«Արևմուտքը պետք է հիշի, որ Ղարաբաղը և դե ֆակտո պետությունները չեն ցանկանում կտրված մնալ Արևմուտքից». Լոուրենս Բրոյերս
Հարցազրույց անգլիացի քաղաքագետ, Լոնդոնի Արևելյան և Աֆրիկյան ուսումնասիրությունների դպրոցի Ժամանակակից Կենտրոնական Ասիայի և Կովկասի կենտրոնի գիտաշխատող Լոուրենս Բրոյերսի հետ
– Պարոն Բրոյերս, ուկրաինական ճգնաժամին զուգահեռ` նախորդ տարվա ամռանից Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մտել է շատ ավելի վտանգավոր փուլ, քան անցած երկու տասնամյակներն էին։ Ի՞նչ գործոններով եք Դուք պայմանավորում հակամարտության գոտում լարվածության աննախադեպ աճը։
– Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բախումների և միջադեպերի հաճախակիացումն ու բնույթի փոփոխությունն ունի տարբեր բացատրություններ։ Հարկ է ընդգծել, որ դրանց մասին սկսել են շատ ավելի հաճախ տեղեկատվություն տրամադրել, քան նախկինում, թեև հրադադարի խախտումներ եղել են գրեթե միշտ։ Նման հաղորդագրությունները կենտրոնական տեղ են զբաղեցնում հաշվետվություններում, ես դեռ չեմ հաստատում, որ չկա բախումների ինտենսիվացում, այստեղ կա և՛ ռազմական, և՛ տեղեկատվական ռազմավարություն։ Երկրորդ` շփման գծում միջադեպերը կարող են անհրաժեշտ նախադրյալ դառնալ վերազինման համար։ Ինտենսիվ վերազինման պայմաններում ռեսուրսների ցուցադրությունը պետք է դիտարկել` որպես մի քայլ, որն ուղղված է հասարակական սպասումների բավարարմանն այն տեսանկյունից, որ ռազմական ներդրումները ծառայում են իրենց նպատակին։
Երրորդ` շփման գծում իրավիճակն անդրադառնում է նաև հակամարտող երկրների ներքին քաղաքականության վրա, և դա կարող է նաև դիտարկվել` որպես տարածաշրջանային զարգացումներին արձագանքի մի մաս, որոնց արդյունքում գահընկեց արվեցին կայուն կառավարություններ։ Կորուստներն ու սպառնալիքների բարձր մակարդակը, որը բխում է հակամարտությունից, բեկում է մարդկանց ուշադրությունը քաղաքական լճացումից, կառավարման խնդիրներից, սոցիալական արդարության պակասից և կարող է ստիպել լռել ցանկացած ընդդիմության։
Յուրաքանչյուր կողմ կարող է ունենալ իր սեփական դրդապատճառները։ Ադրբեջանի համար, որը ստատուս-քվոյի թշնամին է, նման գործոն է հիասթափությունը, ՊՆ ղեկավարության փոփոխությունը և այն զգացումը, որ շփման գծում միջադեպերը և դրանց միջազգային արձագանքները կարող են բանակցային գործընթացում փոխել ուժերի հավասարակշռությունը` հօգուտ Ադրբեջանի։ Հայկական կողմի կամ կողմերի համար, որոնք կողմ են ստատուս-քվոյին, դա միջոց է ստատուս-քվոն պահելու և ադրբեջանական ոտնձգություններին պատասխանելու համար։ Գործնականում դա հանգեցնում է ռազմական գործողությունների շփման գծում միջադեպերի աճի` ևս, ինչպես նախորդ տարի, երբ ադրբեջանական կողմը հայկական ուղղաթիռ ոչնչացրեց։ Բոլոր կողմերը ներգրավված են պատասխան հարվածների մի անվերջանալի շղթայի մեջ, որը բարդ է վերահսկելը։
– Կա նաև Ռուսաստանի գործոնը, որը, ըստ մի շարք փորձագետների, ապակայունացնող դեր ունի, քանի որ հակամարտող կողմերին սպառազինություն մատակարարելով` Ռուսաստանն ուղղակիորեն խթանում է այդ զենքի կիրառությունը հակամարտության գոտում` ոչ միայն կողմերին իր ազդեցության գոտում պահելու, այլև` Արևմուտքին «պատժելու» նպատակով։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանն ամրապնդում է իր դիրքերն Աբխազիայում և Հարավային Օսեթիայում տարատեսակ ինտեգրացիոն բնույթի պայմանագրեր վավերացնելու միջոցով։ Ինչպե՞ս պետք է Արևմուտքն արձագանքի տարածաշրջանում Ռուսաստանի հարուցած անկայունությանը, ինչպե՞ս պետք է փորձի չեզոքացնել սպառնալիքները։
– Կարծում եմ, որ այստեղ երկու հարց կա։ Առաջին հարցն այն է, թե արդյո՞ք կա անհրաժեշտություն Եվրոպայի անվտանգության նոր ճարտարապետության մեջ թարմացնել կամ փոփոխել Հելսինկյան Եզրափակիչ ակտը։ Երկրորդ հարցը` արևմտյան գերտերությունները հնարավոր համարո՞ւմ են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների միջոցով անվտանգության նոր ձևաչափին անցնելը։ Ինձ թվում է, որ արևմտյան երկրներում չկա կոնսենսուս առաջին հարցի վերաբերյալ, ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա շատ երկրներ հակված են բացասական պատասխանի։ Կոնսենսուսի բացակայությունը հանգեցնում է սառը պատերազմի գաղափարների և կարծրատիպերի վերածննդի։
Ինչ վերաբերում է դե ֆակտո գոյություն ունեցող երկրներին` Աբխազիային, Հարավային Օսեթիային, Մերձդնեստրին, Լեռնային Ղարաբաղին, ապա արևմտյան գերտերությունները պետք է հիշեն, որ այս երկրներում չեն ցանկանում մեկուսացված և կտրված մնալ Արևմուտքից։ Մենք պետք է հնարավորության դեպքում այս երկրների բնակչությանը ներգրավենք և շփվենք նրանց հետ։ Հենց այդ սկզբունքով ես կարծում եմ, որ լուրջ սխալ կլիներ Հայաստանին «պատժել» ԵՏՄ անդամակցության համար` կտրելով տրվելիք աջակցությունն ու կրճատելով նրա մասնակցությունն Արևմտյան կյանքին։