Շոու դատավարություն է. Քաղաքական գործի առաջին առանձնահատկությունը գործադիրի ներգրավվումն է. Ամստերդամ

«Որպես միջազգային փաստաբան՝ այն դիրքորոշմամբ եմ հանդես գալիս, որ Սամվել Կարապետյանի գործն ակնհայտորեն քաղաքական է, և, որ ցանկացած դատավարություն, որ այստեղ տեղի է ունենում, փորձիցս ելնելով՝ կարող եմ ասել, որ կարող է համեմատելի լինել ինչ-որ ցուցադրական դատավարության հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց միջազգային հայտնի իրավաբան Ռոբերտ Ամստերդամը:

«Հայ ժողովրդին պետք է մտահոգի, որ նմանօրինակ դատավարությունը, որը նախաձեռնվել է գլխավոր դատախազի կողմից, որը սերտ կապեր ունի վարչապետի աշխատակազմի հետ, և ըստ երևույթին գլխավոր դատախազը մեղադրանքը հարուցել է՝ հիմնվելով օգտագործված բառերի սխալ մեկնաբանության վրա: Այն փաստը, որ սա չի շտկվել, և այս անձնավորությունն ազատ չի արձակվել, ինքնին ցնցող է, քանի որ ակնհայտ է, որ օգտագործված բառերի հիման վրա տրամաբանորեն չի կարելի հանգել եզրակացության, որ գլխավոր դատախազի կողմից առաջադրված մեղադրանքն օրենքի դատարանում երբևէ կարող է հիմնավոր ճանաչվել: Դա պարզապես անընդունելի է»,- շեշտեց նա:

Ամստերդամի խոսքով՝ քաղաքական գործի առանձնահատկությունը, ի տարբերություն իրավական գործի, այն է, որ գործադիր իշխանությունը ներգրավվում է. «Ժողովրդավարության մեջ միշտ պետք է լինի առանձնացում՝ քաղաքականության և քրեական հետապնդման գործառույթի միջև:

Այն փաստը, որ այս գործի շրջանակում առաջին հերթին, ըստ երևույթին, վարչապետը ոչ ճիշտ է լսել վստահորդիս արտահայտած բառերը, և երկրորդ՝ դրանից հետո նա ասել է բառեր, որոնք և՛ սպառնացող են, և՛ վիրավորական, օգտագործել բառեր, որոնցից բխում է, որ նա պետության ամբողջ իշխանությունը գործադրելու է Սամվել Կարապետյանի նկատմամբ, ամբողջովին չլսված բան է ազատ ժողովրդավար հասարակությունում: Երկրորդ՝ գլխավոր դատախազի մասնակցությունը ոչ նորմալ է: Երրորդ՝ ձերբակալման փորձի հանրային բնույթը, այն միտքը, որ մեծաթիվ ոստիկաններ են կիրառվում երկրի խաղաղասեր բարեգործի նկատմամբ, անընդունելի, աղաղակող, ամոթալի և ոչ բարոյական է»:

Կարդացեք նաև

Ըստ միջազգային փաստաբանի՝ Կարապետյանի ազատազրկումը վրեժխնդիր քաղաքական գործողություն է, որը տեղ չունի ժողովրդավարությունում.

«Հետո, այդ մեղադրանքին գումարում են «փողերի լվացում» արտահայտությունը, որը համընդգրկուն ձևակերպում է. դա իմ վստահորդի հետ որևէ առնչություն չունի, պարզապես ավելացնում է մեղադրանքը՝ փորձ կատարելով լեգիտիմություն ձեռք բերել: Շատ հաճախ, նման գործերի շրջանակում դիտարկում ես գործը քննող դատավորների պատմությունը: Ես կխնդրեմ, որ Հայաստանում գտնվողները դա դիտարկեն և գնահատեն, թե արդյո՞ք դատավորների ընտրությունը սովորական ընթացակարգով է, թե՞ առանձնահատուկ ձևով է արվել և արվում:

Իմ ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ սա քաղաքական գործ է, մենք տեսնելու ենք շոու-դատավարություն, և կառավարությունը պետք է վերագնահատի քաղաքական գինը՝ միջազգային հանրույթի շրջանակում: Ես կառավարությանը հավաստիացնում եմ, որ այս գործող իրենց վարքագիծը կներկայացվի իրենց բոլոր քաղաքական, տնտեսական գործընկերների ուշադրությանը: Մենք կհասցնենք նաև միջազգային իրավական հարթակներին այն անընդունելի գործելակերպը, որը տեղի է ունենում Հայաստանում. ՄԱԿ-ին, այլ կազմակերպություններին, որպեսզի նրանց ուշադրությանը ներկայացվի ոչ միայն քաղաքական բնույթն այս գործի, այլ նաև Եկեղեցու նկատմամբ հարձակումների համատեքստը»:

Նա շեշտեց, որ ՀՀ իշխանությունների կողմից եկեղեցու վերնախավի փոփոխության պահանջները խախտում են ոչ միայն ՀՀ Սահմանադրությունը, Կրոնի մասին օրենքը, այլ նաև ամենակարևոր հանգամանքը՝ եկեղեցու և պետության առանձնացումը, որը ժողովրդավարության համար հիմնարար նշանակություն ունի:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս