Բաժիններ՝

ՀՀ-ում սեպտեմբերի 1-ից մի շարք առարկաներ հին դասագրքերով կդասավանդվեն

Սեպտեմբերի 1-ից ավագ դասարաններում մի շարք առարկաներ հին դասագրքերով կդասավանդվեն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին կայացած ասուլիսի ժամանակ, News.am-ի փոխանցմամբ, հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։

«Բոլոր այն դասարաններում, որտեղ չափորոշիչը ներդրվելու է և այն դասարաններում, որտեղ արդեն իսկ ներդրվել է, սակայն դասագրքեր չէին հրապարակվել, հիմնականում բոլոր մրցույթները կայացել են, դասագրքերը տպագրվել են։ Մի մասն արդեն առաքվել և բաշխման փուլում է, իսկ մյուս մասը մինչև օգոստոսի 25-ը կառաքվի ու կբաշխվի։ Սակայն որոշ դասարաններում որոշ առարկաների դասագրքերի բացակայություն ունենք»,- հավելեց նա։

Սվաջյանը նշեց, որ նոր ուսումնական տարում որոշ առարկաներ ավագ դասարաններում կդասավանդվեն հին դասագրքերով։

Դրանք են.

«Հայոց պատմություն», «Քիմիա», «Կենսաբանություն»- 10-րդ, 11-րդ դասարաններ

«Հանրահաշիվ»- 11-րդ դասարան

«Ռուսերեն», «Բնագիտություն»- 11-րդ դասարան

«Ռուսերեն»- 10-րդ դասարան

ՆԶՊ- 9-րդ ու 11-րդ

«Ֆրանսերեն»- 5-11-րդ դասարաններ

«Բոլոր նշված առարկաները նշված դասարաններում դասավանդվելու են հին դասագրքերով, և դպրոցներն այս մասին շրջաբերականներ ստացել են, սակայն կստանան նաև ուղեցույցներ, որպեսզի հին դասագրքերի բովանդակությունը ադապտացնեն նոր չափորոշիչին»,- նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս