
Հութիները հայտարարել են Իսրայելում չորս թիրախի հարվածելու մասին

Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժումը չորս հատուկ գործողություն է իրականացրել՝ ուղղված իսրայելական ուժերի կենսական նշանակության թիրախների դեմ։ Այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։
Հութիների ռազմական խոսնակ, բրիգադի գեներալ Յահյա Սարին հայտարարության մեջ պարզաբանել է, որ Եմենի օդուժն իրականացրել է չորս ռազմական գործողություն Հայֆա, Նեգև, Ումմ ալ-Ռաշրաշ և Բիիր աս-Սաբաա շրջաններում՝ օգտագործելով վեց անօդաչու թռչող սարք։ Գործողություններն իրականացվել են Գազայի հատվածի ժողովրդի դեմ Իսրայելի կողմից ցեղասպանության և սովի ենթարկելու հանցագործություններին ի պատասխան։ Պաշտոնյայի պնդմամբ՝ հարվածները հաջողությամբ հասել են իրենց նպատակին։
Խոսնակը նշել է, որ հութիները «կշարունակեն աջակցող գործողությունները մինչև ագրեսիայի դադարեցումը և Գազայի հատվածի պաշարման վերացումը»։
Իսրայելի պաշտպանության ուժերը օգոստոսի 12-ին հայտնել են, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված անօդաչու թռչող սարք:
2023 թվականին Գազայի հատվածում հակամարտության մեկնարկից ի վեր հութիները սկսել էին թիրախավորել Իսրայելի տարածքը և խոչընդոտում էին հրեական պետության հետ կապված նավերի նավարկությունը Կարմիր ծովով և Բաբ էլ-Մանդեբի նեղուցով։ Հարձակումները դադարել էին 2025 թ. հունվարի կեսերին պաղեստինյան անկլավում հրադադարի հայտարարումից հետո, սակայն մարտի սկզբին հրադադարի խզումից հետո հութիները վերսկսել են Կարմիր ծովում իսրայելական նավերի, ինչպես նաև Իսրայելում տարբեր շրջանների թիրախավորումները՝ Իսրայելից պահանջելով դադարեցնել Գազայի շրջափակումը։