Ռեյ Բրեդբըրիի «Մարսյան քրոնիկոնը»՝ Զավեն Բոյաջյանի թարգմանությամբ
«Անտարես» հրատարակչությունը շարունակում է աշխարհահռչակ գրողների ստեղծագործությունների հայերեն թարգմանության աշխատանքները: Հուրախություն համաշխարհային գրականության սիրահարների՝ հայերեն թարգմանության է պատրաստվում այս անգամ ամերիկյան նշանավոր ֆանտաստ գրող, ֆանտաստիկ ժանրի ստեղծագործությունների համար տրվող «Նեբյուլա» և «Հյուգո» գրական մրցանակների դափնեկիր Ռեյ Բրեդբըրիի «Մարսյան քրոնիկոնը»: Թարգմանությունը ստանձնել է «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարի նախաձեռնող, թարգմանիչ, կինոքննադատ Զավեն Բոյաջյանը, ով վերջերս Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» վեպի թարգմանական աշխատանքի համար արժանացավ ՀՀ նախագահի մրցանակին:
168.am-ը զրուցել է Զավեն Բոյաջյանի հետ:
– Զավեն, թարգմանական ի՞նչ գործի վրա եք աշխատում այս պահին:
– Հիմա աշխատում եմ Ռեյ Բրեդբըրիի «Մարսյան քրոնիկոնի» թարգմանության վրա, արդեն կիսով չափ թարգմանել եմ, դրանից հետո պետք է անցնեմ Բրեդբըրիի «Խատուտիկի գինուն»: Երկուսն էլ աշնանը պիտի պատրաստ լինեն տպագրության, իսկ Բրեդբըրիից հետո, մինչև հաջորդ տարվա հունվար-փետրվար ամիսները պլանավորել եմ թարգմանել Նաբոկովի «Լոլիտան»: Մի խոսքով, շատ ինտենսիվ աշխատում եմ:
– «Բրեդբըրիական» ժամանակներ են Ձեզ մոտ… Պատվե՞ր է հրատարակչության կողմից:
– Այո, «Անտարես» հրատարակչության կողմից, որի հետ ես համագործակցում եմ: Հրատարակչությունն ինձ ուղարկում էր Բրեդբըրիի տեքստերի թարգմանության տարբեր փորձանմուշներ, որոնք շատ թերի ու անլիարժեք էին, մանավանդ որ, Բրեդբըրին յուրօրինակ ու բավական բանաստեղծական ոճ ունի: Ի վերջո, մտածեցի՝ ավելի լավ է ես ստանձնեմ թարգմանությունը, քան թե ինչ-որ մեկի փչացրած տեքստը խմբագրեմ (քանի որ գիտեի՝ խմբագրելն իմ ուսերին է ընկնելու)՝ փորձելով քիչ թե շատ գոհացնող արդյունք ստանալ: Էդպես էլ սկսեցի թարգմանել: Եվ մեծ հաՃույքով աշխատում եմ:
– Ճի՞շտ հասկացա՝ սա պլանավորած թարգմանություն չէ՞ր Ձեզ համար:
– Ես պիտի թարգմանեի «Լոլիտան», բայց, փաստորեն, Բրեդբըրին առաջ ընկավ:
– Այս պարագայում հասկանալի է, իսկ առհասարակ ի՞նչ սկզբունքով եք ընտրում այն գործերը, որի թարգմանությունը ստանձնում եք:
– Ես ընդհանրապես գիտաֆանտաստիկ գրականության երկրպագու չեմ, բայց Բրեդբըրիի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունեմ: Մեծ գրող է, արտակարգ նրբազգաց ու խոր, ում դժվար է տեղավորել զուտ գիտաֆանտաստիկայի շրջանակներում, այդ շրջանակները շատ նեղ են նրա համար: Կոնկրետ Նաբոկովն ընտրել եմ «Արգելված գրքեր» մատենաշարի համար, քանի որ այդ մատենաշարի նախաձեռնողն եմ եղել՝ Միլերի «Խեցգետնի արևադարձ»-ով: Հիմա որոշակի պարտավորվածություն եմ զգում, որպեսզի մատենաշարի հրատարակությունը կանգ չառնի: Իսկ ընդհանրապես, եթե հրատարակչական պատվերը չի համապատասխանում իմ նախասիրություններին, երբեք չեմ ստանձնի տվյալ գործի թարգմանությունը, որովհետև պարտադրանքի կամ հարկադրանքի դեպքում դժվար է լավ արդյունք ստանալ, իսկ եթե գրողը կամ ստեղծագործությունը սրտովդ է, ինչպես սիրով ու ջանադրությամբ արվող ամեն մի գործ, արդյունքը շատ ավելի տպավորիչ է:
– Հրատարակչության կողմից եղե՞լ են կոնկրետ պատվերներ, որ մերժել եք:
– Բարեբախտաբար, «Անտարես» հրատարակչությունը հաշվի է նստում իմ նախասիրությունների ու ցանկությունների հետ, և, քանի որ վերջին տարիներին մեր շփումները բավական սերտ են, առաջարկում է ինձ սրտամոտ բաներ: Բացի Միլերի վեպից, Էկոն, Բրեդբըրին, Նաբոկովը հենց հրատարակչության առաջարկներն են եղել, դրանք իմ նախաձեռնությունը չեն: «Անտարեսը» ուշադրությամբ է վերաբերվում նաև իմ առաջարկություններին: Օրինակ՝ առաջիկայում կուզենայի Պազոլինիի գործերից թարգմանել հայերեն, և, երբ դրա մասին ասացի Արմեն Մարտիրոսյանին, նա Իտալիա կատարած իր վերջին ուղևորությունից ինձ համար բերեց Պազոլինիի հենց իմ ուզած վեպերը, շատ շոյված էի:
– Բրեդբըրի թարգմանելու ընթացքում բարդություններ առաջանո՞ւմ են Ձեզ մոտ:
– Բրեդբըրին թարգմանելու համար բարդ հեղինակ է: Նրա անգլերենը հեշտությամբ չի փոխադրվում այլ լեզուների: Ես սիրում եմ հարազատ մնալ հեղինակի լեզվամտածողությանն ու ոճին, իսկ սա իր հետ ամեն անգամ բերում է այդ հեղինակին հայերեն դարձնելու բավական բարդ խնդիրներ, որոնք էլ փորձում եմ հաղթահարել: Բրեդբըրին գրում է գեղեցիկ, երբեմն՝ նույնիսկ երգեցիկ անգլերենով, բանաստեղծական ու վճիտ շունչ ունի, փիլիսոփայական խորք և շատ մարդկային բովանդակություն: Հուսով եմ՝ կհաջողվի այս ամենի համաձուլվածքը ստանալ հայերեն:
– Զավեն, հետաքրքրվա՞ծ եք «Արգելված գրքեր» մատենաշարի թարգմանության արձագանքներով, տեղյա՞կ եք՝ ի՞նչ պահանջարկ ունի այն ընթերցողների շրջանում:
– Գիտեմ, որ Միլերի, Օրուելի, Շաֆաքի գործերը վատ չեն վաճառվում, իհա՛րկե, նկատի ունեմ՝ հայաստանյան չափանիշներով, քանի որ մեզ մոտ 500 օրինակով տպագրված գիրքը բավական երկար կարող է մնալ գրախանութների դարակներում: Դատելով արձագանքներից՝ որոշակի հետաքրքություն կա այդ մատենաշարի նկատմամբ:
– Ի՞նչ նոր պլաններ ունեք «Անտարեսի» հետ:
– Շատ կուզեի, որ «Անտարեսի» հետ կարողանայինք սկիզբ դնել նա «Բեմ» մատենաշարին՝ տպագրելով լավագույն դրամատուրգիա, հատկապես՝ թարգմանական, բայց առայժմ իմ զբաղվածության պատճառով դա ձգձգվում է: Հիմա «Անտարեսի» հետ փորձում եմ իրականացնել «Լիակատար Շեքսպիր» մատենաշարը, որը վերջապես առաջին անգամ ի մի կբերի Շեքսպիրի ժառանգությունը հայերեն, քանի որ մինչ օրս կան նաև անտիպ շեքսպիրյան թարգմանություններ, իսկ մեծ մասը տպագրվել է տասնամյակներ առաջ: Արդեն երկու գործ տպագրել ենք, այս տարի տպագրության եմ պատրաստել ևս չորս գործ, ընդ որում, «Միջամառային գիշերվա երազը»՝ Խաչիկ Դաշտենցի թարգմանությամբ, որը 70-ականներից ի վեր մնացել է անտիպ: Այս մատենաշարը կազմված կլինի 39 գրքից, բոլոր թարգմանությունները կտպագրվեն ժամանակակից ստանդարտներին համապատասխան, նոր խմբագրությամբ և հանգամանալի ծանոթագրություններով:
– Վերջերս Ձեր թարգմանական աշխատանքը պետական մակարդակով խրախուսանքի արժանացավ, նկատի ունեմ Նախագահի մրցանակը: Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում առհասարակ նման կոչումներին:
– Ինչ խոսք, շատ հաճելի է, երբ աշխատանքդ գնահատանքի է արժանանում, բայց իմ խորին համոզմամբ, որևէ ստեղծագործության կենսունակությունը մրցանակները չէ, որ վավերացնում են, այլ կոնկրետ գրական գործի դեպքում՝ ընթերցողի հետաքրքրությունն ու գրքի պահանջվածությունը: Էկոյի վեպը, կարծում եմ, կարևոր էր ունենալ հայերեն, քանի որ 20-րդ դարի գրականության կարևոր վեպերից է, պոստմոդեռնիզմի կոթող: Այն հանգամանքը, որ դրա թարգմանությունը նման ուշադրության արժանացավ, ինքնին ուշագրավ է, այս առումով կարևոր չէ՝ թարգմանությունը ով է արել: Կարևորն այն է, որ առաջին անգամ թարգմանական գործը նման պարգևի արժանացավ: Սա ես ընկալում եմ այն ասպեկտով, որ արժևորվեց թարգմանության առանձնահատուկ կարևորությունը մեզ համար, մեր գրական դաշտի համար: Հուսով եմ, որ առաջիկայում լավագույն թարգմանական գրքերը կշարունակեն նման խրախուսանքի արժանանալ:
– Ի՞նչ նորություն սպասենք Ձեզնից կինոքննադատության բնագավառում:
– Դե, հիմա կինոյի համար ավելի քիչ ժամանակ է մնում: Ավանդաբար ամեն տարի աշխատոււմ եմ «Ոսկե Ծիրանի» և «Հայակի» կատալոգների վրա, երկուսի խմբագիրն էլ ես եմ: Դե դու լավ տեղյակ ես, թե ինչ ծավալուն ու մանրակրկիտ աշխատանք է պահանջում այդ գործը: Առաջիկայում նպատակ ունեմ տպագրության պատրաստել համաշխարհային կինոյի այս կամ այն առումով նշանակալից ֆիլմերի գիրք, որտեղ ի մի կբերեմ իմ կինոքննադատական տեքստերը, որոնցով ժամանակին ֆիլմեր եմ ներկայացրել «8 ½» հեռուստատեսային հաղորդաշարով: