Թուրքիայում Ղուրանը հրատարակել են հայերենով
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Կրոնական հարցերով վարչությունը (Դիյանեթ) Ղուրանը հրապարակել է հայերենով: Այն տպագրվել է 4000 օրինակով: Ընդգծվում է, որ այն թարգմանվել է արևմտահայերենով ու արևելահայերենով:
Դիյանեթի՝ կրոնական հրապարակումների գծով գլխավոր տնօրեն Յուքսել Սալմանը հայտարարել է. «Մենք հուսով ենք, որ իսլամին ու Ղուրանին անծանոթ մարդիկ կկարողանան այս թարգմանության միջոցով ծանոթանալ իսլամի գթասրտության հետ»:
Սալմանը հայտարարել է, որ Ղուրանի հայերեն տարբերակի թողարկման աշխատանքները տևել են 4 տարի, որոնցից 2.5 տարին կազմել են թարգմանությունները: Նախագծի վրա աշխատել են Դիյանեթի փորձագետներն ու Թուրքիայի համալսարանների աստվածաբանական ֆակուլտետների պրոֆեսորները:
Ընդգծվում է, որ սա Դիյանեթի կողմից Ղուրանի թարգմանության առաջին դեպքը չէ: Ավելի վաղ այն թարգմանվել է իսպաներեն ու քրդերեն: Սալմանի խոսքերով՝ պլանավորված է Ղուրանը թարգմանել ևս 15 լեզվով: