
Դպրոցներում կբարձրացվի ԲՏՃՄ առարկաների դասավանդման որակը. համալրվում են լաբորատորիաները

Հայաստանի դպրոցների մոտ 50 տոկոսն արդեն ունեն Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) լաբորատորիաներ։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ այս պայմաններում կարևոր է ապահովել նաև լաբորատոր նյութերի բավարար քանակը։ Այս մասին ԿԳՄՍ նախարարի տեղակալ նշեց՝ պատասխանելով ուսուցիչներից նախապես ստացված հարցերին:
«Այս ուղղությամբ մենք համագործակցում ենք համապատասխան գործընկերների հետ, որպեսզի դպրոցներին տրամադրենք աջակցություն լաբորատոր նյութերի ձեռքբերման և անհրաժեշտ նյութերի ցանկի ապահովման հարցում:
Նա հավելեց, որ առաջիկայում դպրոցները կստանան նաև մի շարք աջակցող նյութեր և միջոցներ, որոնք կօգնեն ավելի արդյունավետ կազմակերպել լաբորատոր աշխատանքները։ Դրանք կներառեն տեսադասեր տարբեր փորձերի անցկացման վերաբերյալ, ինչպես նաև հատուկ մշակված ուղեցույցներ՝ նշելով, թե որ դասարանում ինչ փորձ պետք է իրականացվի, ինչ նյութեր և սարքեր են անհրաժեշտ և ինչպես է պետք կազմակերպել փորձի կատարումը։
«Հուսով եմ, որ վերապատրաստումներից հետո այս աջակցող նյութերն էապես կբարձրացնեն ԲՏՃՄ առարկաների դասավանդման որակը և ուսուցիչներին կտան ավելի լայն հնարավորություն դասերն արդյունավետ կազմակերպելու համար»,- ասաց Սվաջյանը։
Նախարարի տեղակալը նաև անդրադարձավ կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին տրամադրվող խելամիտ հարմարեցումների ֆինանսավորմանը՝ ընդգծելով, որ կարևոր է, որպեսզի այդ միջոցները ծառայեն իրենց նպատակին և ապահովեն երեխաների լիարժեք մասնակցությունն ուսումնական գործընթացին։