Չան-բուդդիստական ասույթների անտառ
Չան-բուդդիստական խրատաբանությունների այս դասական ծաղկաքաղի նախնական տարբերակը կազմել է 15-րդ դարում ճապոնացի դաստիարակ Տոյե Էյտյոն եւ պարզապես վերնագրել է «Ասույթների գիրք»: Այն պարունակում է մոտ հինգ հազար ասույթ-ասացվածք, որ ընտրված են բուդդիստական սուտրաներից, չինացի չան-բուդդիստ ուսուցիչների ժառանգությունից, ինչպես նաեւ կոնֆուցիոսական եւ դաոսական գրքերից եւ չին պոետների բանաստեղծություններից: Հետաքրքրական է ժողովածուի կոմպոզիցիան` ասույթները խմբավորված են ըստ նրանք կազմող հիերոգլիֆների` միավանկ բառերից սկսյալ: Այդպիսի տարօրինակ ֆորմալիզմի արմատները զուտ բուդդիստական են, եթե ողջ գոյողը պատրանք է, ապա ցանկացած ֆանտազիա ընտել իրականությունից բնավ էլ նվազ իրական չէ, եւ այդ պատճառով բառերի հանրամատչելի իմաստից կառչելը նույնպես մոլորություն է: Ուստի թույլատրելի է եւ նույնիսկ` նախընտրելի, գնահատել դատողությունները նրանց բովանդակությունից անկախ:
Ասույթներ մեկ բառով
Այսպես:
Ահա:
Նայիր:
Պարապություն:
Գնա:
Վերադարձիր:
Մնջանք:
Ասույթներ երկու բառով
Ինչի՞ համար:
Նայո՞ւմ ես արդյոք:
Ես չկամ:
Գողերը, գողերը:
Ամենայնը մոռացված է:
Ասույթներ երեք բառով
Մեկ, երկու, երեք:
Մի զույգ աչք:
Չանի մեկ բուրմունք:
Գնա թեյ խմիր:
Ոտքերիդ տակ նայիր:
Զուտ մի մտածիր:
Զրույց առանց թեմայի:
Ասույթներ չորս բառով
Սրտով խաղաղը վերափոխում է ճակատագիրը:
Իրագործիր մեծ եւ փոքր կարծիքները:
Մեկեն կլլեց ամենայն ինչ:
Անձրեւը լվանում է, քամին կոկում:
Հայացք նետեց` ամենայնը տեսավ:
Ժայռերը կործանվում են, քարերը` փշրվում:
Ձուկը պղտոր ջուր է սիրում:
Տեսար նապաստակին` արձակիր բազեին:
Լուսավորում է երկինքը, լուսավորում է երկիրը:
Գերազանցիր Բուդդային, գերազանցիր նահապետներին:
Փնտրել տիղմը, ջուրը թափելով:
Ճշմարիտ մարդն առանց դիրքի է:
Շատ դեղերից հիվանդությունը կսրվի:
Հիմարաբար համառը` համառորեն հիմար է:
Ասույթներ հինգ բառով
Մեկ բառը կբնութագրի բարձրագույն ճշմարտությունը:
Մեկ մտքի մեջ դարերի խորքն է:
Օձ նկարելիս, կամայաբար ոտք ավելացնել:
Դագաղի կափարիչի տակ աչքերը տեսունակ են:
Մեծ վարպետությունը նման է անկարողության:
Խլել կերակուրը հենց վագրի երախից:
Կյանքը եւ մահը` բռունցքում են:
Մեռյալ ջրում վիշապ չի ապրում:
Գարունը գալիս է` ծաղիկներն իրենք են աճում:
Երկաթյա կովը քարե ձու է ածել:
Հարազատ փոսում չկա օտար հող:
Ճերմակ ամպերը պարուրում են մենավոր բարձունքները:
Ողջ աշխարհում այդ անհնար է թաքցնել:
Շիտակ խոսքը շառագունած երեսից լավ է:
Բազմաբառ ասույթներ
Գորտը ցատկում է, սակայն զամբյուղից դուրս չի թռչի:
Եռացող ջրով կաթսայում պաղ տեղ չկա:
Լավ զրույցի մեջ ամեն ինչ չի ասվում:
Հմուտ վարպետը հետքեր չի թողնում:
Այն, ինչ բառերով անարտահայտելի է, անսպառ է գործողության մեջ:
Թանձր մառախուղը չի թաքցնում ծաղիկների բուրմունքը:
Ցասկոտ բռունցքը չի խփում ժպտացող դեմքին:
Ամենից դժվարը առանց անցքերի սրինգ նվագելն է:
Երբ թռչունները չեն երգում, լեռն առավել խաղաղ է:
Երկրորդ փորձը կես գրոշի արժեք էլ չունի:
Իմ ծիծաղի որոտմունքը սասանում է երկինքն ու երկիրը:
Երբ վրա հասնի մեծ մահը, կիրագործվի մեծ կյանքը:
Յուրաքանչյուր ձայն` Բուդդայի ձայնն է:
Յուրաքանչյուր ձեւ` Բուդդայի ձեւն է:
Փնտրել իմաստությունը քեզանից դուրս` ահա հիմարության գագաթնակետը:
Աշխարհի տասը սահմաններում չկան պատեր:
Ամրոցի չորս պատերում չկա դարպաս:
Չորացած ծառում վիշապի մռնչյունն է:
Հինավուրց գանգում բիբը պայծառ է:
Լավ առեւտրականը թաքցնում է իր հարստությունները եւ աղքատ է թվում:
Եղջերվի որսկանը չի տեսնում լեռը: Ոսկու սիրահարը չի տեսնում մարդկանց:
Հանդիպում եմ նրան, բայց չգիտեմ՝ ով է նա: Խոսում եմ նրա հետ, բայց չգիտեմ՝ ինչպես նրան դիմել:
Այնտեղ, ուր չի թափանցում ոչ լույսը, ոչ խավարը, կլոր տարին միեւնույն հրաշալի բնանկարն է:
Գետի խոխոջյունը գիշերով առավել լսելի է դառնում: Լերանց գույները մայրամուտին առավել պայծառ են շողում:
Տասը տարի ես չէի կարողանում գտնել տունդարձի ճամփան, իսկ այժմ մոռացել եմ, թե որտեղից եմ եկել:
Նա, ով մտածում է, թե պայծառ իմաստության տեր է, գնում է ավանակի առջեւից եւ ձիու ետեւից:
Արեւն ու լուսինը չեն կարող լուսավորել այդ ամբողջությունը: Երկինքն ու երկիրը չեն կարող ծածկել այդ ամբողջությունը:
Վերեւում` ոչ մի կտոր կղմինդր, որպեսզի գլուխդ ծածկի: Ներքեւում` ոչ մի կտոր հող, որպեսզի ոտքդ դնես:
Սալորենին անցյալ տարի, ուռենին` այս. նրանց գույնն ու բույրը նույնն է, ինչ որ հնում:
Անհատակի զամբյուղում հանդարտում է պայծառ լուսինը: Անմտության թավուտում ժողովվում է մաքուր քամին:
Չորացած ծառը, փթթող ծաղիկը` այսպիսի գարուն այս աշխարհի սահմաններից դուրս:
Անափ լայնարձակությունների հավերժությունը` լուսնի եւ քամու մեկ օրն է:
Իմ պատուհանի առջեւ միշտ միեւնույն լուսինն է: Սակայն կծաղկեն սալորենիները, եւ լուսինն արդեն այլ է:
Մազ մի՛ փնտրիր կրիայի պատյանի վրա եւ պոզեր` նապաստակի գլխին:
Ճշմարտությունն ինքնին չի ծածկի սուտը:
Ծուռը չի պատսպարի ուղիղը:
Խոսքը զրպարտանք է, լռությունը` սուտ:
Խոսքից եւ լռությունից անդին ելք կա:
Հաստատումով չի կարելի որեւէ բան հաստատել: Ժխտելով չի կարելի ոչինչ մերժել:
Մի նախադասության մեջ` կյանք եւ կործանում: Մի արարքի մեջ` ազատություն եւ ստրկություն:
Ճերմակ ամպերի թավուտում անտեսանելի են ճերմակ ամպերը: Գետի խոխոջյունի մեջ չի լսվում գետի խոխոջյունը:
Ներշնչելով, նա չի կենում ստվերների աշխարհում: Արտաշնչելով, նա չի դիպչում իրերի աշխարհին:
Երբ կրակ ես փնտրում, գտնում ես այն ծխի հետ մեկտեղ: Կամենալով տիրանալ լուսնի արտացոլանքին, քեզ հետ տանում ես մի լիքը դույլ ջուր:
Ես լիովին դեն եմ նետել կաշիս: Մնացել է սոսկ ճշմարիտ էությունը:
Բավ է, որ շուրթերը կամենան պատմել, եւ խոսքը մեռնում է: Բավ է, որ բանականությունը կամենա հասկանալ իր ակունքը, եւ միտքը մեռնում է:
Վայրի սագը ջրում հետք թողնելու ցանկություն չունի: Ջուրը մտադրություն չունի իր մեջ պահելու սագի արտացոլանքը:
Լուսնի շողը հասնում է լճակի խորքը, ջրում հետք չթողնելով: Բամբուկի ստվերն ավլում է առմուտքի աստիճանները, փոշեհատիկ անգամ տեղից չշարժելով:
Երբ բացում են աղաջրած ձկով սափորը, շուրջբոլորը ճանճեր են վխտում: Երբ սափորը պարպված է եւ լվացված, այն խաղաղ կենում է ստվերում:
Գորգի վրա ասեղնագործած բադերը կարելի է ցուցադրել այլոց: Սակայն ասեղը, որով նրանց ասեղնագործել են, ստեղծագործությունից անհետ գնացել է:
Կուրությունը` տեսողության պարզությունն է, խլությունը` լսողության նրբազգացությունն է, վտանգը` հանգստություն է, հաջողությունը` դժբախտություն:
Երբ խանդավառված ես, խանդավառվիր առավել եւս: Այնտեղ, ուր չկա խանդավառություն` կա խանդավառություն:
Հանգստության եւ կենտրոնացման համար պետք չեն լեռներն ու ջրերը: Երբ գիտակցությունը մահացած է, նույնիսկ կրակն է զովություն բերում:
Պարզամիտներն ու իմաստունները միատեղ են ապրում: Վիշապներն ու օձերը խառնիխուռն են կենում:
Չվերցնել այն, ինչ տրվում է երկնքից, կնշանակի՝ պատժել քեզ: Չգործել, երբ գալիս է ժամանակը, նշանակում է՝ կործանել քեզ:
Գարնանային օրը, լուսնյակ գիշերով գորտի կռկռոցը ողողում է ողջ աշխարհը եւ միավորում է ամենքին առ մի ընտանիք:
Որտեղ վերջանում են մտքի ուղիները, այնտեղ սկսիր մտածել: Այնտեղ, ուր բառերը դադարում են արտահայտել, այնտեղ սկսիր հայել:
Երբ վեր է թռչում մի փոշեհատիկ, նրանում առկա է ողջ երկիրը: Երբ բացվում է մի ծաղիկը, բացվում է ողջ աշխարհը:
Երբ լողում է ձուկը, ջուրն ավելի պղտոր է: Երբ ճախրում է թռչունը, փետուրները թափվում են:
Բառերից առաջ գոյող մեկ բառը չեն փոխանցի անգամ հազարավոր իմաստուններ: Մեկ թելը մեր աչքերի առջեւ չի կտրվի մի ողջ հավերժություն:
Ոսկե Բուդդան չի անցնի հալոցային կաթսայի միջով: Փայտե Բուդդան չի անցնի կրակի միջով: Կավե Բուդդան չի անցնի գետի միջով:
Սրբազան լեռան գագաթին խոտերն աճում են առանց արմատների: Չիմանալով գարնանային քամու մասին, ծաղիկները ծաղկում են մեն-մենակ:
Իմ ուղին փռված է ծովի երկնքից այն կողմ` այնտեղ, ուր ամպերն անդադար լողում են:
Երբ հավերը մրսում են` ցատկում են ծառի վրա: Երբ բադերն են մրսում` նետվում են ջուրը:
Լավ դարբնի մոտ երկաթե բեկոտվածքի սարեր են կուտակվում: Հմուտ բժշկի դռան մոտ հիվանդների ամբոխ է հավաքվում:
Մենավոր ժայռի կատարին նա սուլում է լուսնի տակ եւ անցնում է ամպերի միջով: Մեծ օվկիանոսի խորխորատում նա փոթորիկ է բարձրացնում եւ սահում է ալյաց վրայով:
Մանրամաղ անձրեւի տակ չես նկատում, թե ինչպես են թեւերդ թրջվում: Դաշտային ծաղիկները թափվում են գետնին, առանց ձայն իսկ հանելու:
Կան այնպիսիները, ովքեր գտնվելով ճանապարհին, չեն լքում տունը: Եվ կան այնպիսիները, ովքեր լքելով տունը, չեն գտնվում ճանապարհին:
Տասը տարի քո մահճում լոկ երազներ ես տեսնում: Կեսգիշերին լուսամփոփի առջեւ հանկարծ սլանում ես իրերից անդին:
Բողբոջ չունեցող ծառի վրա պտտվում են ոսկե փյունիկները: Ստվեր չնետող ծառի տակ պարում են հասպիսե փղերը:
Մոլեգին քամին չի սասանի լուսինը երկնակամարի ծայրին: Թանձր ձյունատեղումը վար չի կքի հնամենի սոճին:
Զանազան հեղինակների տարատեսակ ասույթներ կենաց բերկրանքի մասին
Ջրի մեջ լավ է հայել ծաղիկների արտացոլանքը: Բամբուկների մեջ լավ է հայել լուսնալույսի նետած ստվերները: Վարագույրի վրա լավ է տեսնել գեղեցկուհու ստվերը:
Կյանքում չես դադարում սիրել չորս բան` կապտաբիլ լեռները, հին ընկերներին, գրքերը գրադարանում եւ գեղեցիկ ծաղիկները:
Անդորրավետ օրը լեռներում` նույնն է թե՝ խուլ գիշերը: Վեհերոտ գարունը` նույնն է թե` աշունը լեռներում: Ջերմին օդը սարերում` նույնն է թե՝ զովաշունչ զեփյուռը: Պարզկա լուսայգը լեռներում` նույնն է թե՝ ամպամած օրը:
Պատուհանի առջեւ վսեմորեն հառնած անխռով քարը կարող է փոխարինել ամենահավատարիմ ընկերոջը: Դռան առաջ գորգի պես փռված վառվռուն ծաղիկները, միեւնույն է, չեն փոխարինի գեղեցկուհու բույրերը:
Երբ մագլցում ես բարձրագնա լեռները, մտնում ես թավ անտառը, քայլում ես գետեզերքին, ապա, նկատելով մեկուսի աղբյուրն ու պաճուճաձեւ մի քար, անպայման կհասնես դրանց, կնստես խոտերի վրա եւ կսկսես գինի ըմպել, եւ գինովցած, կերկարես վերմակի վրա եւ երջանիկ քնով կննջես: Ահա հոգու բերկրանքը:
Նա, ով կասկած չճանաչելով, պնդում է, թե գիտի, երեւի թե չունի ճշմարիտ գիտելիք: Նա, ով բերկրում է, տառապանքներ չապրելով, երեւի թե հասու չէ ճշմարիտ բերկրանքին:
Շա Չժանբայ (17-րդ դար)
Քաղաքային աղմուկի հմայքների մասին
Կա անտառային թավուտի եւ ծառերի աղմուկը, եւ կա քաղաքի աղմուկը, երբ թռչունները, կենդանիներն ու մարդիկ ապրում են կողք կողքի, լսվում է ձայների մեծ բազմազանությունը, երբ ունկնդրում ես կենդանիների ճչոցներն ու թռչունների ճռվողյունն անտառում, ակամա հասկանում ես, որ այդ ամենը մաքուր բերկրանքի ձայներն են` առանց պատճառի ու նպատակի: Իսկ քաղաքի աղմուկն ունի իր նշանակությունը: Մարդիկ հնչյուններ արտաբերելով, կամենում են ցույց տալ այն, ինչին տիրում են, կամ ստանալ այն, ինչն իրենք չունեն: Պեկինում օդը չոր է, եւ առեւտրականների ճիչերը հեռվից լսելի են: Օրնիբուն, ցանկացած եղանակին փողոցային առեւտրականները թափառում են ամենուր, առաջարկելով իրենց ապրանքները: Նրանք, ովքեր իշխանություն ունեն, վաճառում են իշխանությունը, իսկ նրանք, ովքեր փառք ունեն, վաճառում են փառքը: Արհեստավորներն ու գիտնականները, զինապարտներն ու կանայք` ամենքն առեւտուր են անում իրենց վարպետությամբ, իրենց ընկերությամբ, իրենց խելքով կամ իրենց գեղեցկությամբ: Նրանք բոլորը ցուցադրում են այլոց այն, ինչ ունեն, եւ կամենում են ձեռք բերել այն, ինչն իրենք չունեն: Կան նույնիսկ շշուկները խոր գիշերով, խուլ զրույցները փակ դռների ետեւում` խոսքեր առանց ձայնի, երգեր առանց բառերի, որոնք զանգերից ու թմբուկներից ուժգին են հնչում: Այդ անձայն հնչյունների նշանակությունը նույնն է, ինչ եւ առեւտրականների ճիչերինը, բայց իմաստը միշտ չէ նույնքան պատշաճ: Ավաղ, սոսկ փյունիկն է կարող թռչունների գեղգեղանքներից ներդաշնակություն արարել, սոսկ միեղջյուրը կարող է կարգի բերել կենդանիների ճիչերը, եւ սոսկ մեծ իմաստունն է ունակ բավարարելու մարդկանց ամենայն ցանկություններն այնպես, որպեսզի բոլոր մարդկային ձայները դառնան խնդության եւ խաղաղության հնչյուններ: Սակայն ճիշտ չէ մտածելը, թե մարդ պետք է գնա սարերն ու ճգնակեցությամբ ապրի` ախորժանք զգալով թռչունների երգերից եւ կենդանիների ճչոցներից: Յուրաքանչյուր ձայնի մեջ կա իր գեղեցկությունը:
Թարգմանությունը՝ Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆԻ
2010թ., «168 ԺԱՄ»