Երջանկություն. բարձրագույն կրթության նպատակի վերականգնման որոնումներում
Ըստ ծնողների բարեկեցության մասին մի ուսումնասիրության` բարձրագույն կրթությունը որքան կարևոր է ծնողների, նույնքան էլ` նրանց երեխաների բարեկեցության համար: Հետազոտության արդյունքները վկայում են, որ մայրերի և հայրերի կյանքի առաջնային հույսն ու բաղձանքը երեխաներին կրթված ու երջանիկ տեսնելն է: Ուստի լավ ծնող լինել նշանակում է երեխաներին տալ այնպիսի բարձրագույն կրթություն, որը կծառայի նրանց ավելի երջանիկ լինելուն: Ավելին, ծնողները, որ հաջողության են հասել այդ գործում, հոգեբանորեն ավելի երջանիկ են, քան նրանք, ում հաջողությունը չի ժպտացել: Սակայն, ի՞նչ է տեղի ունենում, երբ մարդը լավ կրթություն է ստանում երջանկության հաշվին: Սթրես, անքնություն, մենակություն, մտավոր խանգարում… սրանք համալսարանական ուսումնառությանն ուղեկցող տարածված երևույթներ են:
Քսաներորդ դարում կրթությունը հանրային առողջությունը երաշխավորող ամենաարդյուանվետ միջոցն էր: Սոցիոլոգները փաստել են, որ մարդու ֆիզիկական առողջության վրա կրթության դրական ազդեցությունն այնքան մեծ է, որքան ծխելու և քաղցկեղածինների նվասը: Որքան շատ մարդ կրթություն ստանա, այնքան երկրագունդը կլինի երկարակյաց ու առողջ: Միևնույն ժամանակ, քսաներորդ դարում ամերիկացիները գրանցեցին հայտարարագրված եկամուտների, ինչպես նաև երջանկության մակարդակի աճ:
Սակայն, 1970-ականները շրջադարձային ժամանակաշրջան էր Միացյալ Նահանգների համար. ազգային հարստությունն սկսեց այլևս դրականորեն չազդել մարդկանց առողջության ու երջանկության վրա: Արդեն գիտենք, որ 1970-ականներին ի հայտ եկած խնդիրը կապված էր հարստության անարդար բաշխման հետ: Այսօր աշխարհի ութսուն ամենահարուստներն այնքան հարստություն ունեն, որքան ողջ աշխարհի ամենաաղքատ բնակչության կեսը: Այդ ութսուն ամենահարուստներից երեսունհինգը ԱՄՆ քաղաքացիներ են. մենք ունենք հինգ անգամ ավելի շատ հարուստներ քան Գերմանիան կամ Ռուսաստանը, որոնք երկրորդ տեղն են զբաղեցնում հարուստների թվով՝ յուրաքանչյուրն ունենալով յոթական մարդ ամենահարուստների ցանկում:
Դեռևս չուսումնասիրված այլ հարցեր էլ կան, որոնք ավելի ու ավելի են բարդացնում անձնական եկամտի, ազգային հարստության, առողջության ու երջանկության հարաբերությունը: Օրինակ, օրըստօրէ աճում է ավելի շատ ու ավելի երկար աշխատող ծնողների քանակը, որոնք հազիվ են կարողանում հոգալ ընտանիքի հոգսը: Այսօր, անձնական եկամուտը ձեռք է բերվում ընտանիքին, համայնքին, ընկերներին հասանելիք ժամանակի հաշվին, մինչդեռ հե՛նց ընտանիքում, համայնքում ու ընկերների հետ անցկացրած ժամանակն է, որ մարդկանց երջանկություն է պատճառում: Ազգային հարստության աճին զուգընթաց, եկամուտների անհավասարությունը խորանում է անվստահության և անարդարության պատճառով, մինչդեռ վստահության ու արդարության շնորհիվ է, որ առավել շատ մարդիկ են իրենց երջանիկ զգում:
Վախենամ՝ նման մի բան էլ բարձրագույն կրթության հետ է տեղի ունենում: Վերջին տասնամյակներում համալսարանները հարստացել են: Սակայն ինչպե՞ս են բաշխվում նրանց եկամուտները: Ինչպե՞ս է օգագործվում այդ հարստությունը, ո՞րն է դրա արդյունքը, ի՞նչ է շահում դրանից բարձրագույն կրթությունը: Մի բան պարզ է. շատ համալսարաններ իրենց աճող եկամուտներից ընդամենը չնչին գումարներ են հատկացրել հանուն սեփական ուսանողների մտավոր առողջության ու երջանկության, փոխարենը՝ հսկայական գումարներ ծախսել տարբեր նվիրատվությունների, շենք-շինությունների ու գույքային հարմարությունների համար:
Մարդկանց պես էլ համալսարնները «մեծ խաբեության» զոհ են դարձել: Կապիտալիզմի հայր, Ադամ Սմիթն ասում էր, թե նյութական բարիքների, գույքի ու հարստության կուտակմամբ՝ հավերժ երջանկության հասնելուն հավատալը խաբկանք է: Խնդիրն այն է, որ, ինչպես մարդիկ, այնպես էլ հաստատությունները, արագորեն հարմարվում են նյութական նոր փոփոխություններին, ուստի նյութական ձեռքբերումների պատճառած հաճույքն արագ խամրում է:
Մարդիկ ձգտում են ավելին ունենալ՝ փոփոխության հակազդեցությունից դրդված` երջանկությունն ընկալելով ավելի լավ բանի ձեռքբերում: Մի այլ բան ցանկանալու հիմքում անբավարար երջանկությունն է, ինչպես նաև ավելի մեծ ակնկալիքներն և բարձր ստանդարտները: Դա մի անընդհատ պտտվող շրջան է. ավելի շատ եկամուտներ, ավելի շատ նվիրատվություններ ու շենք-շինություններ՝ ուսանողների, աշխատակիցների, դասախոսների երջանկության ու մտավոր բարեկեցության հաշվին: Բարի գալո՜ւստ մեծ խաբեության աշխարհ:
Ազգային հարստության աճին համընթաց ավելանում է զուտ տնտեսական առումով “հնարավոր լավագույն կյանքին” հասնող քաղաքացիների թիվը: Բայցևայնպես, որքան աճում է ազգային հարստությունը, նույնքան էլ նվազում է իմաստալից ու նպատակասլաց կյանքով ապրող քաղաքացիների թիվը:
Մեզանից շատերն այն կարծիքին են, թե համալսարններն էլ նույն կերպ են վարվում իրենց ուսանողների, աշխատակիցների և դասախոսների հետ՝ աչքաթող անելով կրթության ուղն ու ծուծը: Այսօր համալսարաններն ունեն անհրաժեշտ ռեսուրսներ՝ խթանելու հնարավորինս լավ կյանք ուսանողի համար, որը սակայն զուրկ է իմաստից: Ավելի շատ ռեսուրսներ ձեռք բերելով՝ մեր պետությունն ու համալսարանները դարձել են հակազդող հաստատություններ, որոնք զբաղված են խնդիրներ թիրախավորելով: Ավելի շատ ռեսուրսներ ունենալու նպատակը ծառայությունների ավելացումն է՝ հօգուտ հիվանդների ապաքինման:
Ապացույցը՝ մեր երկրում ու համալսարաններում մտավոր խանագրումների խնդիրն է: Այսօր ավելի շատ շտապօգնության մեքենաներ ենք կայանում ժայռի ստորոտին՝ մտածելով, թե դա է խնդրի ճիշտ լուծումը: Ես դեմ չեմ կարիքի մեջ հայտնվածներին բարձրակարգ օժանդակություն ցուցաբերելուն: Միակ ցանկությունս այն է, որ առավելագույնս աջակցենք ուսանողներին, որպեսզի նախ և առաջ չկոտրենք նրանց ոգին: Արդյո՞ք մենք տեր ենք կանգնում մեր առաքելությանը. այն է՝ աջակցել ուսանողների վսեմանալուն:
Վսեմանալ նշանակում է լավ զգացողությամբ լցվել այնպիսի կյանքի հանդեպ, որտեղ կարող ես խելամիտ գործել: Վսեմանալը համակցում է երջանկության մասին երկու անտիկ ավանդույթ: Առաջինը հեդոնական ավանդույթն է, երբ երջանկության իմաստը վայելքն է. որքա՞ն հաճախ է մարդն իրեն երջանիկ, բավարարված կամ կյանքով հետաքրքրված զգում: Երկրորդը էվդեմոնական ավանդույթն է, երբ լավ կյանքը բնութագրվում է մարդու՝ որպես անհատի ու քաղաքացու ներուժի զարգացմամբ: Արդյունքում՝
- Ձեր կյանքն ունի սլացք և իմաստ:
- Համարձակորեն մտածում և արտահայտում եք ձեր մտքերն ու կարծիքը:
- Համայնքի մաս եք կազմում, որի հանդեպ լցված եք պատկանելության զգացումով:
- Ունակ եք բերելու ձեր նպաստը աշխարհի կարևոր ու արժեքավոր հարցերին:
- Կարող եք ըմբռնել, թե ինչ է տեղի ունենում ձեր շուրջը, ձեր աշխարհում:
- Ընդունում եք այլոց:
- Ընդունում եք ձեզ՝ թերություններով հանդերձ:
- Ձեր շրջապատը նպաստում է, որ ավելի լավ մարդ դառնաք:
- Ջերմ ու վստահելի հարաբերություններ ունեք այլոց հետ:
Բարձրագույն կրթության բովանդակ նպատակը վսեմացած ուսանողություն ստեղծելն է: Երբ նրանք ստանում են բարձրագույն կրթության վկայական, նրանք պետք է՝
- Ավելի շատ կյանքով հետաքրքրված լինեն, քան երբ նոր էին բուհ մտնում:
- Ավելի լավ զգան իրենց կյանքի սլացքն ու իմաստը, քան երբ նոր էին բուհ մտնում:
- Զգան, որ իրենք ավելի լավ մարդիկ են, քան երբ նոր էին բուհ մտնում:
- Ավելի բաց լինեն այլոց ընդունելու հարցում, քան երբ նոր էին բուհ մտնում:
- Զգան, որ կարող են աշխարհին ավելի մեծ նպաստ բերել, քան երբ նոր էին բուհ մտնում:
- Իրենց ավելի շատ զգան համայնքի ու հասարակության անդամ, քան երբ նոր էին բուհ մտնում:
Այդ ուսանողներին կարող ենք անվանել վսեմացած, քանի որ նրանք իրենց վրա են կրում հեդոնական առնվազն մեկ և էվդեմոնական առնվազն վեց չափանիշ: Ուսանողների վսեմանալը խրախուսելուց շահում են թե՛ ծնողները և թե՛ բուհը. նվազում է բուհից դուրս մնացողների տոկոսը, կրճատվում ինքնասպանությունների քանակը, ինչպես նաև մտավոր խանգարումների ի հայտ գալու ռիսկերը:
Մի՞թե սա չէ բարձրագույն կրթության իմաստը: Ի՞նչն է խանգարում, որպեսզի բուհերը ձգտեն դրան: Ինձ թվում է` մեզ խանգարում է այն հանգամանքը, որ մեր բուհերը տեսադաշտից կորցրել են կյանքի իմաստը: Ցանկանում եմ վերաշարադրել Ջոն Լենոնի խոսքերը: Երեխա ժամանակ մայրը նրան ասել էր, թե կյանքի իմաստի երջանիկ լինելու մեջ է: Դպրոցում նրան շարադրություն էին հանձնարարել կյանքի իմաստը թեմայով: Նա ուղղակի գրել էր՝ «լինել երջանիկ»: Ուսուցիչը նրան պատասխանել էր, թե «հանձնարարությունը չես հասկացել», իսկ նա էլ՝ «դուք կյանքը չեք հասկանում»:
Բարձրագույն կրթությունն այլևս չի հասկանում կյանքի իմաստը: Այն չի արդարացնում ծնողների հույսն ու բաղձանքը. ծնողները ցանկանում են, որպեսզի իրենց երեխաները լինեն կրթված ու երջանիկ, այլ ոչ թե՝ կրթված՝ երջանկության հաշվին:
Կորի Քեյս, Էմորիի համալսարանի պատվավոր պրոֆեսոր
Անգլերենից թարգմանեց Անուշ Բեժանյանը
Աղբյուրը՝ Bringing Theory to Practice Newsletter, գարուն/ամառ 2015