ Ամենաբարձրերից, ոչ թե ամենաբարձրը։

Բայց սա մխիթարություն չէր։ Որովհետև ամենաբարձրը Չինաստանում է արձանագրվել։ Այս երկիրը վաղուց է փորձում ադմինիստրատիվ մեթոդներով կարգավորել իր բնակչության «անզուսպ» աճը։ Իսկ մենք այդ խնդիրը չունենք։ Ավելին, տարեցտարի ուղիղ հակառակն է տեղի ունենում` պակասում է երկրի բնակչության թիվը։ Հայաստանում հղիության` երեխայի սեռի հետ կապված արհեստական ընդհատումներն ուսումնասիրողներն արձանագրեցին նաև, որ երրորդ և հաջորդ երեխայի դեպքում «100 աղջկան բաժին է ընկնում 160 տղա»։ Իսկ սա, պարզվում է, աշխարհում երբևէ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է։ 2013 և 2014թթ. հասարակությունը շատ էր խոսում այս երևույթի մասին։ Մտահոգված էին բոլորը։

Նույնիսկ խորհրդարանը ներքաշվեց քննարկումների մեջ։ Փորձագետներն ու առողջապահության ոլորտի կառավարիչներն առաջարկում էին հատուկ օրենքով սահմանափակել այն ժամկետը, երբ հղի կնոջն ու հարազատներին կարելի է ասել սպասվող երեխայի սեռը։ Որովհետև, ասենք, ի տարբերություն Հնդկաստանի, ուր ծնողներն աղջիկ երեխա ունենալուց խուսափում են սոցիալական պատճառներով, Հայաստանում սոցիալական վատ վիճակը չէ աղջիկ երեխայի դեպքում հղիության ընդհատման պատճառը։ Նախապես ներողություն խնդրելով բոլորից, ում կվիրավորի հաջորդիվ շարադրածս, ասեմ. նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանի մարզերում համահավասար ցուցանիշ չունի։

Մեր «ամենալուսավորյալ» Արագածոտնի ու Գեղարքունիքի մարզում տղա նորածինների գերակշռությունն ավելի բարձր է, քան Չինաստանում։ 124-ը` չինական 118 ցուցանիշի դիմաց։ Հիմա էլ շատ հասարակական կազմակերպություններ, մտավորականներ, նրանց թվում` նաև հոգևորականներ, փորձում են հասարակական լայն քննարկումներով գտնել ժողովրդագրական աղետի դեմն առնելու ելքը։ Ու հանկարծ երկրի ամենահարգված, ամենաբարեխիղճ կազմակերպությունը (կամ կազմակերպություններից մեկը, եթե երկրորդը գիտեք) «ՎիվաՍել»-ը, իր «Բարբառ» փաթեթային ծրագրի գովազդն անում է, մեղմ ասած, ամենաքարթու արժեհամակարգի խրախուսմամբ։

Գովազդում «տատիկը» հարցնում է «Տղա թոռս ծնվիլ ի՞» ու հետո գոռում` «ջան, ջան»։ Աղջիկ թոռի ծննդյան լուրը լսելու դեպքում, հավանաբար, կգոռար` «Յախկ, յախկ»։ Ու հետո դժվար թե կարողանայինք գովազդի խորհրդով` «Ջան ասեինք ու ջան լսեինք»։ Որ ի՞նչ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս