Գիտության մեջ կանանց «շահերի պաշտպանը»՝ մի քանի բացահայտումների հեղինակ
Այսօր ներկայացնում ենք հայազգի գիտնական, ԱՄՆ Փրինսթոնի համալսարանի Մոլեկուլյար կենսաբանության ֆակուլտետի պրոֆեսոր Վիրջինիա Զաքյանին (Virginia A. Zakian)։
Վիրջինիա Զաքյանը Փրինսթոնի համալսարանի (Princeton University) Մոլեկուլյար կենսաբանության ֆակուլտետի պրոֆեսոր է։ Քոռնելի համալսարանում (Cornell University) ստացել է կենսաբանության ոլորտում բակալավրի աստիճան և PhD է ստացել կենսաբանության ոլորտում 1975 թվականին Յելի համալսարանի (Yale University) դոկտոր Ջոզեֆ Գելլի լաբորատորիայում կատարած հետազոտության համար։
1959թ. իր հետդոկտորական աշխատանքից երեք տարի անց նա սկսել է աշխատեցնել իր սեփական լաբորատորիան Սիեթլի Ֆրեդ Հաթչինսոնի Քաղցկեղի ուսումնասիրության կենտրոնում (Fred Hutchinson Cancer Research Center)։ 1987թ. սկսել է զբաղեցնել պրոֆեսորի պաշտոն։ 1995թ. միացել է Փրինսթոնի համալսարանի Մոլեկուլյար կենսաբանության ֆակուլտետին, որտեղ նրա հետազոտության առարկան քրոմոսոմների կառուցվածքն է և բազմացումը, կենտրոնանալով թելոմերների` քրոմոսոմների վերջույթների վրա։ Իր կարիերայի ընթացքում եղել է գիտության մեջ կանանց «շահերի պաշտպանը»։
Թելոմերները քրոմոսոմների վերջավորություններն են, որոնք կազմված են կրկնվող նուկլեոտիդներից և կատարում են պաշտպանական գործառույթ` խոչընդոտելով տարբեր քրոմոսոմների` իրար միաձուլվելուն։ Կյանքի ընթացքում թելոմերների երկարությունը կարճանում է` հանգեցնելով քրոմոսոմային վնասվածքների, բջիջների մահվան և ամբողջ օրգանիզմի ծերացման։ Ըստ հետազոտությունների` թելոմերների արհեստական երկարացումը դանդաղեցնում է ծերացման գործընթացը մկների և նեմատոդների (որդեր) մոտ։
Հայազգի գիտնական Վիրջինիա Զաքյանը երկար տարիներ ուսումնասիրում է թելոմերների կառուցվածքը և համարվում է այդ ոլորտի ամենահեղինակավոր գիտնականներից մեկը։ Որպես թելոմերների ուսումնասիրության մոդել` Վ. Զաքյանի լաբորատորիան օգտագործում է խմորասնկերին, որոնք միաբջիջ օրգանիզմներ լինելով` շատ հարմար են կենսաբանական հետազոտությունների համար։
Զաքյանն առաջին գիտնականն էր, ով ստեղծեց խմորասնկերի արհեստական քրոմոսոմ` սկիզբ դնելով թելոմերների ուսումնասիրման նոր մեթոդի, որն այսօր կիրառվում է բազմաթիվ այլ լաբորատորիաների կողմից։ Հայազգի գիտնական Վ. Զաքյանի լաբորատորիայում բացահայտվել են թելոմերների հետ փոխազդող սպիտակուցներ, որոնցից մեկը` Rap1-ը, կայունացնում է թելոմերի կառուցվածքը, իսկ մյուսը` Cdc13-ը, կապվում է թելոմերազ ֆերմենտի հետ և տեղափոխում թելոմերների վրա։ Թելոմերազը հատուկ ֆերմենտ է, որը երկարացնում է թելոմերները, և այն գործում է միայն մի քանի տեսակի բջիջներում` սեռական, ցողունային, քաղցկեղային։
Զաքյանի լաբորատորիան բացահայտել է նաև թելոմերների դիրքային ազդեցության երևույթը, որի ժամանակ ճնշվում է թելոմերների մոտ գտնվող գեների ակտիվությունը։ Զաքյանը նաև ցույց է տվել, որ գեների ակտիվության ճնշումը կախված է թելոմերների նուկլեոտիդային հաջորդականությունից։
Վիրջինիա Զաքյանի մեկ այլ հետազոտության արդյունքում պարզվել է, որ խմորասնկերի թելոմերները կարող են երկարացվել ոչ միայն թելոմերազ ֆերմենտի, այլ նաև գենետիկական ռեկոմբինացիայի միջոցով, որը քրոմոսոմների միջև ԴՆԹ-ի հատվածների փոխանակման երևույթն է։ Խմորասնկերն այս մեխանիզմն օգտագործում են նաև թելոմերների երկարացման համար։
Բացի նշված հայտնագործություններից, Զաքյանի լաբորատորիան բացահայտել է թելոմերազ ֆերմենտի ակտիվության փոփոխությունները խմորասնկերի զարգացման տարբեր շրջաններում, նկարագրել մեկ այլ ֆերմենտի` հելիկազի ճնշող ազդեցությունը թելոմերազի վրա։ Հետաքրքիր է, որ կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց մոտ հայտնաբերվել է մուտացիա հելիկազ ֆերմենտի գենի մեջ, և Վ. Զաքյանի նոր հետազոտությունների նպատակն է` բացահայտել այդ մուտացիաների դերը քաղցկեղի առաջացման մեջ։
Վիրջինիա Զաքյանը Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի հրավերով հաջորդ տարի մայիսին դասախոսությամբ հանդես կգա Հայաստանում։
Շարքը նախաձեռնել է ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող ՀՈՎԱԿԻՄ ԶԱՔԱՐՅԱՆԸ