
Հայաստանում շինարարության ծավալն առաջին կիսամյակում աճել է 18.5 տոկոսով

Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում՝ հունվար-հունիսին իրականացվել է 224 մլրդ 871.5 մլն դրամի շինարարություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 18.5 տոկոսով: Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշները:
Շինարարության ընդհանուր ծավալի 48.6 տոկոսը՝ 109 մլրդ 323.5 մլն դրամի, իրականացվել է կազմակերպությունների միջոցներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է 22.3 տոկոս: Բնակչության միջոցներով իրականացված շինարարությունը կազմել է ընդհանուր ծավալի 26.8 տոկոսը՝ 60 մլրդ 171.3 մլն դրամի՝ 2024-ի առաջին կիսամյակի նկատմամբ ավելանալով 18.6 տոկոսով: Իսկ պետական բյուջեի միջոցներով իրականացվել է ընդհանուր շինարարության ծավալի 20.6 տոկոսը՝ 46 մլրդ 447.1 մլն դրամի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 13.8 տոկոսով ավելի:
Համայնքների միջոցներով առաջին 6 ամսում իրականացվել է 8 մլրդ 295.6 մլն դրամի շինարարություն, որը կազմում է ընդհանուրի 3.7 տոկոսը, սա 11.8 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա առաջին 6 ամսում իրականացվածը:
Օտարերկրյա ներդրողների միջոցներով իրականացված շինարարության մասնաբաժինն ընդհանուրի մեջ թեև կազմում է ընդհամենը 0.4 տոկոս՝ 987.8 մլն դրամ, սակայն այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 2 անգամ:
Շինարարության ընդհանուր ծավալի գրեթե կեսը՝ 48 տոկոսն իրականացվել է մայրաքաղաք Երևանում՝ 107 մլրդ 907.9 մլն դրամի: Մարզերից որոշներում ծավալներն աճել են, որոշներում՝ նվազել: Օրինակ՝ Սյունիքում այս տարվա առաջին 6 ամսում իրականացված շինարարությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 96 տոկոսով՝ կազմելով 15 մլրդ 346 մլն դրամ, Արմավիրում աճել է 44.6 տոկոսով՝ կազմելով 17 մլրդ 869 մլն դրամ: Իսկ օրինակ Շիրակում նկատվել է 44.3 տոկոսով նվազում՝ կազմելով 5 մլրդ 204.8 մլն դրամ: Տավուշում առաջին կիսամյակում իրականացվել է 7 մլրդ 109.4 մլն դրամի շինարարություն, որը 2024–ի նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 18.9 տոկոսով: